Խուճապը, տագնապը և սթրեսը ավելի վնասակար են, քան վիրուսը. Սեքսոպաթոլոգ
Արխիվ 16-20
Խուճապի ժամանակ շատանում է սթրեսային հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը, այն քայքայում է իմունային համակարգը, ինչի հետևանքով թուլանում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ:
- Մեր օրերում, ցավոք, արմատացել են տևական սթրեսները, որոնք օրգանիզմը ավելի խոցելի է դարձնում: Դրանից տուժում է նաև կյանքի որակը: Պետք չէ խուճապի մատնվել։ Երբ մենք ենթարկվում ենք խուճապի, անհանգստանում ենք, լարվում, մեր մարմինը սթրես է ապրում: Այդ պահին բարձրանում է կորտիզոլի մակարդակը, որը պարզապես ոչնչացնում է իմունային համակարգը: Այդպես մենք անգիտակցաբար կարող ենք ինքներս մեզ քամել այնպես, որ ակտիվացնենք քնած հիվանդությունները և կորցնենք դիմադրողականությունը: Միակ բանը, որ հիմա իսկապես պետք է, ներքին անդորրն է՝ ներդաշնակությունը: Ցանկացած սթրեսային գործոն, ինչպիսին կորոնավիրուսն է, ինքնին առաջացնում է խուճապ։ Բայց այն պետք է վերահսկել և կառավարել։ Վիճակը ավելի են բարդացնում ԶԼՄ-ները, համացանցը, պարապուրդի մատնված մարդիկ, ովքեր համացանցում անդադար լարվածություն են ստեղծում, խրտնած ստատուսներ գրում, մեղավորներ փնտրում, դատ ու դատաստան պահանջում, անիծում, հայհոյում... Չի՛ կարելի։ Սա մերժելի և վնասակար մոտեցում է, որը միայն է՛լ ավելի է խորացնում իրավիճակը, ավելի է սրում սթրեսը՝ իր բոլոր հետևանքներով։ Խուճապից խուսափելու համար պետք է սահմանափակել ավելորդ և անպիտան ինֆորմացիայի հոսքը (հեռուստացույց, համացանց և այլն), չլսել և չկարդալ պաթոսաշունչ և հուզումնառատ ճառեր, գրառումներ, առավել ևս՝ դրանք ոգևորված չտարածել՝ ուրիշներին է՛լ ավելի սթրեսի չենթարկելու համար։ Պետք է հեռու մնալ ալկոհոլաբուժման մասին վերջերս լայն տարածում գտած համացանցային տարօրինակ խորհուրդներից. օղին չի փրկում կորոնավիրուսից, այլ, ընդհակառակը, նվազեցնում է իմունիտետը:
- Ինչպե՞ս է սեռական կյանքը ազդում վիրուսի վրա։
- Առողջ սեքսը բարեհաջող է ազդում առողջության վրա ու հանդիսանում է գրիպի բուժման կանխարգելիչ միջոց: Ի վերջո, սեքսը պաշտպանում է գրիպից և մրսածությունից: Ակտիվ սեռական կյանքը բարձրացնում է օրգանիզմում իմունահամակարգը ամրացնող հակամարմինների քանակությունը: Խոսքը վերաբերվում է իմունոգլոբին А-ին, որը պաշտպանում է օրգանիզմը տարբեր վիրուսներից և հիվանդություններից: Իհարկե, անգամ ամենակրքոտ շոյանքները չեն կարող փոխարինել պատվաստումը, սակայն միավորվելով համբույրների հետ, որոնց ժամանակ զուգընկերները փոխանակվում են առնվազն 40 000 նոր օգտակար բակտերիաներով, դրանք էապես մեծացնում են գրիպի վարակից զերծ մնալու շանսերը: Իհարկե, այս դեպքում խոսքը միմիայն ԱՌՈՂՋ մարդկանց մասին է։
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ