ԱՀԿ-ն սկսում է խոստովանել, որ կորոնավիրուսի մահաբերությունը սովորական գրիպից չի տարբերվում
Արխիվ 16-20
Ցնցող փաստ է ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նոր հիվանդությունների ստորաբաժանման ղեկավար Մարիա Վան Կերկխովան։ Այսպես, ըստ ԱՀԿ-ի պաշտոնական գնահատականների, անցկացված հետազոտությունների մեծ մասը ցույց է տալիս, որ աշխարհի բնակչության «10 տոկոսից պակասը» կորոնավիրուսի դեմ հակամարմին ունի, այսինքն՝ վարակված է եղել։ Իհարկե, ԱՀԿ ներկայացուցիչը միանգամայն «շուստրի» մոտեցում է ցուցաբերել․ «10 տոկոսից պակասը»։ Ո՞րն է դա․ 1 տոկոսն էլ է 10-ից պակաս, 9,9 տոկոսն էլ։ Բայց եթե խոսքը լիներ 1 տոկոսի մասին, հաստատ ԱՀԿ ներկայացուցիչն այդպես չէր արտահայտվի, դա առավել քան անտրամաբանական կլիներ։ Այսինքն, խոսքը մոտ 10 տոկոսի մասին է, այդ դեպքում ասում են՝ «10-ից մի փոքր պակաս»։ Բայց հենց դա է, որ ԱՀԿ-ն խոստովանելով, ինքն իր դեմ «մեղադրական ցուցմունք» կտա։ Նկատի ունենք հետեւյալը․
Ներկայացված պաշտոնական տվյալն ուշագրավ է հետեւյալ առումով։ Աշխարհի բնակչությունը ներկայումս հասնում է մոտ 8 միլիարդի, այսինքն, կորոնավիրուսով հասցրել է վարակվել մոտ 750-800 միլիոն մարդ՝ պաշտոնապես ներկայացվող 18,7 միլիոնի փոխարեն։ Այսինքն, եթե նախկինում համարում էին, որ գրանցվում է առնվազն 10 վարակվածից 1-ը, ԱՀԿ-ի ներկայիս տվյալներն արդեն խոսում են 40 վարակվածից 1-ին ֆիքսելու մասին։
Բայց ամենակարեւորը։ Ներկայումս կորոնավիրուսային մահերի թիվն աշխարհում հասնում է 705 հազարի (համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում աշխարհում մահացել է 35 միլիոն մարդ)։ Սա նշանակում է, որ մահացել է վարակվածների ընդհանուր թվի մոտ 3,8 տոկոսը։ Հենց կորոնավիրուսին բարձր մահացություն վերագրելն էր, որ այսքան աղմուկի եւ կորուստների պատճառ դարձավ՝ ողջ աշխարհի մասշտաբով։ Բայց եթե 18,7 միլիոնի փոխարեն ունենք 750-800 միլիոն վարակված, պատկերը միանգամայն այլ է։ Ֆիքսենք, այս ցուցանիշի պարագայում մահացությունը նույնն է, կամ միգուցե կա չնչին տարբերություն, ենթադրելով, որ միգուցե կան չգրանցված կորոնավիրուսային մահեր։ Արդյունքում, 750 միլիոն վարակվածի պարագայում մահացության ցուցանիշը 3,8 տոկոսի փոխարեն կազմում է ընդամենը 0,1 տոկոս, նույն կարգի, ինչ սեզոնային գրիպի դեպքում է։
Իսկ ահա Հայաստանում մահացությունը 2,5 տոկոսի կարգի է։ Այսինքն, ելնելով ԱՀԿ-ի հիշատակված գնահատումից, երկրի բնակչության մեծ մասն արդեն իսկ վարակվել են, եւ փաստացի մահացությունը 0,1 տոկոսից էլ ցածր է։
Ճիշտ է, ԱՀԿ ներկայացուցչի հաշվարկը մի փոքր այլ է․ թեեւ ասում է՝ աշխարհի բնակչության «10 տոկոսից պակասը», սակայն դա, չգիտես ինչ հնարքով, դառնում է 200 միլիոն մարդ։ Բայց եթե անգամ այդպես է, կունենանք մոտ 0,3 տոկոս մահացություն։ Սակայն այստեղ եւս ԱՀԿ ներկայացուցիչը թվաբանական հրաշք է գործում՝ ասելով հաջորդ աբսուրդը․ «Գնահատականները տատանվում են 1% կամ 0,6% ցուցանիշից պակաս»․ հիմա 1 տոկո՞ս, թե՝ 0,6-ից պակաս, դա ինչ պաշտոնական գնահատում է։ Ու սրանից հետո արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը նույնն է պնդում՝ «200 վարակվածներից կարող է 1 մահացու դեպք գրանցվել»: Սա արդեն 0,5 տոկոս էշ։
Թե ով է տիկին Կերկխովայի կամ նրա շեֆերի մաթեմաթիկայի ուսուցիչը, այլ հարց է։ Բայց եթե անգամ մահացությունը 0,5-0,6 տոկոս է, ապա դա եւս համադրելի է սեզոնային գրիպի մահացության հետ։ Բայց ինչո՞ւ է ԱՀԿ-ն սկսել դա խոստովանել։ Պարզապես փաստն այն է, որ արդեն ողջ աշխարհում ունեն հստակ վիճակագրություն եւ սկսել են ԱՀԿ-ին տհաճ հարցեր տալ՝ «Այդ ինչպե՞ս է պատահել, որ կորոնավիրուսն ունի գրիպի կարգի մահացություն, սակայն դուք ողջ աշխարհին կարանտին եք ուղարկել»։ ԱՀԿ-ին էլ պարզապես այլ ելք չկա, քան կամաց-կամաց խոստովանելն իրական պատկերը։ Իսկ դա կնշանակի խոստովանություն, որ անիմաստ, ավելի ճիշտ՝ դիտավորյալ են ողջ աշխարհին խուճապային վիճակի հասցրել՝ դրանով իսկ պատճառելով տրիլիոնների վնաս։
Իհարկե, հայաստանյան պատկան կառույցները եւս պետք է կարողանային ժամանակին հաշվարկել, ստանալ կորոնավիրուսի վնասաբերության մասին կոնկրետ գնահատականներ։ Ավելին, առնվազն կասկածելի է, որ չեն հաշվարկել։ Հիշեցնենք, անգամ Նիկոլն է խոստովանել, որ ունենք վարակվածության մի քանի անգամ մեծ փաստացի ցուցանիշ, քան պաշտոնապես հայտնաբերվածներն են։ Եվ այդ փաստացի ցուցանիշների հաշվարկով, էլի գալիս-հասնում ենք սեզոնային գրիպի մահացությանը համարժեք թվերի։ Մինչդեռ կորոնավիրուսի իրական վնասաբերությունն արհեստականորեն ուռչացնելով եւ ժողովրդին խուճապի մատնելով, արդեն որերորդ ամիսն է, որ երկիրը փակել են արտակարգ դրության ճիրաններում։ Չէ, սրանից պետական մասշտաբի հանցագործության հոտ է գալիս, ինչպես որ ԱՀԿ-ի արարքներից՝ համաշխարհային մասշտաբի։ Չնայած, մեկ հանցագործությունով ավել, մեկով՝ պակաս, դրանից մեր իշխանությունների համար առանձնապես բան չի փոխվում։
Ս․Աբրամյան