ԱՄՆ-ն նշել Է Աֆղանստանում ռազմական ներկայության կրճատման ժամկետները
Արխիվ 16-20
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ Աֆղանստանում ամերիկյան ռազմական ներկայությունը 2020 թվականի աշնանը կկրճատվի մինչեւ հինգ հազար մարդու: Նման ժամկետի մասին նա նշել Է Fox News-ի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պետք է տեղեկացնենք ԱՄՆ Կոնգրեսին այն մասին, թե ինչ տեսք ունի դա «...»: Մենք կարծում ենք, որ կարող ենք լուծել բոլոր հիմնական խնդիրները, նախեւառաջ խոսքը վերաբերում է՝ Միացյալ Նահանգներին Աֆղանստանից դուրս եկող ահաբեկիչների սպառնալիքի վերացմանը», — բացատրել է Էսպերը:
Նրա խոսքերով՝ այդ նպատակին կարելի է հասնել նաեւ երկրում ռազմական ներկայության ավելի ցածր մակարդակի դեպքում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է Աֆղանստանի տարածքից ամբողջությամբ դուրս բերել իր զորքերը 2021 թվականի մայիսին: «Մենք համաձայնագիր ենք կնքել։ Մենք կհասնենք զրոյի, մենք մեր ուժերը դուրս կբերենք այնտեղից։ Ես կարծում եմ, որ դա կլինի հաջորդ տարվա մայիսին», — ասել է քաղաքական գործիչը՝ պատասխանելով «Թալիբան» ահաբեկչական շարժման հետ ամերիկյան կողմի բանակցությունների մասին հարցին։ Պոմպեոն ընդգծել է, որ այս պահին ԱՄՆ-ն կիսով չափ կրճատել է իր ռազմական ներկայությունը երկրում: