Յուրաքանչյուրն իր խղճի առաջ պետք է պատասխան տա. Շաքե Իսայան
Արխիվ 16-20Ազգային ժողովում երեկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությամբ քննարկվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ապա նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրերը: Փակ քվեարկությանը չմասնակցեցին ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, իսկ «Իմ քայլը» գրեթե միաձայն կողմ քվեարկեց (չհաշված բացակա երկու պատգամավորներ Սասուն Միքայելյանի եւ Թագուհի Թովմասյանի): Թե ստեղծված իրավիճակում, որոնք են լինելու ԲՀԿ-ական պատգամավորների հետագա քայլերը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՇԱՔԵ ԻՍԱՅԱՆԻՑ:
- Երեկ ամեն ինչ արվեց, որպեսզի հենց այդ օրը ձերբակալումը տեղի ունենար: Կանխազգալով եւ կանխատեսելով այս ամենը` մի քանի սցենարներ ունենք մտածված: Մենք առաջիկայում մեր բոլոր քայլերի մասին կտեղեկացնենք: Իհարկե, զուգահեռ հաղորդումներ ենք պատրաստում մի քանի ուղղություններով, ինչի մասին եւս հավելյալ կտեղեկացնենք:
– Տիկին Իսայան, Ձեր ԲՀԿ-ական գործընկերները երեկ ԱԺ ամբիոնից արված իրենց ելույթներում ասում էին, որ «Իմ քայլ»-ում ազնիվ, բարոյական կեցվածք ունեցող ընկերներ ունեն: Սպասելի՞ էր Ձեզ համար, որ 86 իմքայլական` անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ հետները, կողմ քվեարկեն Գ. Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն:
– Միանշանակ սպասելի էր: Իհարկե, որեւէ մեկին չեմ ուզում վիրավորել եւ պիտակավորել, բայց կոնկրետ ինքս իմ խոսքում որեւէ մեկին չեմ դիմել: Ես իրապես դիմել եմ միայն ժողովրդին, ՀՀ քաղաքացիներին: Այո՛, շատ նեղ զրույցներում գործընկերներից եւս ահազանգում էին, որ այլ տարբերակ չունեն, որովհետեւ «Իմ քայլին» հրահանգված էր ամեն գնով կողմ քվեարկել այս ամեն ինչին: Ինչեւէ, թող ինձ ներեն, բայց անգամ այդ հրահանգողներին չեմ մեղադրում, յուրաքանչյուրն իր խղճի առաջ պետք է պատասխան տա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk