Նկարիչ. «Չեմ սիրում լացել եւ ողբալ, մեր հերոսներով հպարտանալ է պետք»
Արխիվ 16-20
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հասարակությունն ակտիվ քննարկում է Երեւանի պետական համալսարանի պատերին ապրիլյան պատերազմի ժամանակ նահատակված հերոսների street art ոճով պատկերված նկարները:
«Քառօրյա պատերազմում արիաբար զոհված հերոսների նկարները՝ համալսարանի պատերին» խորագիրը կրող նախաձեռնությունը եւս նպատակ ունի ոգեկոչել հերոսների հիշատակը: Նախաձեռնության գաղափարը պատկանում է ԵՊՀ մարտական պատրաստության ակումբին, իսկ նկարների հեղինակը Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ակադեմիայի 2-րդ կուրսի ուսանող Արթուր Ավագյանն է: Նախաձեռնության հետ կապված բացի դրականից, եղան նաեւ բացասական արձագանքներ, որի կապակցությամբ հեղինակը նշում է . «Շատ եմ լսել քննադատություններ՝ վառ գույների հետ կապված: Կարող եմ նկարել բնական գույների մեջ, բայց այդպիսի նկարներ կարելի է ստանալ նաեւ ֆոտոյի միջոցով: Ինձ առաջարկել են նաեւ, որ սեւ եւ սպիտակ գույների մեջ ստեղծագործեմ, կոպիտ է հնչում, բայց սեւն ու սպիտակը տխուր են եւ կարող են գերեզմանի նկար հիշեցնել:Չեմ սիրում լացել եւ ողբալ, մեր հերոսներով հպարտանալ է պետք: Երբ ստեղծագործում եմ, նրանց կերպարն ինձ միայն հպարտանալու առիթ է տալիս: Նկարներում գույների խաղ է պարզապես»,-ասաց Ա. Ավագյանը:
Նախաձեռնության ղեկավար Արմեն Խաչիկյանի խոսքով ՝դիմանկարներն արվում են այնտեղ, որտեղ ուսանողների հոսքն ավելի մեծ է. «Ուզում ենք, որպեսզի ուսանողները միշտ տեսնեն նրանց, կարդան հերոսների մասին գրվածները: Եթե մի բանի հաճախ ես նայում, մտքիցդ ավելի դժվար է հեռանում: Շատերն արդեն մոռացել են, որ եղավ ապրիլյան պատերազմ, որ մեր հայրենակիցներից շուրջ հարյուրը զոհվեց: Այս նախաձեռնությունը մեր հերոսներին եւս մեկ անգամ հիշելու հնարավորություն է տալիս»,-փաստեց Արմեն Խաչիկյանը:
Նախաձեռնության շուրջ կապված արձագանքներից հետո ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը եւս որոշել էր այցելել ԵՊՀ եւ անձամբ տեսնել նկարները: Նրա բնորոշմամբ՝ նախաձեռնությունը ճիշտ ու տեղին է. «Եթե հերոսների պատկերված նկարները որեւէ մեկին դուր չեն գալիս, դա արդեն երկրորդական է: Նախաձեռնությունն այնքան լավն է, որ չեմ ուզում քննադատել: Այս դեպքում մենք չենք կարող պահանջել բարձր արվեստ: Մի փոքր շտկումների դեպքում նկարն ավելի լավ կստացվեր: Կոմպոզիցիայի հետ կապված էլ կարելի էր շտկումներ անել: Ինչ վերաբերում է գույների ընտրությանը, ապա այն շատ ճիշտ է կատարվել. այսպիսի դեպքերում սեւ եւ սպիտակ չի կարելի անել»,-նկատեց Կարեն Աղամյանը:
Նախաձեռնության գաղափարը լավ գնահատեց նաեւ նկարիչ Լեւոն Աբրահամյանը. «Դրական եմ նայում: Սակայն որպես քաղաքային մշակույթ մի փոքր դեմ եմ հերոսներին նման ձեւով ներկայացնելուն: Միգուցե ավելի տեղին կլինի նրանց անունով փողոցներ անվանակոչել, պլակատների վրա նկարել»:
Բանաստեղծ, նկարիչ եւ հրապարակախոս Արեւշատ Ավագյանն էլ ընդգծեց, , որ կարեւորը հերոսներին գնահատելն է,կարեւորը գույների մեջ լուսավոր հավատ լինի: «Թե՛ գաղափարական առումով է հետաքրքիր, թե՛ քաղաքի արտաքին տեսքի համար է լավ: Կարեւորն այն է, որ այս ձեւով հերոսները գնահատվում են: Աշխատանք պետք է կատարվի ոչ միայն դիրքերում, այլեւ քաղաքային բնակչության շրջանում, եւ ստեղծվի այն մթնոլորտը, որով սերունդը կարող է դաստիարակվել: Զոհված հերոսներն այս գեղարվեստական պատկերի շնորհիվ նաեւ օրինակ են դառնում հայրենիքը չլքելու եւ ազգային գենի պահպանման, վերածնման եւ իրենց առաքելությունը հայրենիքում անձնվիրաբար կատարելու համար»,-շեշտեց Ա. Ավագյանը:
Նշենք, որ շարքի առաջին նկարը Ռոբերտ Աբաջյանինն է, ով հերոսաբար զոհվել է ապրիլի 2-ին՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս: Արդեն պատրաստ է նաեւ Արմենակ Ուրֆանյանի դիմանկարը: Երրորդ նկարով կոգեկոչվի հերոս Բենիամին Եղոյանի հիշատակը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ