Մխիթարյանն ու «Ռոման» համաձայնության են եկել
Արխիվ 16-20
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ համաձայնության է հասել իտալական ակումբի հետ և երկարաձգել է պայմանագիրը ևս մեկ տարով:
«Ռոմայի» հետ մենք արդեն պայմանավորվել ենք, ու ես այստեղ եմ մնալու մինչև 2021 թվականը, ինչի համար շատ ուրախ եմ: Ես այստեղ ինձ իմ տանն եմ զգացել առաջին իսկ օրվանից՝ թե խաղադաշտում, թե դրա սահմաններից դուրս:
Իմ կարծիքով՝ իմ նորամուտի մրցաշրջանը շատ լավը ստացվեց՝ չնայած 2 վնասվածքներին, որ ունեցա: Ես այժմ հրաշալի մարզավիճակում եմ ու ցանկանում եմ պահել այն», – Մխիթարյանի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը տեղափոխվել է «Ռոմա» 2019 թվականի սեպտեմբերին և հանդես է գալիս վարձակալական հիմունքներով։
Ավարտված մրցաշրջանում «Գայլերի» կազմում հայ կիսապաշտպանն անցկացրել է 22 հանդիպում, դարձել` 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։