«Շուրջ 1000 ժամանակավոր աշխատատեղ կստեղծվի»․ ՀՀ Կառավարությունը հաստատեց տասնհինգերորդ միջոցառումը
Արխիվ 16-20
ՀՀ Կառավարությունն այսօր հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառումը։
Հարցը զեկուցեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ նշելով, որ նախագծով առաջարկում են ՀՀ բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակներով հիմնել ափապաշտպան անտառաշերտեր եւ այդ աշխատանքներում լայնորեն ներգրավել բնակչությանը՝ այդպիսով ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր եւ մեղմել բնակչության եկամուտների կրճատման հետ կապված վտանգները։
«Միջոցառման շահառու են այն բնակիչները, որոնք կներառվեն այս աշխատանքներում։ Աշխատանքները ենթադրում են նախանշված գետերի նախատեսված հատվածներում տեղական տեսակի ուռենու կտրոնների տնկում։ Նախատեսվում է, որ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման եւ տնկման համար 50 դրամ կտրամադրվի։ 1 հեկտարի հաշվով 10 հազար կտրոն կտեղադրվի։ Բնապահպանական մասով խոսեմ. գետերի ափապաշտպան աշխատանքները լայնորեն կիրառվում են ամբողջ աշխարհում»,- ասաց Գրիգորյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախագծի իմաստն այն է, որ 3 կազմակերպությունների միջոցով մարզերում կիրականացվի ծառատունկ, որը կլինի վճարովի աշխատանք, եւ շուրջ 1000 ժամանակավոր աշխատատեղ կստեղծվի. «Մենք նաեւ մտադիր ենք այս ծրագիրը դարձնել շարունակական, որը սեզոնայնություն ունի եւ կապված է ծառերի տնկման սեզոնի եւ պայմանների առկայության հետ»։