«ԷԿՈ ԳՅՈՒՂԵՐԻ» ՑԱՆՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԶԱՐԳԱՆԱԼ. ԼՈՒՍԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՓՈՂՈՑՆԵՐ` ԱՐՓԻ ԳՅՈՒՂՈՒՄ
Արխիվ 16-20
Գործընկեր կազմակերպությունների ընտրած ռազմավարությունը շարունակում է դրական արդյունք արձանագրել: Վիվա-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, Վայոց ձորի մարզի Արփի գյուղում լուսավորվել է եւս 4 փողոց` շուրջ 2300մ երկարությամբ ճանապարհ: Տեղակայվել է էներգախնայող 60 լուսատու: Ծրագրի արձանագրած արդյունքը երկարաժամկետ է եւ թիրախավորված: Այն ապահովում է ենթակառուցվածքների զարգացում, բյուջետային միջոցների խնայողություն եւ մարդ-վայրի բնություն հակասության կարգավորման նախադրյալներ: Գյուղի բնակիչների համար նախորդ ամռան վերջին երկու ամիսներն անցել են անսովոր ռեժիմով. նրանք գիշերները հերթապահություն են սահմանել` գյուղ մտած արջերից համագյուղացիներին պաշտպանելու համար: Վայրի կենդանիների «թիրախում» է հայտնվել գյուղի` մթության մեջ գտնվող հատվածը: Ծրագրի շնորհիվ լուսավորվել է հենց այդ մասը` հնարավոր վտանգը հետագայում կանխելու համար: Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Արփի բնակավայրի վարչական ղեկավար Գագիկ Հովսեփյանն ու համայնքի բնակիչներ:
«Այն, ինչ իրականացնում ենք այս ծրագրի շրջանակում, շատ կարեւոր է: Փորձում ենք փոխել բնության ռեսուրսներն անխնա սպառելու մոտեցումը: Դա կարեւոր է վաղվա սերնդի համար: Երբ տարբեր գյուղերում նման համակարգ ենք գործարկում, մարդիկ սկզբում գնահատում են առաջին հայացքից տեսանելին` վառ լուսավորությունը: Կարճ ժամանակ անց, հատկապես այնտեղ, որտեղ երկրորդ փուլն է իրականացվում, զգում են ծրագրի մյուս` բնապահպանական, սոցիալական, տնտեսական արդյունավետությունը: Նաեւ այն, որ երեկոյան ժամերին կա անվտանգ քայլելու հնարավորություն: Այդ ամենը թույլ է տալիս փոխել նաեւ մարդկանց մտածելակերպն ու փնտրել զարգացման այլ հեռանկարներ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Էկո գյուղերի ցանց» ծրագրի մեկնարկն այս գյուղում տրվել է 2018 թվականին: Առաջին փուլով գործընկերները լուծել են գյուղի գլխավոր փողոցի արտաքին լուսավորության խնդիրը: Այդ ժամանակ կառուցվել է 51 լուսադիոդային (LED) լուսարձակից բաղկացած համակարգ եւ լուսավորվել 2կմ հատված: Այսպիսով, երկու փուլով իրականացված ծրագրի արդյունքում, գործընկեր կառույցների եւ Արենիի համայնքապետարանի համատեղ ջանքերով, Արփի գյուղում տեղակայվել է 111 LED լուսարձակ եւ լուսավորվել 4300մ հատված: