Դու գնացիր բոլորի փոխարեն. հերոսի դուստրը՝ հոր եւ իր ապրումների մասին
Արխիվ 16-20
Կորոնավիրուսով եւ արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ազատամարտիկ, Մարտական Հատուկ Նշանակության ջոկատի հրամանատարի տեղակալ, հերոս ԱՇՈՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻ ծննդյան 65-ամյակը նշվեց՝ առանց միջոցառումների։ Սակայն, այդ կապակցությամբ ծաղիկներ են դրվել ՀՀ Ոստիկանության 1033 զորամասում՝ Աշոտ Խուրշուդյանի անվան հուշաքարի մոտ եւ Երեւանի 54 ավագ դպրոցում՝ Աշոտ Խուրշուդյանի անվան պատմության դասասենյակում։
«Պապ ջան, ծնունդդ շնորհավոր: Արդեն 26 տարի է ապրում ենք առանց քեզ», - այսպիսի նախաբանով հերոսի դուստրը՝ ՀԵՂԻՆԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ, հուզիչ գրառում է կատարել եւ պատմել հետեւյալը. «Երբ փոքր էի, մեղադրում էի քեզ, որ լքեցիր մեզ ու թողեցիր դաժան ճակատագրի հետ մենակ, բայց հիմա, երբ քո տարիքում եմ եւ ծնող եմ, հասկանում եմ, թե որքան շատ ես ուզել ապրել՝ վայելելով մեր ներկայությունը, մեր դժվար պահերին ինչքան կուզեիր մեր կողքին լինել եւ թեթեւացնել դժվարությունները։ Ինչքա՜ն հայրենասեր էիր ու ուժեղ, ասում էիր՝ մեկ անգամ կռվի դաշտ մտնողը էլ չի կարող հետ գալ ու չգնալ, հայրենիքի հանդեպ սերդ վեր էր ամեն ինչից։ Ապրեցինք քո պատգամներով, քո խիզախությամբ ու հայրենիքին նվիրվելով։ Հիշում եմ, կարծես, արդարանում էիր ամեն անգամ սահման գնալիս, ասում էիր՝ գնում եմ, որ դուք հանգիստ քնեք, իսկ ես ներքին խռովվմունք ունեի, ինքս ինձ անընդհատ հարցնում էի, իսկ մեր շենքից ինչո՞ւ ոչ ոք չէր գնում, որ իրենց երեխաներն էլ հանգիստ քնեն, դասընկերներիս պապաները ինչո՞ւ չէին գնում, հիմա հասկանում եմ՝ դու գնացիր բոլորի փոխարեն եւ քո ու քո նման հերոսների շնորհիվ այսօր իմ երեխաներն էլ են հանգիստ քնում։ Նույնիսկ մահվանդ օրը խորհուրդ ունի՝ կյանքիդ ամենաերջանիկ օրերից մեկն էր։ Հպարտ եմ, որ քո աղջիկն եմ, հիշատակդ թող վառ մնա, պապ ջան, կարոտում եմ քեզ շա՜տ…»:
Հիշեցնենք, որ ՄՀՆՋ գումարտակի հրամանատարի տեղակալ Աշոտ Խուրշուդյանը մասնակցել է Շուռնուխի, Բերձորի, Քաշաթաղի, Արցախի եւ այլ բնակավայրերի ազատագրման համար մղվող մարտերին: Զինակից ընկերների հետ միասին Ա. Խուրշուդյանն ուժ ու եռանդ, մարտական ոգի ու կամք է տարածել ամենուր եւ թշնամու դեմ պայքարը վերածել հաղթանակի: Աշոտ Խուրշուդյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայության», «Սխրագործության համար» եւ պետական այլ մեդալների ու պարգեւների:
Հավերժ փառք բոլոր հերոսներին...
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ