Սեւրի ոդիսականը
Արխիվ 16-20
Ուղիղ 100 տարի առաջ այս օրը՝ 1920 թ օգոստոսի 10-ին Սեւրում (Փարիզի մոտ), ստորագրվեց պատմական հաշտության պայմանագիրը Թուրքիայի սուլթանական կառավարության եւ 1914-18 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների եւ սլովենների թագավորություն, Հեջազ) միջեւ: Հայաստանի Հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ։ Նա եւ արեւմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար ՊՈՂՈՍ ՆՈՒԲԱՐԸ գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքերի, դիվանագիտական եւ առեւտրական հարաբերությունների վերաբերյալ։ Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։
Սեւրի հաշտության պայմանագրի հիմքում դրվել էին 1916 թ. Սայքս-Պիկոյի պայմանագրի դրույթներն ու տերությունների 1920 թ. Սան Ռեմոյի կոնֆերանսի որոշումները։ Պայմանագիրը բաղկացած էր 97 մասից եւ 578 հոդվածներից, որոնք վերաբերվում էին սահմանային եւ քաղաքական, փոքրամասնությունների պաշտպանության, ռազմական, ծովային եւ օդային գերիների ու պատիժների, տնտեսական եւ ֆինանսական, օդային նավագնացության, ջրային եւ երկաթուղային ճանապարհների, աշխատուժի հարցերին։ Սեւրի հաշտության պայմանագրի համաձայն՝ Թուրքիային մնում էին Կոստանդնուպոլիսը եւ շրջակայքը, ապառազմականացվում էին նեղուցները եւ դրվում էին միջազգային կառավարման ներքո։ Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից Թրակիայի նկատմամբ, Էգեյան ծովի կղզիներից, Կիպրոսից, Եգիպտոսից եւ արաբական տիրույթներից։ Հունաստանը կառավարելու էր Իզմիրն ու նրա շրջակայքը եւ կարող էր տիրել այդ տարածքին, եթե դա ցանկանար բնակչության մեծ մասը։ Ասիական Թուրքիան սեղմվում էր մինչեւ Արեւմտյան Անատոլիայի սահմանը։ Հեջազը անկախություն էր ստանում, իսկ Եգիպտոսը, Պաղեստինը, Սիրիան ու Միջագետքը (Իրաք) Ազգերի լիգայի միջոցով, որպես ենթամանդատային տարածք, հանձնվում էին Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային։ Սեւրի հաշտության պայմանագիրը շատ առումներով հեշտացնում էր Մերձավոր Արեւելքի շարունակվող շահագործումը եվրոպական տերությունների կողմից եւ ուղի էր հարթում լրացուցիչ վարչական, իրավաբանական, ռազմական ու տնտեսական վերահսկման համար։
Ինչ վերաբերում է պայմանագրի Հայաստանի բաժնին՝ Սեւրի հաշտության պայմանագրում այն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները։ Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջեւ սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը եւ ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես եւ բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու եւ հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։ Ադրբեջանի եւ Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով։ Եթե այդ պետություններին չհաջողվեր համաձայնության գալ, ապա գլխավոր դաշնակից տերությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ հանձնաժողովի օգնությամբ՝ տեղում։
Սեւրի հաշտության պայմանագրի համապատասխան հոդվածները թույլատրում էին բնակչության կամավոր փոխադրում, տասնութից բարձր տարիք ունեցող անձինք կարող էին քաղաքացիություն ընտրել տարածաշրջանի մի այլ երկրոււմ՝ համապատասխան իրենց ազգության կամ կրոնական պատկանելիության, որտեղ նրանք մեծամասնություն էին կազմում։ Այդ մարդիկ պահպանում էին իրենց իրավունքը անշարժ գույքի նկատմամբ, բայց պարտավորվում էին մեկ տարվա ընթացքում իրենց շարժական գույքը փոխադրել այն երկիր, որն ընտրել էին։ Անօրինական էր հայտարարվում լքյալ գույքի մասին օսմանյան կառավարության 1915 թ. օրենքը։ Թուրքիայում մնացող փոքրամասնությունների պաշտպանությունը, կյանքը, ազատությունն ու հավասարությունը օրենքի առաջ պետք է ապահովվեր կառավարության կողմից։ Պատերազմի ժամանակ Թուրքիայում մարդկանց նկատմամբ կատարված վայրագությունների պատճառած չարիքն առավելագույն չափով քավելու համար օսմանյան կառավարությունը պարտավորվում էր իր եւ օսմանյան իշխանությունների կողմից ցույց տալ ամեն տեսակ աջակցություն՝ 1914 թ. նոյեմբերի 1-ից հետո անհետացած, առեւանգված, ներկալված եւ ազատազրկված ամեն ռասայի եւ ամեն կրոնի մարդկանց որոնելու եւ ազատելու համար։ Պատիժներ մասում թուրքական կառավարությունը ճանաչում էր դաշնակից տերությունների իրավունքը՝ ռազմական ատյանին հանձնելու պատերազմի օրենքներն ու կանոնները խախտած մեղավոր անձանց, համաձայնում էր հանձնել նաեւ այդ մարդկանց, ինչպես նաեւ նրանց կատարած ոճրագործությունների վերաբերյալ տեղեկություններն ու փաստաթղթերը. «…Այդ անձինք պատասխանատու են կատարված ջարդերի համար այն ժամանակ, երբ երկիրը գտնվում էր պատերազմի վիճակում այն տարածքում, որը կազմում էր թուրքական կայսրության մասը 1914 թ. օգոստոսի 1-ին»։ Դաշնակիցները կարող էին ատյան նշանակել այդ անձանց դատելու համար։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը եւ Պարսկաստանը Բաթումի նավահանգստով ազատ մուտք ունենան դեպի Սեւ ծով։ Դաշնակիցները բարյացակամորեն էին վերաբերվում Կարսից Ճորոխ հովտով դեպի Բաթում Հայկական միջանցքի գաղափարին, սակայն պայմանագիրը ստորագրելու պահին Վրաստանը դրա փոխարեն՝ հայերին առաջարկեց երկաթուղի կառուցել Վրաստանի տարածքով։ Եվ քանի որ դեռեւս հայտնի չէր՝ Տրապիզոնի նավահանգիստը Հայաստանի մեջ կմտցվի, թե՝ ոչ, ապա հատուկ հոդվածով Հայաստանին երաշխավորում էին տրանզիտային արտոնություններ ու այդ նավահանգստի մի մասի առհավետ վարձակալություն։
Մինչեւ Սեւրի հաշտության պայմանագրի ստորագրումը պրեզիդենտ Վուդրո Վիլսոնի նշանակած հանձնաժողովը ուսսումնասիրել էր տեղագրությունը, տնտեսությունը, տրանսպորտը, ջրային ռեսուրսները, առեւտրական ճանապարհները, ժողովրդագրական եւ մյուս խնդիրները, որոնք պետք է հաշվի առնվեին սահմանները որոշելիս։ Հանձնաժողովն իր հանձնարարականները քննարկման ներկայացրեց 1920 թ. սեպտեմբերին, իսկ պրեզիդենտն իր որոշումը եվրոպական տերություններին հանձնեց նոյեմբերին։ Նրա որոշման համաձայն՝ Հայաստանը պետք է ստանար Վանի եւ Բիթլիսի նահանգների երկու երրորդը, Էրզրումի գրեթե ամբողջ նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը՝ ներառյալ նավահանգիստը։ Ընդհանուր առմամբ այդ տարածքը կազմում էր մոտ 90 հազար քառ.կմ: Միավորելով Անդրկովկասում արդեն գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետության հետ՝ հայկական անկախ պետությունը կունենար շուրջ 160 հազար քառ.կմ տարածություն՝ դեպի Սեւ ծով ելքով։
Սեւրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը եւ հայ ժողովրդին տրամադրել նրա ազգային համախմբման համար բավարար տարածք։ Սակայն Սեւրի հաշտության պայմանագիրը մնաց թղթի վրա։ Այն չվավերացրեց նույնիսկ սուլթանական կառավարությունը։ Քեմալականները դիմեցին դրա հաստատումը կանխող բոլոր միջոցներին եւ, որպես առաջին քայլ, նոր արշավանք սկսեցին Հայաստանի Հանրապետության դեմ՝ այն ոչնչացնելու մտադրությամբ։ Հաջորդ տարվա ընթացքում քեմալականները, օգտվելով միջազգային նոր իրադրությունից, որը ստեղծվել էր Խորհրդային Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի մերձեցման հետեւանքով, հասան Սեւրի հաշտության պայմանագրի վերանայմանը եւ, փաստորեն, նրա վերացմանը։ Դա իր արտահայտությունը գտավ 1923 թ. Լոզանի պայմանագրում (Լոզանի կոնֆերանս, 1922-23 թթ.)։ Դաշնակիցները ճանաչեցին Մուստաֆա Քեմալի Անկարայի կառավարությունը եւ նրա իրավունքը Արեւելյան Թրակիայի, Իզմիրի, Կիլիկիայի նկատմամբ, բոլոր այն տարածքների, որոնք անցել էին Հայաստանին Սեւրի հաշտության պայմանագրով։ Ավելին՝ նրանք ճանաչեցին Թուրքիայի նոր սահմանները, որոնք ընդգրկում էին Արեւելյան Հայաստանի նախկին շրջանները՝ Կարսը, Արդահանը, Սուրմալուն։ Դա Թուրիքայի լիակատար հաղթանակն էր։ Պատմական Հայաստանի մի փոքրիկ մասը շարունակեց գոյություն ունենալ, որպես Խորհրդային Հայաստան, բայց հայերի մեծ մասը մնաց ցրված ի սփյուռս աշխարհի։ Սեւևրի հաշտության պայմանագիրն այսօր էլ մնում է որպես հուշագիր՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասի։