Ռուսաստանն ու Չինաստանը սկսել են հրաժարվել դոլարից
Արխիվ 16-20
Ռուսաստանն ու Չինաստանը երկկողմանի գործարքներում դոլարի օգտագործումը նվազեցրել են մինչեւ 46 տոկոս, 2015 թվականին գործարքների մոտավորապես 90 տոկոսն իրականացվել է ամերիկյան արժույթով, գրում է Stratfor-ը՝ վկայակոչելով Nikkei Asian Review-ի զեկույցը:
Դոլարից աստիճանաբար հրաժարումը սկսում է երկու երկրներին մոտեցնել «ֆինանսական դաշինքին», ասված է հետազոտության մեջ: Կողմերը շահագրգռված են՝ համաշխարհային շուկաներում ամերիկյան արժույթի գերիշխանության նվազեցմամբ, կարծում են փորձագետները: Սակայն նրանք նշում են, որ համաշխարհային առեւտրի 93 տոկոսից ավելին իրականացվում է դոլարով կամ եվրոյով։
Անցյալ տարի Չինաստանի եւ Ռուսաստանի երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 109 մլրդ դոլար: Համաշխարհային առեւտրի ընդհանուր ծավալը 19 տրիլիոն դոլար է։
Ավելի վաղ աշխարհի գլխավոր ներդրումային բանկերից մեկը՝ Goldman Sachs-ը, հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունների ներկայիս ֆինանսական քաղաքականությունը խարխլում է դոլարի նկատմամբ վստահությունը՝ ներդրողներին ստիպելով ոսկի գնել: Morgan Stanley Asia-ի նախկին ղեկավար Սթիվեն Ռոուչը կանխատեսել է, որ 2021-2022 թվականներին դոլարը կընկնի մեկ երրորդով հիմնական արժույթների նկատմամբ: