Ոչ ոք չի ներելու կառավարության այսօրվա անգործությունը. Սուրեն Մանուկյան
Արխիվ 16-20
«Եթե ՀՀ իշխանություններն արդեն սկսել են կանխատեսումներ անել առ այն, որ «COVID-19» կոչվող համավարակի տարածումը առաջիկայում հնարավոր է ընթանա ամենավատ սցենարով, ինչպես իրենք են նշել՝ Իտալիայի օրինակով, դա նշանակում է, որ առաջիկա ամիսներին մենք ունենալու ենք մահացության թվի սարսափելի աճ, որը կարող է հասնել ղարաբաղյան շարժման սկզբի օրերից (1991թ.) մինչեւ 2020-ական թվականները հայերիս ունեցած զոհերի քանակի մոտ 30 տոկոսին», - այս մասին զգուշացնում է ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր ՍՈՒՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ եւ մանրամասնում. «Հատկանշական է, որ Իտալիայի իշխանությունները շատ շուտ հասկացան, որ իրենց երկրում համավարակի տարածումը դուրս է գալիս վերահսկողությունից եւ սկսեցին խստացված կանոններով պարտադրել մարդկանց, որպեսզի նրանք ենթարկվեն իշխանությունների որոշումներին, որն էլ հանգեցրեծ համավարակի աճի կտրուկ նվազման, ինչը չեմ տեսնում Հայաստանի Հանրապետության պարագայում: Սա նշանակում է, որ, եթե իշխանությունները չգնան խիստ կանոնների իրական գործածության եւ դրանց հետեւողական վերահսկողության, մենք կունենանք առավել սարսափելի ցուցանիշներ, քան այս պահի դրությամբ կանխատեսում են ՀՀ այսօրվա իշխանությունները:
Առաջիկայում, երբ վերոնշյալ ցուցանիշներն այլեւս իրականություն լինի, այդ ժամանակ արդեն ոչ ոք չի ներելու կառավարության այսօրվա անգործությունը... Սթափվե՛ք, խելքներդ գլուխներդ հավաքեք եւ երկրում սահմանափակումներ, խիստ կանոններ սահմանեք, ու խստագույնս հետեւեք դրանց անվերապահ կատարմանը: Չնայած նրան, որ շատ եք ուշացրել, բայց ավելի վատթարագույնից խուսափելու համար դեռ ուշ չէ»: