Գործի է դրվել ամբողջ պետական քարոզչամեքենան. հերթը Ստամբուլյան կոնվենցիայինն է (Տեսանյութ)
Արխիվ 16-20
Օրվա իշխանությունը, օգտվելով արտակարգ դրության հերթական երկարաձգումից, փորձում է այս ընթացքն օգտագործել տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան ակտիվորեն գովազդելու համար: Նպատակն այն է, որ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի առաջին իսկ ընձեռված հնարավորության դեպքում՝ սա էլ անցկացնեն, քանի դեռ արգելված են հանրահավաքներն ու ցույցերը: Այս ծրագրի համար գործի է դրվել ամբողջ պետական քարոզչամեքենան, որից անմասն չէ նաեւ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ԱՐԱ ՇԻՐԻՆՅԱՆԸ: Այո, այո, այն անձը, որի հիմնական պատասխանը լինում էր այն, որ այս կամ այն հարցն իրեն չի վերաբերում, հանկարծ որոշել է զբաղվել Ստամբուլյան կոնվենցիայիով: Նա ոչ ավել, ոչ պակաս սորոսական օնլայն հեռուստաալիքներից մեկին տված իր վերջին հարցազրույցում «բում» է արել՝ խոսելով կոնվենցիայի մասին եւ համարելով այն մեդիաաղմուկի հայկական դրսեւորում:
«Իմ կարծիքով՝ ամենատիպիկ օրինակներից մեկը Ստամբուլյան կոնվենցիայի քարոզարշավն էր Հայաստանում: Մի կոնվենցիա, որն ուղղված է ընտանեկան բռնության դեմ եւ միանգամից հակառակորդների, ֆեյք մեդիաների կողմից աղմուկ բարձրացվեց: Օգտատերերի բնական մղումներն օգտագործվեցին եւ ասացին՝ գիտեք, այս կոնվենցիան կապ ունի ոչ թե ընտանեկան բռնության, այլ մեր ավանդական ընտանիքը քայքայելու համար է: Դե որ հայը դիմանա, եւ այդ էմոցիաներով չարտահայտվի այս դավադրության դեմ: Եվ երբ կոնվենցիան մեկնաբանողները ասում են՝ չկա նման բան, կարդացեք, դա եվրոպական օրենք է ընտանեկան բռնության դեմ, այլեւս չէր աշխատում»,- այս մտքին է ամենաօբյեկտիվ ու չեզոք իրեն համարող Արա Շիրինյանը: Նա ըստ էության, ոչ միայն վիրավորում է մի շարք իրավաբանների, լրատվամիջոցների, այլ նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը վերոնշյալ կոնվենցիայի հետ կապված՝ այն համարելով ֆեյք աղմուկ: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ, թե այսօր ինչ իրավիճակ է տիրում Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ