Արտակարգ դրության օրինականությունը, մեղմ ասած, կասկածելի է
Արխիվ 16-20
Եվ այսպես, Հայաստանում ակտիվ տեմպերով ծավալվում է արտակարգ դրության իրավիճակը։ Պե՞տք էր այն կորոնավիրուսի տարածումը կանխելու տեսանկյունից, թե՝ ոչ, առանձին հարց է։ Սակայն տնտեսական տեսանկյունից արտակարգ դրության բացասակն հետեւանքներն արդեն իսկ տեսանելի են, եւ կասկածների տեղիք չի տալիս, որ այն, մեղմ ասած, շատ ավելի բարդ իրավիճակ կարձանագրի ավարտվելու պահին։
Սակայն այդ սպասելիքներն էլ հաշվի առնելով, դեռ շարունակում է քննարկումների հարց մնալ՝ որքանո՞վ էր արդարացված այդ ռեժինի սահմանումը։ Նախ՝ հնարավոր հետեւանքները հաշվի առնելով, ապա՝ օրենքի տեսանկյունից։ Պաշտոնական նպատակը հասկանալի է՝ կանխել կորոնավիրուսի ակտիվ տարածումն ու իրավիճակը բերել կայունացման փուլ։ Բացասական հետեւանքն էլ տեսանելի էր հենց արտակարգ ռեժիմի սահմանման ԱԺ հայտնի նիստում, որտեղ անգամ վարչապետն էր խոսում տնտեսական հետեւանքների անխուսափելիությունից։ Այսինքն, ամեն ինչ հենց այդ պարզ համեմատության մեջ էր՝ սպասվող առողջապահական օգուտներն արդարացնո՞ւմ են հնարավոր տնտեսական կորուստները։ Իհարկե, կարելի է ասել՝ առողջությունն ամենից վեր է։ Սակայն այստեղ մեկ մեծ հարցական կա՝ իսկ արդյոք կորոնավիրուսն իրականում այն սարսափելի վտա՞նգն է ներկայացնում, որ հանրային առողջությունը համարենք վտանգված։ Փորձենք հասկանալ։
Նախ հիշեցնենք հայտնի օրենսդրական փաստը, որի մասին այս օրերին շատ խոսվեց։ Կառավարությունը, ըստ գործող օրենսդրության, իրոք իրավասու է արտակարգ իրավիճակների, այդ թվում՝ համաճարակների դեպքում արտակարգ դրություն սահմանել։ Բայց ամբողջ հարցն այն է, որ Աժ նիստի ժամանակ այդպես էլ համաճարակի առկայության մասին հստակ ոչինչ չասվեց։ Ավելին, վարչապետ Փաշինյանը արտակարգ դրության սահմանման խնդիրը հիմնականում բացատրում էր, թե սովորական իրավիճակներում պետությունը պարզապես համապատասխան լծակներ չունի՝ վարակվածության մեջ կասկածվողներին ստուգելու եւ մեկուսացնելու հարցում։ Անգամ բերեց օրինակ, թե գնում, կասկածվողի դուռը բախում են, նա էլ թե՝ չեմ բացի։ Այսինքն, արտակարգ դրության հիմնական նպատակը փաստացի ներկայացվում էր պետությանը հավելյալ լծակներ տալու խնդիրը։
Սակայն պետք է առնվազն վերապահումներով մոտենալ այդ մոտացմանը, թե պետությունն այդ լծակները չունի։ Բանն այն է, որ Քրօրենսգրքում կան հոդվածներ, որոնք ուղղված են մարդկանց վիրուսներով վարակելու, ինչպես նաեւ՝ առողջությանը չիմանալով կամ դիտավորությամբ վնաս պատճառելու դեմ։ Իսկ վիրուսակրի կողմից այլ անձանց վարակումը ոչ այլ ինչ է, քան առողջությանը հասցված վնաս, այսինքն՝ հանցագործություն, եւ պետությունն էլ նման արարքները կանխելու բոլոր լծակներն ունի՝ առանց որեւէ արտակարգ դրության։ Եթե անգամ այդ լծակները թույլ էին, ապա գործող իշխանություը կարող էր արտակարգ դրության փոխարեն գնալ օրենսդրական փոփոխությունների միջոցով լծակների ուժեղացման։ Ի վերջո, կորոնավիրուսից հետո կարող են բազում այլ նման վիրուսներ էլ ի հայտ գալ, եւ պետությունը պետք է մշտական եւ հստակ լծակներ ունենա՝ վարակ տարածողների դեմն առնելու համար, որ ամեն անգամ արտակարգ դրություն հաստատել-չհաստատելու մասին չխոսեն։
Այսպիսով, անհրաժեշտությո՞ւն էր ատրակարգ դրություն հայտարարել՝ պաշտոնապես հնչեցված խնդրի լուծման համար, առնվազն ԱԺ նիստից հետո անգամ միանշանակ չդարձավ։ Սրանով հանդեձ, որքանո՞վ էր օրեիքի տառին համապատասխան արտակարգ դրության հաստատումը։ Հիշեցնենք, դրա օրենսդրական թույլատրելի տարբերակը համաճարակի առկայությունն է եւ ոչ թե պետական այս կամ այն լծակի ունենալ-չունենալը։ Իսկ Հայաստանում ունե՞նք համաճարակ։ Այսօր եւս վարչապետ Փաշինյանը, ինչպես վերջին օրերին սովորաբար, երկար-բարակ խոսեց կորոնաավիրուսով վարակվածների մասին։ Պատկերը սա է․ թեեւ ելույթի պահին ունեինք 80-ի կարգի վարակվածներ, սակայն, վարչապետի խոսքից դատելով, որեւէ լուրջ մտավախության խնդիր չկա։ Վարակվածներից ընդամենը մի քանիսն ունեն թոքաբորբ (ընդ որում՝ ոչ ծանր) կամ 38-39 աստիճանի սահմաններում ջերմություն։ Իսկ ահա հիմնական մասը որեւէ առողջական խնդիր չունի կամ վատագույն դեպքում կա 37 աստիճանի կարգի ջերմություն։ Վարչապետի բերած այս ցուցանիշները, այն էլ՝ արտակարգ դրության սահմանումից երկու-երեք օր անց մեկ բան են ակնարկում՝ համաճարակային վտանգ երկիրը չունի։
Բացի այդ, համաճարակն այն հասկացությունը չէ, որ երբ ուզես հաստատես, չուզես՝ ոչ։ Ի՞նչ ասել է համաճարակ․ հայաստանյան պատկան այրերը տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ հրապարակավ տվել են բացատրությունը։ Բերենք պատահական մեկ օրինակ․ 2016թ․-ին Հայաստանի Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման ազգային կենտրոն»-ի շնչառական վարակների եւ առանձնապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների բաժնի պետ Լիանա Թորոսյանը այսպես պարզաբանեց, թե որ դեպքում կհայտարարվի մասնավորապես սուր-շնչառական վարակներ համաճարակ․ այն ժամանակ, երբ կոնկրետ ժամանակահատվածում ողջ հանրապետության տարածքում վարակվածների թիվը 5 կամ ավելի ավելի անգամ գերազանցում է համաճարակային շեմը. «Իսկ ինչ է համաճարակի շեմը: Այն հաշվարկվում է կոնկրետ շաբաթվա համար: Այս դեպքում միջազգային գիտական առաջարկությունների հիման վրա: Այս դեպքում դիտվում է սեզոնային բարձրացում, ինչը վարակիչ հիվանդության բնական աճն է, իսկ սեզոնային բարձրացումը ենթադրում է գերազանցում մինչև երեք անգամ»:
Այսինքն, համաճարակի հայտարարման համար հետք է հիվանդների շատ ավելի մեծ թիվ ունենալ, քան ունենք այս պահին։ Մեկ այլ հրապարակային օրինակ բերենք․ նույն 2016թ․ փետրվարի սկզբներին, երբ կորոնավիրուսի փոխարեն H1N1 վիրուսն էր սարսափի օբյեկտ, ԱԺ-ում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարեց․ «Մահվան 19 դեպք է գրանցվել․․․ Այս պահին ունենք մոտ 570 հիվանդ սուր շնչառական վիրուսով եւ մոտ 300 հիվանդ՝ թոքաբորբով: 50 տոկոս նվազում կա հիվանդացության: Այս պահին մոտենում ենք սեզոնային միջին ցուցանիշին»: Այսինքն, այդ պահին ունեցել ենք հիվանդացության եւ մահացության անհամեմատ ավելի բարձր ցուցանիշներ (հիվանդների շաբաթական ցուցանիշը հասնում էր մինչեւ 5-6 հազարի, ընդ որում, մեծ մասը երեխաներ էին), քան ներկայումս։ Այդ թվում, ներկայիս 0 մահվան դեպքի փոխարեն այն ժամանակ ունեինք 19։ Սակայն անգամ այդ իրավիճակում համաճարակ եւ արտակարգ դրություն չհայտարարվեց, ու դա չխանգարեց, որ իրավիճակն այստիճանաբար հանդարտվեր, ընդ որում՝ խուսափելով արտակարգ իրավիճակի հարուցած տնտեսական խնդիրներից։
Եվ այսքանից զատ, նախօրեին փորձեցինք պարետի գրասենյակից պաշտոնապես ճշտել՝ Հայաստանում համաճարակ հայտարարվա՞ծ է, թե՝ ոչ։ Խորհուրդ տվեցին դիմել Առողջապահության նախարարություն։ Դիմեցինք։ Պահանջեցին գրավոր դիմում, իսկ դա, որպես կանոն, ասվում է, երբ պետական չինովնիկն այդ պահին ասելու բան չունի։ Քչփորեցինք նաեւ նախարարության կայքը․ չգտանք ոչ մի պաշտոնական հայտարարություն, որտեղ բաց տեսքով կասվեր՝ այս-այս ցուցանիշներից ելնելով Հայաստանում հայտարարվել է համաճարակ։
Իհարկե, դեռ կփորձենք պաշտոնական ատյաններից խելքը գլխին պատասխան ստանալ՝ հայտարարե՞լ են համաճարակ, թե՝ ոչ։ Եթե հայտարարել են՝ ե՞րբ եւ ինչ ցուցանիշներից ելնելով։ Եթե չեն հայտարարել, ի՞նչ հիմքով է արտակարգ դրություն սահմանվել։ Իսկ այս պահին եղած հրապարակային տվյալներ տենում են այս ենթադրությանը․
1․ Հայաստանում համաճարակ հայտարարված չէ, եւ շատ պարզ պատճառով՝ չունենք կորոնավիրուսի այնպիսի վտանգավոր ցուցանիշներ, որոնք համաճարակին կհամապատասխանեն։
2․ Հիմք չէ, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը աշխարհում պանդեմիա է հայտարարել։ Դա աշխարհի համար է, որտեղ կան երկրներ, որոնց իրավիճակն իրոք շատ բարդ է։ Բայց կան նաեւ երկրներ, որտեղ համաճարակի չափորոշիչները չկան, եւ ԱՀԿ-ի ասածը չի կարող նաեւ դրանց վերաբերել։
3․ Չունենալով համաճարակ, այնուամենայնիվ սահմանվել է արտակարգ դրություն։ Այսինքն, եթե պատկան պետական կառույցները չկարողանան հիմնավորել, որ հայտարարել են կամ ունենք համաճարակային իրավիճակ, կնշանակի՝ արտակարգ դրությունը հայտարարված է օրենքի կոպիտ խախտմամբ։ Ընդ որում, դա լուրջ խնդիրներ է ստեղծում երկրի տնտեսության համար։
Ի դեպ, հուշենք նաեւ պարետին, որ այս հրապարակումը ոչ թե կարող է խուճապ առաջացնել (այդ կարգի հրապարակումներն արտակարգ դրության պայմաններում արգելված են), այլ ընդհակառակը, պնդել եւ պնդում ենք, որ ներկայիս որոշ ծանր տրամադրությունների որեւէ պատճառ գոնե այս պահին չկա, եւ այդ հարցում լիովին համաձայկն ենք վարչապետի հետ։ Ամբեղջ խնդիրն այս է՝ ինչո՞ւ այս իրավիճակում արտակարգ դրություն հայտարարվեց, ո՞րն էր դրա նպատակը։
Ա․Աբրամյան