Կրոնական ազատությո՞ւն, թե՞ խաչակրաց արշավանքի նոր մոդել
Արխիվ 16-20
Ընդամենը շաբաթներ առաջ մամուլում լայն արձագանք գտավ մի լուր այն մասին, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը Հայաստանին շնորհավորել է` Կրոնական ազատության միջազգային դաշինքին միանալու առիթով: Ի՞նչ է սա նշանակում, պարզեցինք ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող «Դիալոգ» ՀԿ նախագահ ԱԼՄԱՍՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՑ:
– Նախ ասեմ, որ կրոնական ազատության հարցերը կարգավորվում են Մտքի, խղճի եւ կրոնի ազատության եվրոպական կոնվենցիայով, որին Հայաստանը արդեն վաղուց միացած է: Ո՞րն է տարբերությունը այս նոր դաշինքի: Առաջին հայացքից, կարծես թե, բարի նպատակներ հետապնդող կառույց է, որն իր վրա է վերցրել տարբեր երկրներում կրոնական ճնշման ենթարկվող կրոնական փոքրամասնությունների պաշտպանության եւ խնդրի բարձրաձայնման հարցը: Բայց կա սրա մյուս կողմը: Այս դաշինքը ստեղծվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից, որի քարտուղարն է այս պահին Մայքլ Պոմպեոն, որը 2016 թ.-ին հանդիսացել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը եւ իր գործունեության մի շարք այլ ուշագրավ փաստերի հետ մեկտեղ միջնորդել է նաեւ ԱՄՆ հետախուզական վարչության կողմից Աֆղանստանում եւ մի քանի այլ երկրներում հակաահաբեկչական գործողությունների ընդլայնմանը: Կենսագրությունը կապ ունի այնքանով, որ պարզ լինի` Մ. Պոմպեոն մինչ այդ պահը կրոնական կամ քրիստոնեական որեւէ մոտիվներ իր գործունեության ընթացքում չի հետապնդել:
– Իսկ ի՞նչ հիմնավորումներ են նշվել այս դաշինքի ստեղծման համար:
– Դաշինքի ստեղծման գալա-ընթրիքի ժամանակ Մ. Պոմպեոն իր ելույթում նշել է, որ «սա իրական առաքելություն է, մենք առաջ ենք քաշում ամերիկյան արժեքը եւ համարում ենք, որ այն գլոբալ արժեք է»: Նա մեղադրել է մի շարք երկրներին կրոնական փոքրամասնությունների ճնշման մեջ եւ հայտարարել, որ այդ ճնշումը հավասարազոր է ահաբեկչության, իսկ տվյալ երկրները դիտարկվում են որպես ահաբեկչական վտանգ ներկայացնող երկրներ: Հիմա նայենք մի քիչ էլ ավելի առաջ` հասկանալու համար, որ այս դաշինքը ուղղակի եւս մեկ հնարավորություն կարող է հանդիսանալ ԱՄՆ-ին այս անգամ կրոնական փոքրամասնությունները պաշտպանելու նպատակով իրականացնել գործողություններ մի շարք երկրներում: Այդ երկրների շարքին են դասվելու այն երկրները, որոնց մասին խոսեց Մ. Պոմպեոն կրկին այդ գալա-ընթրիքի ժամանակ` եզդիների խնդիրը Իրաքում« քրիստոնյաներինը` Նիգերիայում« մահմեդականներինը` Բիրմայում: Հատուկ ընգծվեցին նաեւ Չինաստանում կրոնական ճնշումները: Այսինքն` սա նոր ոճի կրոնական խաչակրաց արշավանք կարող է դառնալ, որի նպատակն է «ամերիկյան» արժեքը:
– Իսկ ո՞րն է ամերիկյան արժեքը` կրոնական տեսանկյունից:
– Երեւակայական քրիստոնեական-բարոյական արժեք, իսկ իրականում` անթիվ-անհամար ոչ ավանդական կրոնական կազմակերպությունների, կուլտերի եւ աղանդների համաշխարհային մատակարարում ամբողջ աշխարհով մեկ: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն վաղը կարող է ստեղծել ինչ-որ կրոնական կազմակերպություն, այդ կազմակերպությունը ներդնել որեւէ երկրում եւ այդ երկրում «կրոնական» անհանդուրժողականություն հանդիպելու դեպքում` իրեն իրավունք վերապահել այդ երկիրը հայտարարել ահաբեկչական երկիր: Այս կոնտեքստում, օրինակ, ՌԴ-ն, որն արգելել է Եհովայի վկաների գործունեությունը իր երկրում, նույնպես կարող է ահաբեկչական հայտարարվել: Նշեմ, որ իր ելույթում Մ. Պոմպեոն, օրինակ, բարձր գնահատականի է արժանացրել Սաուդյան Արաբիային, որն առաջինն է Միջին Արեւելքի երկրներից, որ թույլ է տվել իր տարածքում կառուցել «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու» (Մորմոններ) տաճարը, որոնք բազմիցս են տարբեր մասնագետների կողմից կասկածվել, որպես հետախուզական գործունեություն իրականացնող կազմակերպություն եւ մի շարք երկրներում դիտարկվում են որպես դեստրուկտիվ աղանդ: Այսինքն, այս անգամ արդեն կրոնական հիմնավորումով կրկին ոչ միայն կանգնում ենք ԱՄՆ-ՌԴ, ԱՄՆ-Իրան, ԱՄՆ-Իրաք, ԱՄՆ-Չինաստան եւ այլ սառը եւ ոչ սառը պատերազմների խաչմերուկում, այլ նաեւ խնդիրներ ենք առաջացնում մեզ նման փոքր երկրների համար` սեփական քաղաքացիներին պաշտպանելու կրոնական նոր հարձակումներից: