Հայ-ռուսական հարաբերություններն արդեն երկու տարի է տառապում են Նավալնու ախտանիշով. Գագիկ Հարությունյան
Արխիվ 16-20Մինչ հայաստանյան իշխանությունը քայլ արեց ու հակասահմանադրական ճանապարհով փորձեց ձերբազատվել իր համար ոչ ցանկալի Սահմանադրական դատարանի դատավորներից` մոռանալով, որ ընդամենը ամիսներ առաջ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե էր խոստանում, Ռուսաստանում կայացավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, իհարկե, այն ուներ այլ եւ բավական խորքային բովանդակություն: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
«ՌԴ-ՈՒՄ, ԻՐՈՔ, ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷԻՆ, ՈՉ ԹԵ ՍԴ ՄԻ ՔԱՆԻ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄ»
– Պարոն Հարությունյան, մինչ համացանցում բոլորը գուժում էին, թե ՌԴ-ում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով ավարտվելու է պուտինյան իշխանությունը, պարզվեց, որ արդյունքները բոլորովին այլ են: Ոչ միայն կողմ քվեարկողների տոկոսն էր բավական բարձր, այլ նաեւ մասնակցությունը հանրաքվեին: Ի՞նչ հետեւանք կամ արդյունք այն կարող է ունենալ Ռուսաստանի համար:
– Նախ նշեմ, որ սահմանադրության փոփոխությունները Ռուսաստանի համար մեծ բովանդակություն ունեին` ե՛ւ սոցիալական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ գաղափարական առումով: Շատ կարեւոր եմ համարում` մասնավորապես այն, որ այս փոփոխությամբ չինովնիկները չեն կարողանալու ունենալ արտերկրում հաշիվներ, քաղաքացիություն եւ այլն: Ազգային անվտանգության տեսանկյունից, որպեսզի պահպանվի Ռուսաստանի ամբողջականությունը, խիստ կարեւոր եմ համարում պատմական հիշողության ամրապնդմանն ուղղված քայլերը: Միանգամայն բնական էր, որ բնակչությունը մեծ առավելությամբ իր ձայները տվեց այդ հանրաքվեին: Իրոք, դրանք սահմանադրական փոփոխություններ էին, ոչ թե Սահմանադրական դատարանի մի քանի աշխատակցի հեռացնելու մասին որոշում:
– Կարո՞ղ ենք ասել, որ սա կարող էր օրինակ ծառայել մեզ նման պետությունների համար:
– Օրինակին հետեւելու համար` պետք են համապատասխան մտավոր եւ հոգեւոր կարողություններ: Ցավոք, այն մեզ համար այսօր օրինակ չէ:
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՉԷՐ ԱՆՑՆԻ, ԱՅԼԵՎ ԿԼԻՆԵՐ ՊԱՏՃԱՌ ՇԱՏ ՄԵԾ ԶՈՀԵՐԻ ԹՎԻ»
– Փաստորեն, հնարավոր էր կորոնավիրուսի պայմաններում անցկացնել հանրաքվե: Ինչո՞ւ Հայաստանում չեղարկվեց այն, մի՞թե հնարավոր չէր կյանքի կոչել:
– Հիշենք, որ կորոնավիրուսը մեզ մոտ մի փոքր այլ սցենարով է ընթանում, այսինքն` ոչ մի բան չարվեց համավարակը կանգնեցնելու, նվազեցնելու համար: Կարելի է ասել գրեթե ամեն ինչ արվեց, որպեսզի այդ համավարակի ցուցանիշներով մենք լինենք 10-րդն աշխարհում եւ 100-րդը` նման խնդիրներ ունեցող պետական կառավարման մակարդակով: Այո, մենք ընդհանրապես չէինք կարող եւ, ինչ-որ տեղ, փառք Աստծո, որ չանցկացրինք այդ հանրաքվեն, որովհետեւ այն ոչ միայն չէր անցնի, այլեւ կլիներ պատճառ շատ մեծ զոհերի թվի: Ցավոք, որեւիցե պարզագույն գործողություն ներկա իշխանությունները չեն կարող կազմակերպել, որ ինչ-որ մի բան նորմալ ձեւով ընթանա:
– Համառուսաստանյան հանրաքվեի վերջին եւ գլխավոր օրը ՀՀ-ում Հանրային հեռուստատեսության եթերում ցուցադրում էին հայատյաց նացիոնալիստ, հակապուտինյան հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին: Այս կերպ կարողանալո՞ւ ենք պահպանել հայ-ռուսական կառուցողական հարաբերություններ:
– Ցավոք, հայ-ռուսական հարաբերություններն արդեն երկու տարի է տառապում են Նավալնու ախտանիշով: Մենք տեսնում ենք, որ արդի կառավարական օղակներում մեծ մասը նրանք են, որոնք ժամանակին հայտնի են եղել իրենց հակառուսական մոտեցումներով: Բայց այստեղ խնդիրը ոչ թե վերաբերում է այս կամ այն ազգին կամ պետության վերաբերմունքին, այլ` Հայաստանի, հայ ժողովրդի լինել-չլինելու մասին է, որովհետեւ իմ խորին համոզմամբ` մեր միակ երաշխիքն այսօր թուրք-ադրբեջանական ագրեսիայից Ռուսաստանի հետ ունեցած հարաբերություններն են եւ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան:
«ԱԼԻԵՎԻ «ԼԵԶՈՒՆ ԵՐԿԱՐԵԼ Է», ՈՐՈՎՀԵՏԵՎ ՏԵՂԻ ԵՆ ՏՎԵԼ ՆՐԱ ԲՈԼՈՐ ՁԳՏՈՒՄՆԵՐԻՆ»
– Թեպետ հիմա Հայաստանում բոլորը կենտրոնացել են Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, բայց ընդամենն օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բավական ագրեսիվ հայտարարությամբ էր հանդես եկել Հայաստանի հասցեին: Ի վերջո, ինչո՞ւ է Ալիեւի «լեզուն երկարել»:
– Ալիեւի «լեզուն երկարել է» շատ բնական ձեւով: Լկտիացել է, որովհետեւ տեղի են տվել նրա բոլոր ձգտումներին, եւ հիմա, երբ անգամ մի փոքր ձգձգում է գնում նախնական պայմանավորվածություններից, Ալեւը շատ զգացմուքային արտահայտում է իր մոտեցումները:
– Որքանո՞վ էր համարժեք հայաստանյան իշխանությունների արձագանքն ալիեւյան հոխորտանքներին:
– Ինչ վերաբերում է Արցախին եւ Ադրբեջանին, որեւիցե համարժեք բան այս իշխանությունների կողմից առայժմ չեմ տեսել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
