Այն ինչ ասվում է թատրոնի բեմից, շատ ավելի սթափեցնող է. Նարինե Ալեքսանյան
ՄշակութայինՀ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի ՆԱՐԻՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով թատրոնի միջազգային օրվան, որն ամեն տարի նշվում է մարտի 27-ին, խոսեց այսօրվա թատրոնի եւ դերասանների խնդիրների շուրջ.«Այսօր մենք ունենք այնպիսի թատրոններ, որոնք ունեն իրենց համաձակ ծրագրերն ու ուրույն ձեռագրերը: Որովհետեւ, եթե այսօր համարձակ ծրագիր չես իրականացնում,այլեւս ժամանակի մեջ չես: Իհարկե, կան նաեւ ներկայացումներ, որոնք իրենց մեջ զվարճանքի էլեմենտներ են պարունակում, սրանով ցանկանում են հաճոյանալ հանդիսատեսին: Բայց կարծում եմ, որ իմ երեւակայած թատրոնը անպայման պետք է համարձակ լինի եւ անվախ, քանի որ այն ինչ ասվում է թատրոնի բեմից , շատ ավելի սթափեցնող է: Թատրոնը կենդանի օրգանիզմ է եւ ունի իր փորձելու ու հաղթելու իրավունքները: Այսօր Հայաստանում թատրոնները գործում են, յուրաքանչյուրն իր ճշմարտության մեջ ճշմարիտ: Հայ դերասանն, ինչպես հայ մարդը ունի բազում խնդիրներ: Փառք ու պատիվ դերասանին, որ բեմ բարձրանալով, մոռանում է իր բոլոր խնդիրները: Թատրոնը շքեղություն է ու խաբկանք, հսկայական փողեր է պետք ծախսես, որպեսզի լինես քո խաբեության մեջ` լավ իմաստով: Ինչպես մյուս ոլորտներում, այնպես էլ թատրոնում ֆինանսական խնդիրներ կան, դերասանն իսկապես այն աշխատավարձը պետք է ստանա, որ բեմ բարձրանալուց եւ վարագույը փակվելուց հետո չծերանա`մտածելով, թե ինչպես տուն հասնի եւ այլն: Տարիներ առաջ եղել է դերասանի իրավունքները պաշտպանող կազմակերպություն, որն այսօր չկա: Իսկապես կուզեմ, որ լինեն կոնկրետ մարդիկ, որոնք կպաշտպանեն դերասանի իրավունքները:
Թող ամեն մի դերասան խաղա այն դերը, որը երազել է, խաղա այն ռեժիսորի մոտ, որի հետ աշխատելն իր համար երազանք է եւ թող թատրոնում ու կինոյում տիրի ստեղծագործական առողջ մթնոլորտ, որտեղ դերասանը ինչպես հարազատ տանն իրեն պաշտպանված կզգա: Ցանկանում եմ, որ բոլոր դերասանները, թատրոնի նվիրյալները լավ ու երջանիկ ապրեն, շնորհավորում եմ բոլորին: Կեցցե՛ թատրոնը, այն մարդուն թեւեր է տալիս եւ տա Աստված, որ որեւէ դերասանի թեւեր չկոտրվի, բոլորը թռիչք ունենան»,-եզրափակեց դերասանուհին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
