«Ցեղասպանությունն իմ մեջ». Ֆիլմ-հայտնություն Հայոց ցեղասպանություն վերապրողների հուշերով
Արխիվ 16-20105 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից Արևմտյան Հայաստանում 1,5 միլիոն հայ է բնաջնջվել, տեղահանվել հայրենիքից: Այսօր ողջ հայությունը հարգում է նահատակված հայերի հիշատակը:
Կանադահայ ռեժիսոր ու սցենարիստ Արազ Արթինյանի «Ցեղասպանությունն իմ մեջ» ֆիլմը ինքնաբացահայտման, ինչպես նաև ցեղասպանության ժառանգների չսպիացող վերքին դարմանում գտնելու փորձ է. «Կուզեի հայտնաբերել, թե ով էի իսկապես, դիմագրավեի ապագան առանց ծնողքիս ճնշումին, սակայն բոլոր ճամփաները զիս դեպի անցյալը կտանեին: Որոշեցի ֆիլմ մը պատրաստել` հաջորդ սերունդին փոխանցելու համար մեր հավաքական հիշողությունը»,- ֆիլմի սկզբում պատմում է 32-ամյա Արազը: Ֆիլմը նկարահանելու միտքը Արթինյանի մոտ հղացել է 2001 թվականին, երբ սկսել է հարցազրույցներ անել Կանադայի և ԱՄՆ տարբեր քաղաքներում ապրող ցեղասպանության վերապրողների հետ «Քսան ձայն» ծրագրի շրջանակներում: Շատ կարևոր էր նրանց մասին փաստագրական նյութեր հավաքելը, քանի որ բոլորն էլ 92-ից բարձր տարիքի էին ու հավերժ չէին ապրելու»,- ասում է Արթինյանը:
Վավերագրական ֆիլմը նկարահանելու համար Արթինյանը դրամաշնորհներ է ստացել ՍՈԴԵԿ-ից` Կանադայի արվեստների խորհրդից, Քվեբեքի արվեստների խորհրդից, ինչպես նաև մի խումբ հայ բարերարներից:Ընդ որում, ամենուր նրան նույն հարցն էին տալիս. Ինչո՞ւ ցեղասպանությունից երեք սերունդ հետո Կանադայում ծնված հայը չի կարողանում հանգիստ ապրել առանց հետ նայելու: «Ես ասացի, որ մինչև այսօր կզգանք մեզ վրա դրա ազդեցությունը: Առաջին օրինակը, որ միտքս եկավ, օտար ամուսնություններն էին, որ արգելված էին, քանի որ ինքնության հարց կա, միասնության հարց, որով պետք է հասնեինք Հայ դատի լուծմանը»,- ասում է Արթինյանը: Ֆիլմը սկսվում է Արազի պատանեկան հիշողությամբ իր առաջին փորձառության մասին, որը կանխորոշեց նրա երկար ճանապարհը դեպի սեփական ինքնության բացահայտում. «17-ը տարեկանիս հանդիպեցա տղու մը, որ հայ չէր: Երբ առաջին անգամ ան մեր տուն հեռաձայնեց, հայրս ըսավ ինծի, որ ուրիշ անգամներ ալ չհեռաձայնե. ինծի արտոնված չէր թիվս օտարներու տալ,- պատմում է Արազը: - Այն ատեն ես հասկցա, որ հայ ըլլալը շատ ավելին էր, քան ինքզինք ըլլալը»:«Ցեղասպանությունն իմ մեջ» ֆիլմի առաջին հանդիսականները բարձր գնահատեցին այն` որպես հազվագյուտ տեսակետ այն մասին, թե ինչպես է անդրադառնում ցեղասպանությունը սփյուռքի և, հատկապես, Արթինյանի սերնդի վրա:Արթինյանը շարքային սփյուռքահայ երիտասարդ է: Նա պատկանում է մի ընտանիքի, որի հայրը` Վրեժ-Արմեն Արթինյանը, զինվորագրվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործին: Հոր ու դստեր մտերմիկ զրույցներում հուզիչ կերպով ներկայացվում է հոր` որպես լրագրողի և Մոնրեալում հայկական դպրոցի հիմնադրի դերը:Հոր մտասևեռումների պատճառը պարզելու ու նրան հասկանալու համար ռեժիսոր դուստրը մեկնում է Նյու Յորք և Բոստոն` զրուցելու եղեռնը վերապրողների հետ: Հետո մեկնում է Թուրքիա` տեսնելու այն ամենը, ինչի համար պայքարում է, և այն գետը, որի անունն է կրում:Ֆիլմում ներկայացվում են ցեղասպանության վերապրողների անպաճույճ և հաճախ խառնաշփոթ մենախոսությունները` համեմված Արթինյանի մեկնաբանություններով:Թուրքիա կատարած ճամփորդության ժամանակ Արթինյանը հանդիպում է մի թուրք զբոսավարի, որի` ցեղասպանությանը տված բացատրությունը ներկայացնում է նրա պետության քաղաքական գիծը, թե 1915-1918 թվականներին հայերը հայտնվել են մի հակամարտության մեջ, որի համար մեղավոր են ռուսները:«Ինձ շատ հետաքրքիր էր, թե ինչպես են զբոսաշրջիկներին ներկայացնում Արևելյան Թուրքիայի պատմությունը, և ընտրեցի այդ ճանապարհը` Թուրքիա գնալ զբոսաշրջիկների խմբով,- ասում է Արթինյանը: - Սկզբում ոչինչ չէի հարցնում, միայն մեկ անգամ հարցրի` իսկ որքա՞ն հայ է ապրել այստեղ: Հարցրեց` ապրո՞ւմ, թե՞ ապրել: Ասացի` մինչև ցեղասպանությունը»:«Եթե ասում ենք «ցեղասպանություն», պետք է ասենք` փոխադարձ, քանի որ դա եղել է երկուստեք. սկզբից հայերը մահմեդականներից ազատվելու ծրագիր սկսեցին իրականացնել, և միայն այդ ժամանակ Թուրքիայի կառավարությունը ինքնապաշտպանության դիմեց»,- ասում է թուրքը, որը հետո զբոսաշրջիկների համար դուդուկ էր նվագում և հայկական պարեր սովորեցնում: Հակադրվելով պատմության թուրքական տարբերակին` հեղինակը ներկայացնում է իրողությունը վերապրողների միջոցով: Գաղթի ճանապարհին մանկությունն ու ծնողներին կորցրած ծերունիները, որոնց աչքերի առաջ առայսօր մորթվածների ու սովահարների կմախքացած դիակներն են, ասում են, որ կներեն թուրքրերին, եթե նրանք ընդունեն իրենց արածը: Սա է, որ հանգստություն կտա և կդարմանի հայերի մեծ վերքը:Իսկ իր համար ռեժիսորը, կարծես, գտնում է պատասխանը. «Մեկ բան հստակ է` հակառակ ցեղասպանության` կուզեմ հայ ըլլալ ու ազատ»:
ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
