Անկարգություններ թույլ չենք տալու. ԱՄՆ-ում զինված հայերը սպասում են հունիսի 7-ին
Արխիվ 16-20
ԱՄՆ տարբեր նահանգներում այս օրերին տեղի են ունենում զանգվածային անկարգություններ, որոնք ուղեկցվում են վանդալիզմի դրսեւորումներով, թալանով ու արյունալի միջադեպերով: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մայիսի 25-ին ամերիկյան Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում ոստիկանությունը ցանկացել էր ձերբակալել 46-ամյա սեւամորթ Ջորջ Ֆլոյդին: Երբ փորձել են նրան ձեռնաշղթաներ հագցնել, տղամարդը սկսել է իրեն վատ զգալ, որից հետո՝տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ կնքել է իր մահկանացուն: Համացանցում հայտնի դարձած տեսանյութում երեւում է, որ ոստիկանն ավելի քան յոթ րոպե ծունկը ծալված վիճակում պահել է Ջորջի վզին, մինչ վերջինս խնդրում էր օգնել նրան եւ ասում, որ շնչահեղձ է լինում: Ոստիկանները շտապօգնություն են կանչել միայն այն ժամանակ, երբ վերջինս կորցրել է գիտակցությունը: Տեղի ունեցածից ցնցված՝ հասարակական բողոքի ալիք է բարձրացել՝ ընդդեմ ոստիկանության գործողությունների եւ ռասիզմի՝ «Չեմ կարող շնչել» կարգախոսով: Առկա լարվածությունը չի շրջանցել նաեւ ԱՄՆ-ում բնակվող հայերին, որոնք զանգվածային անկարգությունների պատճառով ստիպված անցել են ինքնապաշտպանության: Այս մասին «Իրավունքը» զրուցեց հայկական ինքնապաշտպանական խմբերը ձեւավորող ու դրանց համակարգող խմբի անդամ, լոսանջելեսաբնակ ԷԴԳԱՐ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ:
- Պարոն Քոչարյան, ի՞նչ իրավիճակ է հիմա Լոս Անջելեսում, հատկապես հայաբնակ վայրերում:
- Երկու օր առաջ էր բավականին խառը իրավիճակ, իսկ հիմա շատ հանգիստ է: Այսպես ասած, հետաքրքիր օր սպասվում է հունիսի 7-ին՝ կիրակի օրը: Չորս օր առաջ հայտարարություն եղավ, որ սեւականները բողոքի ցույց են իրականացնելու Գլենդելում, ինչը նշանակում է, որ նաեւ փորձելու են ամեն ինչ ջարդուփշուր անել: Խնդիրն այն է, որ մի մասը գալիս է ցույցի՝ իր սուգն արտահայտելու, բայց մյուս մասը հեռու քաղաքներից գալիս են՝ իրենց կեղտոտ գործն անելու համար: Այդքանը հասկանալով՝ մենք ավելի վաղ սկսեցին զինված ինքնապաշտպանության անցնել, որպեսզի իմանան, թե ինչ կլինի, եթե փորձեն այստեղ անկարգություններ կատարել: Դրանով ստիպեցինք, որ իրենց մտադրությունից մինչեւ այս պահը հրաժարվեն: Թե ինչ կլինի հունիսի 7-ին, կտեսնենք: Ամեն դեպքում, այնքան կազմակերպված ենք, որ եթե նույնիսկ փորձեն ինչ-որ գործողություններ կատարել, թույլ չենք տալու: Իսկ բողոքի ցույց կարող են անել, քանի որ դա իրենց խոսքի իրավունքն է եւ չենք կարող ոտնահարել իրենց իրավունքը: Թող գան, իրենց սուգն արտահայտեն, ցույց անեն, բայց այն պետք է լինի զուտ բողոքի ցույց եւ չվերածվի անկարգությունների ու բախումների:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.-Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում: