Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա...
Արխիվ 16-20
100 տարի առաջ այս օրը Ֆրանսիայի Սևր քաղաքում կնքվեց մի պայմանագիր, որը պետք է ավարտին հասցներ առաջին համաշխարհային պատերազմը:
1920 թ. ապրիլին դաշնակիցները վերջնական հավանություն տվեցին Թուրքիայի հետ կնքվելիք հաշտության պայմանագրին: Այն հանգամանքը, որ արդեն 1920 թ. գարնանը Թուրքիայում ռեալ իշխանությունը պատկանում էր քեմալականներին (ոչ թե սուլթանին, ով ստորագրեց), այդ պայմանագիրը վերածում էր «մեռելածին ակտի»: Ստորագրվեց օգոստոսի 10-ին Փարիզի մոտ` Սևր քաղաքում: Դա Վերսալ-Վաշինգտոնյան համակարգի բաղկացուցիչ մասերից էր:
Պայմանագիրը ստորագրեց նաև Ա.Ահարոնյանը: Վեցերորդ բաժինը (հոդված 88-93) ամբողջությամբ Հայաստանին էին վերաբերում:
- Թուրքիան ճանաչում էր Հայաստանը որպես ազատ և անկախ պետություն:
- Հայկական 4 վիլայեթներում (Էրզրում, Տրապիզոն, Վան, Բիթլիս) սահմանազատումը թողնել ԱՄՆ որոշմանը, լուծել նաև ծով ելք ունենալու հարցը: (Կիլիկիան չէր նախատեսվում մտցնել):
- Թուրքիան հրաժարվում էր հանձնվող տարածքների նկատմամբ բոլոր իրավունքներից:
Պայմանագրի ստորագրումից հետո Վիլսոնի կողմից կազմված հանձնաժողովը կազմեց սահմանների վերաբերյալ նախագիծը, որով Հայաստանը ուներ ելք դեպի ծով: Հայաստանն ունենալու էր 100.000 քկմ տարածք, իսկ միավորվելով ՀՀ հետ` մոտ 150.000 քկմ:
Կարծես թե իրականանում էր հայ ժողովրդի դարավոր երազանքը: Իհարկե Սևրի պայմանագրի նշանակությունը առաջին հերթին նրանում էր, որ Անտանտը ճանաչում էր Հայաստանի անկախ գոյության իրավունքը, նաև Արևմտյան Հայաստանի տարածքները հայ ժողովրդին պատկանելու իրավունքները: Սակայն քեմալական կառավարությունը չընդունեց այդ պայմանագիրը, այլև զինված շարժում սկսեց այն ոչնչացնելու համար:
Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժոովրդին տրամադրել նրա ազգային համախմբման համար բավարար տարածք: Սակայն Սևրի հաշտության պայմանագիրը մնաց թղթի վրա: Այն չվավերացրեց նույնիսկ սուլթանական կառավարությունը: Քեմալականները դիմեցին դրա հաստատումը կանխող բոլոր միջոցներին և որպես առաջին քայլ նոր արշավանք սկսեցին Հայաստանի Հանրապետության դեմ` այն ոչնչացնելու մտադրությամբ: Հաջորդ տարվա ընթացքում քեմալականները, օգտվելով միջազգային նոր իրադրությունից, որը ստեղծվել էր Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցման հետևանքով, հասան Սևրի հաշտության պայմանագրի վերանայմանը և, փաստորեն, նրա վերացմանը: Դա իր արտահայտությունը գտավ 1923թ. Լոզանի պայմանագրում (Լոզանի կոնֆերանս, 1922-23թթ.): Դաշնակիցները ճանաչեցին Մուստաֆա Քեմալի Անկարայի կառավարությունը և նրա իրավուքը Արևելյան Թրակիայի, Իզմիրի, Կիլիկիայի նկատմամբ, բոլոր այն տարածքների, որոնք անցել էին Հայաստանին Սևրի հաշտության պայմանագրով: Ավելին` նրանք ճանաչեցին Թուրքիայի նոր սահմանները, որոնք ընդգրկում էին Արևելյան Հայաստանի նախկին շրջանները` Կարսը, Արդահանը, Սուրմալուն: Դա Թուրիքայի լիակատար հաղթանակն էր: Պատմական Հայաստանի մի փոքրիկ մասը շարունակեց գոյություն ունենալ, որպես Խորհրդային Հայաստան, բայց հայերի մեծ մասը մնաց ցրված ի սփյուռս աշխարհի: Սևրի հաշտության պայմանագիրն այսօր էլ մնում է որպես հուշագիր` Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին