ԶՈՀՎԵԼՈՒՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ԷՐ ԻՄԱՑԵԼ, ՈՐ ՀԱՅՐ Է ԴԱՌՆԱԼՈՒ
Արխիվ 16-20
Հուլիսի 27-ին, ժամը 01:10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահար հրազենից արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացավ պայմանագրային զինծառայող Աշոտ Գեւորգի Միքայելյանը: Աշոտը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Աշոտ Միքայելյանը 29 տարեկան էր, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից: Ամուսնացած էր, ընտանիքի հետ ապրում էր Վանաձոր քաղաքում: Աշոտն ու կինը` Սյուզին, շուտով ծնողներ պետք է դառնային: Ի՞նչ նպատակներ ու երազանքներ անկատար թողեց հերոսը, ե՞րբ է իմացել, որ հայր է դառնալու: «Իրավունքը» նախ փորձեց այս ամենի մասին զրուցել Աշոտի տատիկի` տիկին Սեդայի հետ: Բայց տատիկը չէր ուզում թոռան մասին խոսել անցյալով. «Չեմ կարող խոսել իմ լույսի, քայլող ժպիտի մասին անցյալով: Մենակ կասեմ, որ շնորհակալ եմ, որ գնահատում եք, գրում եք, բալես»:
Աշոտի մարդ տեսակի, նրա երազանքների մասին մեզ հետ զրույցում պատմեց հերոսի եղբոր կինը` Վարսիկ Քոչարյանը.
- Աշոտի մասին անցյալով խոսելը չափազանց դժվար է…Աշոտը շատ ուրախ, կյանքը սիրող մարդ էր, ընկերասեր, հարեւանասեր էր վերին աստիճանի, հայրենիքն ու ընտանիքը նրա համար առաջնային էին այս կյանքում: Հումորի մեծ զգացումով օժտված մարդ էր Աշոտը, չէր սիրում, որ կողքին տխուր մարդիկ էին լինում, ամեն ինչ անում էր, որ շուրջբոլորը գտնվողները ժպտան: Ցանկացած հարցի հումորով, ժպիտով էր պատասխանում:
Հերոսի եղբոր կինը հիշեց, թե երբ են խոսել վերջին անգամ Աշոտի հետ.
- Վերջին անգամ Աշոտը խոսել է կնոջ եւ եղբոր հետ: Չորս օրից իջնելու էր պոստերից, պլանավորում էինք, որ օգոստոսի քսանվեցին մեծ ծնունդ ենք անելու Աշոտի համար: Կինն արդեն տորթ էր ընտրել, որ Աշոտի ծննդյան օրը իր ձեռքով պատրաստեր...
Չնայած լարված իրավիճակին` Աշոտը երբեք խուճապի մեջ չէր հայտնվում: Ինքն էր առաջնագծում, բայց միշտ մեզ էր հանգստացնում: Տեսնում էինք, լսում էինք, որ առաջնագծում լարված էր, բայց Աշոտը միշտ նույն պատասխանն էր տալիս. «Սաղ լավ ա լինելու, Ձեր ցավը տանեմ, ես առաջնագծում եմ, եղբայրս՝ թիկունքում, իրար հետ մենք ուժեղ ենք:
- Ե՞րբ էր տեղեկացել, որ հայր է դառնալու:
- Առաջնագծում` զոհվելուց մեկ շաբաթ առաջ էր իմացել, որ հայր է դառնալու: Ուրախությանը չափ ու սահման չկար: Անհամբեր սպասում էր տուն վերադարձին: Շատ երազանքներ, նպատակներ ուներ, որ պետք է տուն կառուցի, շատ երեխաներ ունենա, բայց երազանքները այդպես էլ երազանքներ մնացին, ցավոք…
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ