«ԵԹԵ ԿՈՐԾԱՆԵՆՔ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ` ՀԱՄԱՐԵՔ, ՈՐ ԿՈՐԾԱՆԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ». «ԱԶԱՏ ԽՈՍՔԻ» ԵԹԵՐՈՒՄ ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆՆ Է
Արխիվ 16-20
«Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների եւ օրինակելի ծրագրերի» նախագծի, «Հայ գրականություն» առարկայից «հայ» բառը հանելու, դպրոցական ծրագրից նշանավոր հայ հեղինակների` ինչպիսիք են Մովսես Խորենացին, Եղիշեն, Մեսրոպ Մաշտոցը, Գրիգոր Նարեկացին, Մխիթար Գոշի գործերը փոխարինելու օրինակ` Պրոսպեր Մերիմեի «Կարմեն», Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» ժողովածուով եւ այլ խնդրահարույց հարցերի շուրջ այսօր «ԱԶԱՏ ԽՈՍՔ» հեղինակային հաղորդման շրջանակներում զրուցել են հաղորդման հեղինակ եւ վարող Գայանե Զարգարյանը եւ հաղորդմանը հյուրընկալված «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ-ի ղեկավար, մանկավարժ, հասարակական գործիչ ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ: Մինչ բուն հարցերին անդրադառնալը, հաղորդման հեղինակը նախ հնչեցրել է հաղորդման ավանդական դարձած հարցը.
– Տիկին Ստեփանյան, այսօր ՀՀ-ում կա՞ ազատ խոսք, թե` ոչ: Առհասարակ որքանո՞վ է վտանգված ազատ խոսքն այսօր Հայաստանում:
– Ինձ համար ազատ խոսքը միշտ կա, որովհետեւ եթե մարդն ազնիվ է ապրում, նա երբեք չի խուսափում ազատ խոսքի իրավունքից: Բայց, իհարկե, այսօր կան շատ ազնիվ մարդիկ մեր կողքին, ովքեր խուսափում են իրենց խոսքը բարձրաձայնելուց:
– Ինչո՞ւ:
– Որովհետեւ, ցավոք սրտի, այսօր կարծես թե 37 թիվն է կրկնվում: Եթե 37 թվականին նվիրյալ մարդկանց աքսորում էին եւ համարում ազգի դավաճաններ, ապա այսօր եթե մի կարգին հայորդի բարձրաձայնում է հայոց ցավը, որն այսօր առկա է, նրանք դառնում են ինչ-որ «ականներ»: Հետեւաբար, սա փաստում է, որ ազատ խոսքի իրավունքը բացարձակապես բացակայում է Հայաստանում:
– Տիկին Ստեփանյան, հայրենաճանանչության ոլորտում Ձեր կատարած աշխատանքը անուրանալի է: Տեղյակ եմ, որ ՀՀ նախագահին կից փորձագիտական խմբի ներկայացուցիչ եք, եւ տեւական ժամանակ է, որ Դուք եւս Ձեր մտահոգությունն եք հայտնում «Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների եւ օրինակելի ծրագրերի» նախագծի վերաբերյալ, հետաքրքիր է` որեւէ տեղաշարժ նկատում եք նախագահի հետ հանդիպումից հետո, թե` ոչ: Եվ ի վերջո ի՞նչ ենք ունենալու այս ամենի հանրագումարում:
– Գիտեք, նախագահը ուշադիր լսեց մեր մտահոգությունները եւ խոստացավ, որ մեր պատճառաբանությունները կդրվեն քննարկման, հիմա սպասում ենք հետագա անելիքներին: Փաստ է, որ մենք տեսնում ենք, որ ԿԳՄՍ-ն, որն իր մեջ ներառել է չորս նախարարություններ` չորս ոլորտներում էլ ձախողել է: Այսօր կրթական ոլորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը չորս ամիս առաջ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարն էր. անընդհատ պտտվում է` անհասկանալի է: Տպավորություն է, որ այսօրվա մեր բոլոր պաշտոնյաները ամենապաշտոնյաներ են:
– Տիկին Ստեփանյան, դպրոցական ծրագրից հանվել են նշանավոր հայ հեղինակների` ինչպիսիք են Մովսես Խորենացին, Եղիշեն, Մեսրոպ Մաշտոցը, Գրիգոր Նարեկացին: Եվ ցավալին այն է, որ հայ դասականների գործերը առաջարկում են փոխարինել օրինակ` Պրոսպեր Մերիմեի «Կարմեն», Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» ժողովածուով: Որի առաջին պատմվածքում երկրաչափության դասին գլխավոր հերոսի եռանկյունը սեռական օրգանների սիմվոլիզմով է ներկայացվում…
Արդյո՞ք սա դիվերսիա չէ մեր ազգային արժեքների դեմ, ուր է տանելու այս ազգակործան քաղաքականությունը, եւ ինչ ենք մենք ստանալու այս ամենի հանրագումարում: Աշխարհի որ կենտրոններին է ձեռնտու քայքայել մեր դարերով փայփայած հարստությունը:
– Այ հենց դրան էի ուզում գալ, այստեղ ԱԱԾ-ն լուրջ անելիք ունի, որովհետեւ եթե մենք կործանենք մեր երկրի կրթական ոլորտը` համարեք, որ մենք կործանել ենք մեր պետականությունը: Որովհետեւ այստեղ ուղիղ ձեւով իրեք կպել են հայ ժողովրդին, հայ գրականությանը, հայ պատմությանը, եկեղեցուն: Այսինքն պետության հիմնաքարերին` լեզու-դպրոց-ընտանիք: Դպրոց են մտցնում սոցիալական ծառայություններ, որոնք սահմանափակում են ծնողի դերը:
Զրույցը` ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ