ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 16-20
Զարմանալի է, բայց փաստ` գրեթե բոլորը մոռացության են մատնել, որ այսօր ԱՍԱԼԱ-Ի ՀԻՇԱՏԱԿԻ օրն է: Ու, թեեւ դեռեւս սովետական շրջանում բոլորս հպարտանում էինք ԱՍԱԼԱ-ի գործողություններով, այսօր միայն սակավաթիվ քաղաքացիներ այս թոհուբոհում կհիշեն այս փառապանծ հիշատակի օրը եւ կբարձրանան Եռաբլուր: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, թե ինչպես է քայլասերվածների խունտան մարդկանց շեղում ամեն ինչից, հարկ ենք համարում համառոտակի հիշեցնել, թե ինչու սահմանվեց այդ օրը: 1982 թ. օգոսոտսի 7-ին ՀԱՀԳԲ-ի (ASALA-ի) «Խրիմյան Հայրիկ» անձնասպանական ջոկատը զինյալ հարձակում իրականացրեց Անկարայի «Էսեմբողա» օդանավակայանի ոստիկանատան բաժանմունքի վրա ու պայթեցրեց այն: Զոհվեց 7 զինվոր. օդանավակայանն անցավ ջոկատի վերահսկողության տակ: Զոհվածների թվում էին Անկարայի ոստիկանության տնօրենը, անվտանգության ծառայության ութ սպաներ եւ շարքայիններ, ինչպես նաեւ մաքսատան ծառայողներն իրենց ղեկավարների հետ միասին: Իշխանությունները օդանավակայան բերեցին հայ հոգեւորականների ու քաղաքացիական անձանց, ովքեր ջոկատի անդամներին հորդորեցին անձնատուր լինել: Պատասխանը եղավ. «Մենք ահաբեկիչներ չենք, այլ հայրենիքի ազատագրության ֆիդայիներ` պատրաստ մեր կյանքը տալու հայ ժողովրդի ապագայի համար»: Թուրքական բանակի հետ անհավասար մարտում ջոկատի հրամանատար Զոհրաբ Սարգսյանը, երբ փամփուշտները պրծան, ինքնասպան եղավ, իսկ ջոկատի մարտիկ Լեւոն Էքմեքչյանը ծանր վիրավոր, ուշագնաց վիճակում գերի ընկավ, իսկ այնուհետ մահապատժի ենթարկվեց:
Այն, որ Նիկոլը վաղուց ուրացել է իր վաղեմի բանաձեւը, որ ժողովուրդը ՏՈՒԳԱՆԵԼՈՒ ՄԱՏԵՐԻԱԼ չէ, եւ մասսայաբար բոլորին հենց տուգանելու մատերիալ է դարձրել, ամենեւին էլ նորություն չէ, եւ ոչ ոքի չի զարմացնում, քանզի Նիկոլից բարոյականություն ակնկալելը նույնն է, ինչ ցլից կաթնատվություն: Իսկ թե ինչ զարմանալի մասշտաբների է հասել տուգանելու մանիան, ՀՀ երկրորդ նախագահի վկայությամբ, այժմ մի քանի ամսում ավելի շատ մարդ է տուգանվել, քան իր նախագահության տասը տարիների ընթացքում: Թվային արտահայտությամբ այդ ամենը ամփոփել է ՀՀԿ հանրային ընդունարանը, եւ ստացվել են զարհուրելի թվեր: Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու հատկանիշներով կազմվել է 126.321 արձանագրություն: Կազմված արձանագրությունների հիման վրա կայացվել է վարչական տուգանք նշանակելու 55.828 որոշում: 55.828 որոշմամբ նշանակված վարչական տուգանքների ընդհանուր գումարը կազմում է 558.280.000 դրամ (յուրաքանչյուրը 10.000 դրամ), որն ավելին է, քան 1մլն դոլարը: Նույն ժամանակահատվածի համար կազմված վարչական արձանագրությունները 126.321-ն են: Այսինքն, դեռ 70.493 արձանագրությունների դեպքում կարող են կազմվել վարչական տուգանքներ: Այսինքն` գանձված տուգանքների ընդհանուր գումարը կարող է դառնալ առավել քան 2,5 մլն դոլար: Եվ դա այն պայմաններում, որ շատ-շատերը աշխատանքը կորցրել են ու գտնվում են ծանր սոցիալական վիճակում, սակայն այս հակահայ վարչախումբը թքած ունի դրա վրա, միայն թե ապահովի հակատրամաբանական պարտադրանքը` բացօթյա տարածքում այս շոգին դիմակ-դնչկալ կրելու:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ