Թիկունքից հարված էր, բա ի՞նչ էր. Տիգրան Կարապետյան
ԹեմաԱզգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի, փոխադարձ հայհոյանքների թեման շարունակում է մնալ ներքաղաքական թիվ մեկ դիսկուրսը: Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, որն ավելի հայտնի է որպես, պայմանական ասած, Պողոսի հարեւան, իր ելույթում վիրավորական արտահայտություններ օգտագործեց: Իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ամբիոնից զգուշացրեց, թե նման արտահայտությունները լարում են առաջացնում: Նկատողությունը դուր չեկավ «Իմ քայլի» պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին, եւ վերջինիս ռեպլիկին ի պատասխան՝ Է. Մարուքյանը թողեց ամբիոնն ու գնաց նրան ընդառաջ: Միքայելյանը հայտարարում էր, որ «կցխի» Մարուքյանին, իսկ նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նրա ձեռքից շտապում հեռացնել ջրի շիշը: Այնուհետեւ սկսվեց հայտնի խփոցին ու ծեծկռտուքը, որին մասնակցեցին ներկա բոլոր պատգամավորները, այդ թվում նաեւ կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Ոմանք ստանձնեցին բաժանողի դերակատարությունը, ոմանք՝ մեջքից խփողի: Իսկ արդյունքում մինչեւ հիմա դեռ պարզում են, թե ով ում մայրիկի® ձեռքը պետք է համբուրի ու ներողություն խնդրի: Ստեղծված իրավիճակի եւ ներքաղաքական զարգացումների շուրջ «Իրավունքը» զրուցեց Ժողովրդական կուսակցության նախագահ, ԱԼՄ հեռուստաընկերության հիմնադիր ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:
– Պարոն Կարապետյան, հետեւո՞ւմ եք խորհրդարանական աշխատանքին: Ինչպե՞ս եք վերաբերվում տեղի ունեցած ծեծկռտուքին:
– Երեւույթը բացասաբար եմ գնահատում, բայց սա սադրանք էր Էդմոն Մարուքյանի կողմից: Ակնհայտ է, որ նա սադրում էր, իր խոսքերով դրդեց՝ իմանալով Սասուն Միքայելյանի բնավորությունը: Իսկ այն, որ հետո ասաց, թե հետեւից են հարվածել եւ այլն, եւ այլն, եւս բերում է այն եզրակացության, որ սա սադրանք էր: Իսկ նպատակն իշխանությանը վարկաբեկելն էր:
– Եթե սադրանք էր, թող իշխանական պատգամավորներն էլ չտրվեին դրան ու չվարկաբեկեին իրենք իրենց: Չե՞ք կարծում, որ կռվի բռնվելը հենց հարված էր իշխանության թիկունքից:
– Իհարկե, թիկունքից հարված էր, բա ի՞նչ էր: Հենց դա եմ ասում, որ սադրանք էր, եւ Սասուն Միքայելյանը գնաց դրան՝ անկեղծ չմտածելով, որ սադրանք էր: Հիմա ինքը գիտի, որ սադրանք էր, բայց այն պահին չէր մտածում:
«ՇԱՏ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՆ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԸ, ԽՈՐԸ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ»
– Անգամ Նիկոլ Փաշինյանն է ընդունում, որ հիասթափություն կա այսօրվա իշխանությունից: Դուք ի՞նչ կասեք այս մասին:
– Ամեն դեպքում, հիասթափություն չի կարող լինել, եւ շնորհակալություն Փաշինյանին, որ կարողացավ փոխել իրավիճակը: Պետք է դուխից չընկնեն, բայց իրենց ավելի մեղմ պահեն, կոշտություն պետք չէ դրսեւորել:
– Ընդամենը օրեր առաջ Ազգային ժողովն ընդունեց մի խնդրահարույց կոնվենցիա, որը ոչ այլ ինչ է, քան այլասերության օրինականացում՝ դպրոցահասակների շրջանում: Սա հիասթափեցնող չէ՞:
– Դե օրենքներ կան` լավ եւ վատ: Դրա համար հարկավոր է հասարակությանն ավելի շատ ընդգրկել այս հարցերում: Շատ երիտասարդ են իշխանավորները, խորը դատողություն է պետք:
– Ո՞վ է մեղավոր, եթե իշխող ուժն իր թիմը նման կադրերով է համալրել:
– Այո, իսկապես, կադրերի խնդիր կա:
«ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԼԱՎ ՆԱԽԱԳԱՀ Է ԵՂԵԼ»
– Բավականին մեծ դժգոհություն է հասունանում` ընդդեմ օրվա իշխանության: Ի՞նչ եք կարծում առաջիկայում ականատես կլինե՞նք հեղափոխության:
– Դե, արդեն հասարակությունը կորոշի, բայց չեմ տեսնում, որ հեղափոխություն կլինի: Հեղափոխությունն այդքան հեշտ, հասարակ բան չէ:
– Իսկ երկու տարի առաջ տեղի ունեցածը ի՞նչ էր:
– Նկատի ունեք թավշյա՞ն, հեղափոխություն էր, բա ի՞նչ էր:
– Կարծում եք՝ ժողովրդի ընտրյալնե՞րն են այսօր խորհրդարանում, որոնց անուններն անգամ շատերը չգիտեն:
– Ի՞նչ ասեմ, սա է իրավիճակը:
– Այսօր տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու դատավարությունը: Ինչպե՞ս եք վերաբերվում այս գործընթացին:
– Հարկավոր է ինչ-որ եզրակացության գալ, վերջ դնել այս հարցին, շատ երկարեց ձգվեց, այս խմորը շատ-շատ ջուր քաշեց: Պետք է որոշել` ի՞նչ է լինելու, ի՞նչ պատիժ է լինելու: Ամեն դեպքում, Ռոբերտ Քոչարյանը լավ նախագահ է եղել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
