Ես կատարում եմ բժշկի իմ առաքելությունը. Աստված դատավոր բոլորիս. Պրոֆեսորը պատգամավորի բարբաջանքների մասին
Արխիվ 16-20
Երեկ «Ազատության» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը արձագանքելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսաուղերձների վերաբերյալ լրագրողի հարցերին՝ մի քանի դիտարկումներ է արել:
Ի թիվս այլ արձանագրումների՝ Անդրանիկ Քոչարյանը նկատառումներ է արել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ՝ կասկածի տակ դնելով նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կողմից նրա առողջական վիճակի մասին տրված եզրակացությունը․
«Իսկ մերժվածները մնացին այն մինուսի մեջ, մինուս, որին երազում է հակառակ ուղղությամբ տեսնել պարոն Ռոբերտ Քոչարյանը, որը շատ վատառողջ էր, բայց հենց որ 4 միլիոն դոլարի հնարավորության պայմաններում ստացավ այլ խափանման միջոց, մենք տեսանք՝ վատառողջ Ռոբերտ Քոչարյանն ինչպես միանգամից առողջացավ և հայտնվեց Սևանում և իր մոտորանավակով ինչպիսի հնարքներ էր ցուցաբերում, որը եղել է իր ամենասիրած զբաղմունքն աֆրիկյան որսերից հետո:
Բայց այստեղ մեկ այլ խնդիր ունենք՝ այն առողջապահական կառույցը, որը տվել է այդ եզրակացությունը, որի հիման վրա, այնուամենայնիվ, տևական ժամանակ նաև դատաքննական պրոցեսը չէր սկսվում, պարոն Չարչյանի կողմից ղեկավարած «Իզմիրլյան կենտրոնը», այդտեղ էլ մենք ուսումնասիրելու անպայման խնդիր ունենալու ենք: Չի՛ կարելի է Հիպոկրատի երդում տված բուժանձնակազմին, սեփական շահերից ելնելով, կարող է նաև այնտեղ սեփական միջոցների առկայության պարագայում, հնարավորություն տալ ունենալ այն եզրակացությունը, որը հնարավորություն չի տա մեր հասարակությանը, նաև դատաքննական փուլ մտնելու և հասկանալու՝ վերջին հաշվով, Մարտի 1-ին նույն զինված ուժերն ինչ գործ ունեին Երևանում»:
168.am-ը Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց «Իզմիրլյան» բ/կ ղեկավար Արմեն Չարչյանից:
Թեև Արմեն Չարչյանը չցանկացավ մեկնաբանել հնչեցրածը, բայց նկատեց. «Իմ երկրի նվիրյալն եմ՝ և՛ երկրաշարժի, և՛ պատերազմի առաջին օրերից եղել եմ այնտեղ: Ինձ համար միևնույն է, թե ով է իմ դիմաց կանգնած. ես կատարում եմ բժշկի իմ առաքելությունը՝ անկախ ազգային, կրոնական, կոնֆեսիոն, ռասայական, քաղաքական պատկանելությունից, և իմ մասնագիտությունն ու իմ որակավորումն ինձ թույլ է տալիս շատ ավելի բարձր լինել, քան ցանկացած քաղաքականությունը:
Ես և՛ հոգևոր, և՛ հավատքի մարդ եմ. Աստված դատավոր բոլորիս»:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում