Ցիտրուսային մրգերը՝ մաշկաբորբի պատճա՞ռ
Արխիվ 16-20
- Հարգելի բժիշկ, ներյրոդերմատիտ հիվանդությունն ունի՞ գենետիկ նախատրամադրվածություն, թե՞ ոչ։ Արդյո՞ք, ցիտրուսային մրգերը կարող են հիվանդության սրացման պատճառ դառնալ։ Ինչպե՞ս ձերբազատվել հիվանդությունից։
Հարցին պատասխանում է մաշկաբան ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ․
- Նեյրոդերմատիտ կամ ատոպիկ դերմատիտ․ սա հիվանդության նույն անվանումներն են, որոնք կարող են հանդիպել նաեւ այլ անվանումներով՝ ատոպիկ էկզեմա, մանկական էկզեմաեւ այլն։ Մենք օգտագործենք ատոպիկ դերմատիտ անվանումը։
Ատոպիկ դերմատիտը կրկնվող ալերգիկ հիվանդություն է, որի հիմնական ախտանշանը մաշկի բորբոքումն է եւ ուժեղ քորը։ Այն ի հայտ է գալիս վաղ մանկական հասակում եւ ուղեկցում է հիվանդին կյանքի ողջ ընթացքում։
Բժիշկները կարծում են, որ ատոպիկ դերմատիտն ունի գենետիկ նախատրամադրվածություն։ Հիմնական հետազոտությունները ցույց են տվել, որ 80 տոկոս հիվանդ երեխաների ծնողների մոտ առկա է ատոպիկ դերմատիտ։ 50 տոկոս հիվանդ երեխաների մոտ ծնողներից մեկը հիվանդ է ատոպիկ դերմատիտով։ 20 տոկոս երեխաների մոտ երկու ծնողներն էլ հիմնականում լինում են առողջ։
Հիվանդության առաջացմանը կամ սրացմանը կարող են նպաստել ալերգենների հետ մշտական շփումը։ Դա կարող է լինել տան փոշին, կենդանական բուրդը, ծաղկափոշին, բորբոսասունկը, սննդային ալերգենները, ինտելեկտուալ ծանրաբեռնվածությունը: Ուժեղ էմոցիոնալ լարվածությունը նույնպես նպաստում է ատոպիկ դերմատիտ հիվանդության առաջացմանը, ինչպես նաեւ՝ քնի եւ արթուն վիճակների խանգարումները, հորմոնալ տարբեր հիվանդությունները, աղեստամոքսային տրակտի հիվանդությունները, դեղորայքի անհարկի չարաշահումը, անորակ կենցաղային քիմիայի օգտագործումը։
Հիվանդ երեխաների մոտ դա կարող է լինել մոր սխալ սննդակարգը կամ արհեստական սնունդը։
Ատոպիկ դերմատիտի ախտանշաններից են ուժեղ քորը, այրոցը, թեփոտումը, կարմրությունը՝ հատկապես մաշկի նորբ հատվածներում՝ արմնկայինեւ ծնկանմակերեսներում, մաշկածալքերում, պարանոցի, դեմքի շրջանում։ Քորի հետեւանքով առաջանում են բորբոքումներ, եւ մաշկի հատվածում ի հայտ են գալիս թաց վերքեր, որի հետեւանքով կարող են ներթափանցել երկրորդային ինֆեկցիաներ։
Հիվանդությունը ընթանում է սրացումներով եւ դադարի շրջաններով։ Դադարի շրջանները կարող են թուլանալ կամ ամբողջովին անցնել։ Դա կարող է տեւել մի քանի ամիսներից մինչեւ տարիներ։
Հաշվի առնելով, որ հիվանդությունն ունի ալերգիկ բնույթ, հարկ է վերանայել սննդակարգը: Պետք է հրաժարվել ցիտրուսային մրգերից, շոկոլադից, ձվից և կաթից։
Հիվանդի սենյակից պետք է հեռացնել փետուրով բարձերը, բրդյա վերմակները, գորգերը, փափուկ խաղալիքները։ Սահմանափակել կամ դադարեցնել ընտանի կենդանիների հետ շփումը։
Բուժումը կոմպլեքսային է, այն պետք միտված լինի քչացնելու կամ վերացնելու մաշկի բորբոքումը եւ մշտական քորը, խոնավացնելու եւ փափկացնելու մաշկը, վերականգնելու հիդրոլիպիդիային պաշտպանիչ շերտը։
Պրոֆիլակտիկան պետք է սկսել մինչեւ երեխայի ծնվելը՝ հատկապես, եթե կա գենետիկ նախատրամադրվածություն ալերգենների նկատմամբ։
Հիվանդը պետք է բացառի շփումը սննդային, կենցաղային, պրոֆեսիոնալ ալերգենների հետ։ Չչարաշահի դեղորայքի օգտագործումը, երեխայի ծնվելուց հետո մայրը պետք է ավելի երկար կերակրի կրծքով, պահպանի հատուկ սննդակարգ, իսկ եթե առկա է ատոպիկ դերմատիտ, ապա հնարավորինս պետք է սահմանափակի շփումը գրգռիչ նյութերի հետ։
Բուժումը սկսելուց առաջ, անպայման, հարկ է դիմել մասնագետի, հետեւել բժշկի նշանակումներին եւ ժամանակին արձագանքել հիվանդության սրացումներին։ Առողջ եղե՛ք:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ