Այս իրավիճակում ամբողջ տարածաշրջանի ապագան է վտանգի տակ. Արտակ Զաքարյան
Արխիվ 16-20
«Արտաքին քաղաքականության մեջ, մեր իշխանությունների կաշկանդվածությունը, ստեղծված ռազմա-քաղաքական իրավիճակում, վատ ազդեցություն կարող է ունենալ դիվանագիտական ու քաղաքական հարթակներում: Փոխարենը պետք է փորձենք բոլոր կողմերից շարունակենք ուղղություն ցույց տալ, աջակցել մեր կարողություններով, խորհուրդներ տալ, կարծիք հայտնել, որը հնարավոր է օգտակար ու կարեւոր լինել:
Կրկին անգամ պնդում եմ, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնություններն անհրաժեշտ է վերադարձնել բանակցային օրակարգ՝ ընդգծված կարեւորությամբ: Ադրբեջանին պետք է միջազգային հստակ մեսիջներ գնան. «...չի կարելի մի ձեռքով կրակել, իսկ մյուս ձեռքով գործի դնել բանակցային խաղաղ գործընթացը»: Այս իրավիճակում ամբողջ տարածաշրջանի ապագան է վտանգի տակ: Իսկ Ադրբեջանի նոր արտգործնախարարը՝ նաեւ նոր հնարավորություն պետք է դիտարկել:
Ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում անհրաժեշտ է լիարժեք օգտագործել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ պետությունների ռեսուրսները: Ադրբեջանի հետ, ամբողջ սահմանի երկայնքով սահմանային միջադեպերի՝ տիեզերքից վերահսկման եւ ադրբեջանական ռազմական շարժի զոնդաժի գործիքակազմը՝ տավուշյան դեպքերից հետո, կարգավորման գործընթացի համար կարող է դառնալ միջազգային երաշխիք: Այս հնարավորությունները պետք է քննարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության անդամ պետությունների հետ:
Միաժամանակ անհրաժեշտ է արդյունավետ դարձնել ՀԱՊԿ դերակատարությունը: ՀԱՊԿ-ի շրջանակներում կնքված համաձայնագրերը, ինչպես նաեւ hայ-ռուսական երկկողմ ռազմա-քաղաքական մի շարք համաձայնագրերի շրջանակներում հրապարակային հայտարարությունները կարող են զսպող հանգամանք հանդիսանալ Հայաստանի հետ սահմանային գոտում ադրբեջանական ռազմական ագրեսիայի դեմ:
Հայկական զինուժն իր մարտական խնդիրները փայլուն է կատարում, եւ վստահ եմ, ամենաբարդ իրավիճակում էլ հայկական պաշտպանական կարողություններն անսպառ են: Սակայն քաղաքական եւ դիվանագիտական գործիքակազմն ամբողջ ծավալով գործի դնել է պետք:
Ադրբեջանի սանձազերծած այս ագրեսիաները էականորեն վնաս են հասցնում նաեւ ԵԱՏՄ տարածաշրջանային շահերին: Հետեւաբար ԵԱՏՄ հարթակը եւս կարեւոր գործոն կարող է դիտվել իրավիճակի կայունացման համար: ԵԱՏՄ ընդլայնման ծրագրերը եւ որդեգրված քաղաքականությունը կարիք ունի զսպելու տարածաշրջանն ապակայունացնող ադրբեջանական ավանտյուրաները:
Թուրքիայի անթաքույց ակտիվությունը եւ տարածաշրջանում հնարավոր քաղաքական միջամտությունները պետք է զսպվի՝ հաշվի առնելով նախիջեւանյան ուղղությունը: Ակտիվ աշխատանքներ պետք է իրականացվեն նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որի դերակատարությունը եւ տարածաշրջանային շահերը հիմնականում համահունչ են մեր լոկալ եւ ռեգիոնալ շահերին:
Ամբողջ թափով պետք է գործի դրվեն խորհրդարանական եւ միջխորհրդարանական հարթակներում գործող կապերը: Մենք մեր ունեցած հնարավորությունները եւ նախկինից մնացած հարաբերությունները ամբողջ ծավալով կիրառում ենք եւ շարունակելու ենք կիրառել: Անհրաժեշտ է բոլոր քաղաքական ուժերի աշխատանքներն այս ուղղությամբ կոորդինացնել: Մեզ պետք են տարբեր երկրների խորհրդարանների, կամ նրա առանձին մարմինների հստակ եւ միանշանակ դատապարտող հայտարարությունները:
Ադրբեջանը միեւնույն է չի հաջողելու, մենք դրական արդյունքով ենք դուրս գալու այս իրավիճակից: Խնդիրը քաղաքական ժամանակի եւ վճարվող գնի մեջ է», - այս մասին գրում է ԱԺ հինգերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ։