Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց
ՀանդիպումՀայաստանյան արտաքին մարտահրավերների, ներքաղաքական իրավիճակի եւ հոգեւոր անվտանգության շուրջ «Իրավունքը» զրուցել է Երեւանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար, քաղաքագետ, բ.գ.թ. ՌՈՒԲԵՆ ԲԱՐԵՆՑԻ հետ:
«ՆՐԱՆՑ ՈՒԺԵՐԻՑ ՎԵՐ Է, ԵԿԵՂԵՑԻՆ ԴԵՌ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂԱՑԵԼ ՈՉՆՉԱՑՆԵԼ»
— 2025 թվականն ամփոփում ենք օրվա իշխանության կողմից Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ աննախադեպ հալածանքների ներքո: Ինչպե՞ս կգնահատեք ստեղծված իրավիճակը:
— Այս հարցն ունի երկու կողմ՝ գլոբալ եւ լոկալ՝ հայկական։ Գլոբալ հարցն այն է, որ աշխարհում համաշխարհային ֆինանսական մաֆիան պատերազմ է հայտարարել քրիստոնեությանը։ Բոլոր ճակատներում ընթանում է պատերազմ քրիստոնեության դեմ:
Վերջին տասը տարիների ընթացքում Մերձավոր Արեւելքից տեղահանվել կամ ոչնչացվել է մեկ միլիոն հարյուր հազար քրիստոնյա։ Նկատի ունեմ՝ Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, նույնիսկ ղպտիները հրաշքով փրկվեցին։
Իսկ լոկալ՝ տեղական մակարդակում նպատակ են հետապնդում ազգի հենասյուն հանդիսացող վերջին ինստիտուտը ոչնչացնել: Ունեինք Գիտությունների ազգային ակադեմիա, որը 35 տարվա ընթացքում հետեւողականորեն ոչնչացրեցին։ Կար Հայոց բանակ, որը Նիկոլ Փաշինյանը ոչնչացրեց։ Մնաց միայն եկեղեցին։ Բայց եկեղեցին նրանց ուժերից վեր է։ Եկեղեցին դեռ ոչ ոք չի կարողացել ոչնչացնել։ Ժամանակին միակ բանը, որ Ստալինին հաջողվեց, դա քահանայության ֆիզիկական ոչնչացումն էր։ Բայց այն կրկին վերածնվեց, որովհետեւ ոգին ոչնչացվող չէ, Աստված՝ նույնպես։
Սա այն է, ինչ համաշխարհային գլոբալիզմը եւ գլոբալիստները չեն ուզում հասկանալ։ Ահա եւ ամենը։
— Իշխանական մամուլը դաշտ նետեց մի իբրեւ աղմկոտ բացահայտում, թե ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա տվյալների համաձայն՝ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988թթ. համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ։ Հիմա ամբողջ իշխանական թեւն ակտիվորեն փորձում է Եզրաս սրբազանին ներկայացնել՝ որպես «գործակալ», մի շարք փորձագիտական եւ քաղաքագիտական գնահատականներով էլ այդ փաստաթուղթը չի կարող լինել իրական՝ առաջին հերթին նրա համար, որ 1986-1988թթ-ին ԿԳԲ-ն դժվար թե հայատառ գրեր, ինչպես ներկայացվեց հրապարակված թղթում: Ի՞նչ կասեք այս մասին:
— Սա ավելի շատ փիլիսոփայական հարց է, քան դավադրապաշտական։ Եկեղեցին իր գոյության սկզբից առաջ է բերեց հայտնի կարգախոսը՝ «Աստծունը` Աստծուն, Կեսարինը` Կեսարին»: Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ, որովհետեւ դա կեսարի ուժն է։ Բոլոր ժամանակների առաջին գործակալական ցանցը հենց կաթոլիկ եկեղեցին է եղել։ Հետեւաբար, մեղադրել Հայ Առաքելական Եկեղեցուն, թե նա ինչ-որ մեկի հետ է համագործակցել, նշանակում է «թքել քամուն հակառակ», ռուսերեն՝ մի փոքր ավելի կոպիտ են ասում:
Լիովին հնարավոր է, որ նույնիսկ հայ հոգեւորականության կեսը, այսինքն՝ բարձրագույն հոգեւոր դասը, այս կամ այն չափով համագործակցել է որեւէ հատուկ ծառայության հետ։ Նրանք պարզապես այլ ելք չունեն։ Նրանց զենքը խոսքն ու սերն են, եւ սատանայական ուժերի դեմ միայնակ դիմակայել չեն կարող։ Նրանց պետք է օգնի պետությունը, մինչդեռ պետությունը նրանց դեմ է գործում:
— Ի դեպ, հատկանշական է, որ մի իշխանություն է բարձրաստիճան հոգեւորականին մեղադրանքներ հղում, թե հավաքագրված է հատուկ ծառայությունների կողմից, երբ նույն իշխանության տարբեր անդամների վերաբերյալ բազմիցս է հնչել մեղադրանքներ, որ հենց իրենք են «օտարերկրյա գործակալներ», այդ թվում՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի:
— Միանգամայն հավանական է: Դրա համար պետք է գոյություն ունենար պետական հակահետախուզություն, որը դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեռամբ վերացվեց:
«2026-ԻՆ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԿՎԵՐԸՆՏՐԻ»
— Այս իրավիճակում ի՞նչ սպասումներ ունենալ հաջորդ՝ 2026 թվականից, հատկապես, որ ամիսներ անց տեղի է ունենալու խորհրդարանական ընտրություններ:
— Խոսքը միայն 2026-ի մասին չպետք է լինի։ 2026-ին, միեւնույն է, Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն վերընտրելու է։ Ո՛չ հայ ժողովուրդը, ո՛չ էլ մեր, այսպես կոչված, «ընկերները» ուժ չունեն նրան կանգնեցնելու։ Ռուսաստանը զբաղված է այլ խնդիրներով։ Այդ պատճառով Նիկոլ Փաշինյանը կվերընտրվի։ Բավական է, որ 15 տոկոսը քվեարկի նրա օգտին, եւ իր առաջնորդած քաղաքական ուժը կդառնա 50 տոկոս գումարած մեկ խորհրդարանում։
Իսկ ինչ վերաբերում է մեր ապագային՝ առաջիկա 15 տարիներին շարունակվելու են հարվածներ հասցվել ամբողջ հայկական մշակույթին եւ քաղաքակրթությանը։
— Ինչո՞ւ հենց 15 տարի…
— Որովհետեւ 15 տարի հետո առաջնորդությունն աշխարհում կանցնի Չինաստանին եւ Հնդկաստանին։ Եվ այստեղ կարեւոր չէ հենց առաջնորդությունը, այլ այն, որ 15 տարի հետո Չինաստանը կհասնի այնպիսի զինատեսակների արտադրության, որոնք կա՛մ հավասար կլինեն, կա՛մ կգերազանցեն ամերիկականներին: Եվ Չինաստանը կգա այստեղ։ Սեւ եւ Կասպից ծովերի միջեւ ընկած տարածքը Չինաստանի համար ունի ռազմավարական նշանակություն։ Դա Սինցզյան մուտք գործող արեւմտյան դարպասն է։
— Ձեր նշած 15 տարին մինչեւ լրանա՝ կդիմանա՞նք այդքան, թե՝ ոչ։
— Ես ձեզ կասեմ՝ եթե մենք դիմացել ենք թաթար-մոնղոլական արշավանքին, արաբականին, թյուրքականին, ապա հայ ժողովուրդը կդիմանա։ Նրանք չեն հասկանում հայի ոգու ուժը եւ նրա դիմադրողականությունը։
Ժողովուրդը, իհարկե, զրկվել է էլիտայից, մենք էլիտա չունենք։ Բայց ինքնին հայը այս հազարամյակների ընթացքում դարձել է էլիտար։ Յուրաքանչյուր չորրորդ կամ հինգերորդ հայը իր ոգով արիստոկրատ է։ Նրանք չեն հաղթի այս ժողովրդին, բայց այնպիսի ատելություն կստանան, որ իրենք էլ չեն գիտակցում, թե ինչ ապագայի դա կբերի իրենց: Նրանք պարտվել են ապագայում, իսկ այսօրը՝ հաղթել։ Ինչպես համադրել այսօրվա հաղթանակը եւ ապագայի պարտությունը՝ սա շատ բարդ խնդիր է բացատրելու համար։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
