Ում համար էին առողջապահության նախարարության հրապարակած քարտեզները
Արխիվ 16-20
Կառավարությունը հայտարարում է, որ մայրաքաղաքն է դարձել համավարակի բույնը, իսկ հակառակ այդ հաստատումների՝ Երեւանի քաղաքապետը եւ քաղաքապետարանը որեւէ կապ չունեն բոլոր այն որոշումների հետ, որոնք կայացվում են հակահամաճարակային ճգնաժամի դեմ: ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի անդամ ԺԻՐԱՅՐ ՊԵՈՃԵՔՅԱՆԻ գնահատմամբ՝ եթե համաճարակի բույնը Երեւանն է, ապա Երեւանի առողջապահական խնդիրները նաեւ Երեւանի քաղաքապետարանի խնդիրներն են:
– Կառավարության կողմից հակահամաճարակային միջոցների դեմ պայքարի շրջանակում կայացրած որոշումներում Երեւանի քաղաքապետարանն ընդհանրապես գոյություն չունի: Քաղաքի ախտահանումը պատշաճ ձեւով չկազմակերպվեց: Նույնիսկ այն շենքերում, որտեղ կային վարակված մարդիկ, կամ մահեր արձանագրվեցին, ախտահանման գործընթաց չկազմակերպվեց: Ունենք քաղաքացիների տվյալներ, որոնք օրեր շարունակ զանգում էին քաղաքապետարան, համատիրություններ, բայց ոչ ոք չէր գնում այդ տարածքները ախտահանելու: Իսկ 3 օր հետո էլ, երբ գնում էին, արդեն վարակվողը վարակվել էր: Առողջապահության նախարարությունը քարտեզներ հրապարակեց, թե որ վարչական տարածքում եւ որտեղ վարակված մարդիկ կան, բայց համայնքապետարանները այդ քարտեզները չեն ստացել, որպեսզի գնան հասցեներով ախտահանեն: Քաղաքապետարանն ու քաղաքապետը փոխանակ հրապարակի վրա լինեն, ինչպես ողջ աշխարհում, բոլոր քաղաքապետերն իրենց վրա վերցրին կորոնավիրուսի խնդիրների լուծման պատասխանատվությունը, մեր պարագայում՝ մեր քաղաքապետը բացակայում էր քաղաքի առօրյայից՝ մի տեղ ինքնամեկուսացված էր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ