Գլխավոր դատախազը ձե՞ռք է առնում ժողովրդին
Արխիվ 16-20
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են քննչական բոլոր մարմինների վարույթում քննվող քրեական գործերով պետությանը և համայնքներին պատճառված վնասների բացահայտման, պատճառված վնասների վերականգնման, ինչպես նաև պատճառված վնասների վերականգնումն ապահովելու նպատակով կիրառված միջոցների կիսամյակային արդյունքները:
Ըստ ներկայացված տեղեկատվության, 2020 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ իրավասու մարմինների վարույթներում եղած թվով 1283 քրեական գործերով հարուցման պահին արձանագրվել է հանցագործությամբ պետությանը և համայնքներին պատճառված նախնական հարշվարկով 214․782․710․692 ՀՀ դրամի վնաս, որից 204․685․121․146 դրամը հանդիսացել է պետությանը, իսկ 10․097․589․546 դրամը՝ համայնքներին պատճառված վնասը:
Քրեական գործերի նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննությունների կամ այլ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում վերը նշված ընդհանուր վնասից արդեն իսկ հաստատվել է 128․870․997․477 ՀՀ դրամը, որից 127․428․746․833 դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնասը, 1․442․250․644 դրամը՝ համայնքներին։
Նույն ժամանակահատվածում արձանագրված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է 24.906.055.052 դրամը։
Վերը նշված թվով 1283 քրեական գործերի նախաքննության ընթացքում հանցագործություն կատարած ենթադրյալ անձանց թիվը հունիսի 30-ի դրությամբ կազմել է 873 անձ, որոնցից 529 անձի արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել, կամ՝ որոշում կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
Կարճ ասած, Գլխավոր դատախազը փորձում է ցույց տալ, թե տեսեք, ինչ լավ եմ աշխատում։ Սակայն այստեղ մի քանի պարզ հարցեր կան։ Սկսենք նրանից, որ դատախազության նման բացահայտումները դեռ հիմք չեն, որի իրոք մոտ 215 միլիարդ դրամի թալան է հայտնաբերվել։ Դա պետք է, ամենակարեւորը, դատարանը հաստատի։ Ու հենց այստեղ է, որ բախվում ենք ամենագլխավոր հարցին․ իսկ վերջին 2-2,5 տարվա ընթացքում քանի՞ աղմկահարույց գործով են մեղադրյալները դատարանով մեղավոր ճանաչվել ու դատապարտվել։ Այո, զրոյական կարգի։ Մինչդեռ այս ընթացքում աղմկոտ մեղադրանքների, հայտնի անունների, հարյուրավոր միլիարդների թալանի մասին խոսակցություններն ամենօրյա ռեժիմով են հնչել։ Վերջապես, դատախազությունը կարողացե՞լ է ժողովրդին ցույց տալ, որ այդ բոլոր գործերի տակ իրականում օրենքն է դրված, եւ ոչ թե քաղաքական կամ մարդկանց ունեցվածքը խլելու հաշվարկները․ իհարկե՝ ոչ։
Եվս մեկ հանգամանք։ Բերենք այս օրինակը․ տարեսկզբին Նիկոլը հանրաքվե էր անում։ Պետության գրպանից հսկայական փողեր ծախսեցին, հետո հանրաքվեն չեղարկեցին, ու պետության փողերը գնացին-կորան։ Դատախազությունը պարզե՞լ է․ թե ովքեր, ինչպես եւ ինչու նման վնաս հասցրեցին պետությանը․ ոչ, այս ուղղությամբ որեւէ քննություն չկա։ Հաջորդը․ թե ինչ փողեր են ծախսվել կորոնավիրուսի դեմ պայքարի անվան տակ, արդեն դժվար է անգամ հաշվել։ Օրինակ, միլիարդներ ծախսեցին, թե՝ վարակվածներին կարանտինում ենք պահում, սակայն հետո հրաժարվեցին կարանտինից, իսկ վարակի դեմն այդպես էլ չառան։ Ֆիքսենք, խոսքը տասնյակ միլիարդների մասին է, որոնց զգալի մասը ծախսված է, մեղմ ասած, ոչ էֆեկտիվ, զգալի մասն էլ ծախսել են այնպիսի ուղղություններով, որոնցից կոռուպցիայի հոտը կիլոմետրերից կարելի է առնել։ Դատախազությունը որեւէ քայլ այս ուղղությամբ արե՞լ է․ ոչ։
Դատախազությունը փորձե՞լ է պարզել, թե այդ ինչու են պետական պաշտոնյաները ամսեկան ռեժիմով իրենց հսկայական պարգեւատվություններ նշանակում ու պետության գումարները գրպանները դնում։ Այն դեպքում, երբ որեւէ պաշտոնյա (միգուցե կան չնչին բացառություններ) պարգեւի արժանի ոչինչ չի արել․ վկայությունը մեր երկրի խայտառակ սոցիալ-տնտեսական վիճակն է։ Խոսքը նորից տասնյակ միլիարդների մասին է, եւ էլի դատախազություննից ձայն ու ծպտուն չկա։ Եվ այսպես շարունակ, բազում նման դրվագներ կարելի է թվարկել։
Մի խոսքով, որ դատախազությունը մնում է իշխանության քմահաճույքները կատարող օղակ, հազիվ թե որեւէ ողջամիտ մարդ կասկածի։ Իսկ երբ սրանից հետո խոսում են հարյուրավոր միլիարդների թալանի բացահայտման մասին, սա արդեն ժողովրդին ծաղրելու է նման։
Ս․Աբրամյան