Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայից գրոհայինների ևս մեկ խմբի ներթափանցման մասին տեղեկատվություն են ստացել
Արխիվ 16-20
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ահազանգ են ստացել ուկրաինական հատուկ ծառայությունների ևս մեկ գրոհայինների խմբի՝ հարավից ներթափանցման մասին, բայց կասկածներ են ունեցել տեղեկատվության հավաստիության հարցում, հաղորդում է РИА Новости-ն:
«Ուկրաինացիները մեզ նախազգուշացրել են, որ հարավային սահմանով ևս մեկ խումբ է ներթափանցել: Մենք այժմ ողջ երկրով նրանց ենք փնտրում: Ես, ճիշտ է, այդքան էլ չեմ հավատում, որ 30 մարդ գաղտնի անցել է սահմանը, որովհետև արդեն իսկ դա նկատած կլինեինք, եթե, իհարկե, նրանք Ռուսաստան կամ ետ՝ Ուկրաինա չեն գնացել»,- հայտարարել է Լուկաշենկոն ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, լույս հուլիսի 29-ին Բելառուսի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են արտասահմանյան մասնավոր ռազմական կազմակերպության 33 զինյալի:
Ավելի ուշ պարզ էր դարձել, որ ձերբակալված արտասահմանցի զինյալները ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամներ են: Ձերբակալված զինյալների դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչություն պատրաստելու մեղադրանքով:
Զինյալները, սակայն, հարցաքննության ժամանակ հայտնել են, որ իրենց վերջնակետը ոչ թե Մինսկն է եղել, այլ Մինսկից Ստամբուլով Լատինական Ամերիկայի երկրներից մեկում հայտնվելը: