Մինսկի կենտրոնում նոր ձերբակալություններ են սկսվել.
Արխիվ 16-20
Մինսկում՝ մետրոյի «Պուշկինսկայա» կայարանի տարածքում, ներքին զորքերը սկսել են ձերբակալել ենթադրյալ ցուցարարներին, հայտնում է РИА Новости-ն։
Նշվում է, որ ներքին զորքերի զինվորները հետ են մղել ցուցարարներին։ Աստիճանաբար քաղաքի կենտրոնում մարդիկ ավելի ու ավելի են շատանում, սակայն ուժայինները փորձում են խանգարել նրանց հավաքվել մի վայրում։
Զինվորականները զինված են ռետինե փամփուշտների համար նախատեսված հրացաններով և լուսաձայնային նռնակներով, սակայն առայժմ դրանք չեն կիրառվում։
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Բելառուսում սկսվել են օգոստոսի 9-ին: Նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո քաղաքացիներն ու ընդդիմության կողմնակիցները են դուրս եկել փողոց՝ արտահայտելու իրենց դժգոհությունը իշխանությունների և ընտրակեղծիքների դեմ: Որոշ վայրերում բողոքի ակցիաները վեր են ածվել փողոցային անկարգությունների: Կան բազմաթիվ ձերբակալվածներ և վիրավորներ:
Ըստ պաշտոնական տվյալների՝ ցուցարարներից մեկը մահացել է, երբ պայթուցիկ սարքը պայթել է ձեռքում: Իրավապահները բերման են ենթարկել շուրջ 3000 մարդու, ում սպառնում է 8-15 տարվա ազատազրկում զանգվածային անկարգություններ հրահրելու և իրավապահների դեմ ուժ կիրառելու համար: Ըստ ԿԸՀ-ի տվյալների` ընտրություններում հաղթող է դարձել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավաքելով ձայների ավելի քան 80 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան ստացել է ձայների 10 տոկոսը: