Ալիեւի «անկլավ» օպերացիան` նոր փորձանք Նիկոլի գլխին
Վերլուծություն
Թեեւ Հայաստանում տարիներով արեւմտամոլները քարոզում էին Արցախը տանք-պրծնենք թեզը, սակայն հիմա փաստն այն է, որ Արցախը տվեցին, բայց այդպես էլ չպրծանք: Բանն այն է, որ Ալիեւը շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանին, ընդ որում, ոչ միայն անկլավներ, որոնք Նիկոլը Պրահայում տվել-պրծել է, այլ նաեւ միջանցք, իսկ ահա հայաստանյան իշխանությունները որեւէ ռեալ բացատրություն չունեն, թե ինչպես են պատկերացնում իրենց իսկ քարոզած «խաղաղության օրակարգի» ճակատագիրը:
ԻՆՉ ԵՆ ՔԱՐՈԶՈՒՄ ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ
ԱԺ-ում նախօրեին Փաշինյանը նման պատկեր նկարագրեց. «Մեր հարցադրումներին ի պատասխան`Ադրբեջանը երկու հակադարձում է անում: Առաջինն այն է, որ եթե Հայաստանը պատրաստ չէ ճանապարհները բացել, ուրեմն Ադրբեջանը կօգտվի Իրանի տարածքով անցումից: Երկրորդ հարցադրումն այն է, թե ինչու պետք է Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջեւան անցման ժամանակ, որը 47 կմ է, տեղի ունենան ինչ-որ ստուգման գործընթացներ: Մենք դրան պատասխանում ենք այսպես. ինչ պայմաններով Իրանը տալիս է այդ անցումը, Հայաստանը պատրաստ է նույն պայմաններով տալ: Եթե ՀՀ տարածքով անցումը 47 կմ է, Իրանի տարածքով էլ 49 կմ է: Եթե կարելի է հսկողական գործառույթներ ընդունել 49 կմ-ի համար, բնականաբար, դրանք չեն կարող անընդունելի լինել 47 կմ-ի համար»:
Նախ, ինչպես քանիցս պնդել ենք, ողջ թեման եղել եւ մնում է Մեղրիի այդ 47 կմ ճանապարհը: Իրականում այստեղ էլ ինչ-որ առեղծվածային դրվագ չի մնացել: 2020թ.-ի նոյեմբերի 9-ին Փաշինյանը ստորագրել է եռակողմ համաձայնագիր, որով սահմանված է, որ այդ 47 կմ-ով անցման «վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»: Ամերիկացիներն էլ դրա հետ համաձայն չեն, եւ այդպես էլ սայլը տեղից չի շարժվում: Իսկ այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվեց Արեւմուտքի առաջարկած տարբերակով գնալ «խաղաղության պայմանագրի» ստորագրման, եւ օրակարգում մնաց ռուսական առաջարկը՝ հիմնված եռակողմ պայմանավորվածությունների վրա, ամերիկացիներին մեկ բան էր մնում՝ տորպեդահարել ամեն մի պայմանագիր, մինչեւ ինչ-որ բան կփոխվի: Արդյունքում, անցած տարեվերջին Սանկտ Պետերբուրգում կայացած նախ՝ Պուտինի ու Փաշինյանի, ապա նաեւ Ալիեւի ու Փաշինյանի «ոտքի վրա» հանդիպումներից հետո այն տպավորությունն էր, որ Նիկոլը ստացել է կոնկրետ առաջարկ-սպառնալիք, որի շուրջ պետք է մտածեր: Հետեւեց արեւմտյան գրոհը նրա վրա, եւ ահա վերջին օրերին Նիկոլի թիմակիցների պահվածքից կա տպավորություն, թե պատասխանը հակառուսական քարոզարշավի կոշտացումն է:
Նախ, Փաշինյանն ինքը սկսեց քարոզել այն թեզը, թե ո՞ւր է մի կետ, որով ռուսները Հայաստանում կարող են ինչ-որ բան վերահսկել: Ապա այդ թեզը սկսեցին ակտիվորեն առաջ մղել նրա թիմակիցները: Օրինակ, նախօրեին ՔՊ վարչության փոխնախագահ Գեւորգ Պապոյանը հայտարարեց․«Այնտեղ որեւէ կետ չկա, որ ռուսները պետք է գան, Սյունիքում ինչ-որ բան վերահսկեն, դա ցանկությունների, երազանքների շարքից է։ 9-րդ կետը նրա մասին է, որ Հայաստանը պետք է ճանապարհ տրամադրի ու պատրաստ է տրամադրել՝ մեր օրենսդրությանը համապատասխան…»:
Մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր՝ Ռուստամ Բաքոյանը, նույն դաշտում էր, թե՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը: Ըստ այդմ էլ, որ եթե նախկինում կարելի էր խոսել այս հարցում Ռուսաստանի մասնակցության մասին, ապա այժմ Ռուսաստանը իրավունք չունի այդ մասին խոսելու: Ավելին, հասավ այն պնդմանը, թե՝ «միջանցք» գաղափարը ռուսներն է, որ պաշտպանում են. «Հայաստանի տարածքով միջանցքների մասին խոսք լինել չի կարող։ Այս թեզի զարգացումը Հայաստանում ուղղակիորեն կապված է Ռուսաստանի հետ։ Կարծում եմ, որ ընդդիմության միջոցով փորձում են այս թեզը պահել Հայաստանի քաղաքական օրակարգում»:
ԱՆԿԼԱՎՆԵՐԻ ՀԱՐՑԸ
Այն, որ ՔՊ-ականների «տրամաբանությամբ» ներկա ողբալի վիճակի համար «մեղավոր» են բոլորը, բացի իրենցից. Սերժ Սարգսյանը, նրանից առաջ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչու ոչ, նաեւ Տիգրան Մեծը, ռուսները, պարսիկները, մեկ-մեկ էլ պատահում է, որ նաեւ ֆրանսիացիներն ու ամերիկացիները, հայտնի պատմություն է, եւ չարժե Բաքոյանի ու նրա թիմակիցների ասածներին լուրջ վերաբերվել. կա վերին հրահանգ, նրանք էլ պետք է կատարեն: Միայն թե, վստահ ենք, բաքոյանների-պապոյանների եւ անգամ նրանց շեֆության հայտարարություններից աշխարհում հաստատ բան չի փոխվում: Իսկ փաստը, չզլանանք՝ կրկնենք, սա է. կա Նիկոլի կողմից ստորագրված փաստաթուղթ, որը ինչքան էլ որ փորձեն ներկայացնել, թե կապիտուլյանտական չէ, հիմա հենց իրենք են հաստատում, որ այդպիսին է: Եվ այդ փաստաթղթում կա 9-րդ կետ, որի հիման վրա 2021թ. հունվարի 11-ին Մոսկվայում նույն Նիկոլը ստորագրել է մեկ այլ եռակողմ համաձայնագիր: Ու հիմա, անկախ նախնական փաստաթղթի մյուս կետերից, ռուսների, ամերիկացիների, պարսիկների կամ այլոց ուզած-չուզածներից, բաքոյան-պապոյանների ասածներից, ինքը պետք է պարզ պաշտոնական որոշում կայացնի՝ կա´մ հետ է կանչում իր ստորագրությունը այդ փաստաթղթից, կա´մ կատարում է այն:
Ու նաեւ հաշվի առնելով, որ ռուսական ձեւաչափով եռակողմ պայմանավորվածություններից զատ, նաեւ կա Պրահայի փաստաթուղթ, որը մեկ այլ ական էր Նիկոլի համար: Դրանով, հիշեցնենք, հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի, այն է՝ ԽՍՀՄ-ի վերջին պաշտոնական տիրույթով ճանաչելու մասին: Մինչդեռ փաստն այն է, որ այդ սահմաններով ոչ միայն Արցախը, այլ նաեւ անկլավներն էին Ադրբեջանի մաս: Ու պատահական չէ, որ Ալիեւը հենց այս պահին է անկլավների հարցը խառնել բանակցային գործընթացին: Չմոռանանք, հայաստանյան մի շարք ռազմավարական ճանապարհներ անցնում են հենց այդ անկլավներով: Ու հիմա Ալիեւը պահանջում է՝ տո´ւր անկլավները: Ու ինչքան էլ որ Նիկոլն այդ թեմային խառնի Արծվաշենի կամ Ադրբեջանի օկուպացրած հայաստանյան տարածքների թեման, ընդհանուր իրավիճակը դրանից չի փոխվում. ինքն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ ոչ թե Ալիեւը՝ Հայաստանինը: Այսինքն, Ալիեւը կարող է պահանջել այն, ինչ Նիկոլն արդեն իսկ ճանաչել է, իսկ ահա Նիկոլի պահանջները դեռ պետք է հաստատել սահմանազատման գործընթացով, որն այս պահին միայն նախնական ընթացքի մեջ է: Արդյունքում, մի կողմից Ալիեւը կարող է ուժ կիրառել, ըստ Նիկոլի ճանաչման՝ իրեն պատկանող տարածքները հետ ստանալու համար: Իսկ մյուս կողմից, ուժով թե այլ կերպ ստանալով անկլավները, Ալիեւը կփակի անցուդարձը Հայաստանի համար: Կամ որ թերեւս ավելի իրատեսական է, ամեն անկլավի երկու կողմում կդնի մաքսակետ եւ կասի՝ ինչ պայմանով մեզ Նախիջեւանի հետ կապի իրավունք եք տալիս, այդ պայմանով էլ ես կթողնեմ, որ անկլավներով անցնեք-դառնաք: Այսինքն, հենց Նիկոլն Ալիեւի առաջ դնում է նույն պայմանները, որը Իրանն է նրան առաջարկել, ապա պետք է պատրաստ լինի, որ դա անկլավների տեսքով հարվածելու է Հայաստանին:
ՈՒՐ Է ԳՆՈՒՄ ՆԻԿՈԼԸ
Այն, որ անկլավների թեման առաջնային է դառնալու նաեւ սահմանազատման հարցերով զբաղվող Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների առաջիկա հանդիպմանը, ենթադրելի էր նաեւ այն փաստից, որ Մհեր Գրիգորյանը հրաժարվեց, պատասխանելով հարցին, թե արդյոք սահմանագծման հանձնաժողովների առաջիկա հանդիպման ժամանակ քննարկվելու է 8 գյուղերի հարցը:
Կարճ ասած, սա մի իրավիճակ է Փաշինյանի համար, որից ելքը հաստատ շատ դժվար է լինելու: Նախօրեին Հայաստանի սահմաններին լցված եվրադիտորդները հպարտորեն հայտարարեցին, թե արդեն 1500-րդ պարեկությունն է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին մոտ գտնվող շրջաններում: Բայց եթե 15 000-րդն էլ անեն, դա մասնավորապես անկլավների հարցով ի՞նչ է տալու Նիկոլին: Կամ, ֆրանսիական Սենատն է խոսում ինչ-որ քայլերից: Սակայն վարչապետի եւ արտգործնախարարի նշանակման վերջին խայտառակությունից հետո Ալիեւը հաստատ թքած ունի նաեւ ֆրանսիական Սենատի քայլերի վրա: Ամերիկաբրիտանացիներն էլ, որ այս օրերին մի գլուխ նավեր են կորցնում հուսիթների հարվածներից, հաստատ ավելորդ նավեր չունեն, որ «Հայաստանի լեռները բարձրանան»: Ասենք, բրիտանացիներն առանց հուսիթների էլ անձնակազմ չունեն, որ նավերն աշխատեցնեն: Չէ, այս թեւից Նիկոլը դեռ միայն պահանջներ է ստանում, որոնք գործնական օգնություն հազիվ թե դառնան:
Մյուս կողմից էլ այն, որ նախօրեին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակը հանդիպում խնդրեց ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխաիլ Գալուզինից՝ քննարկելով , ըստ դեսպանատան հաղորդագրության. «Սահմանազատման գործընթացի ապահովման եւ ինքնիշխանության ու իրավազորության ներքո, հավասարության, փոխադարձության սկզբունքներով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ» հարցեր, գալիս է հուշելու, որ ռուսական ուղղությունը Նիկոլի համար դեռ վերջնականապես փակված չէ, ինչպես որ փորձում են ակնարկել նրա թիմակիցները: Հաշվի առնելով նաեւ, որ մեկ այլ ՔՊ-ական՝ Գագիկ Մելքոնյանը, նաեւ Անդրանիկ Քոչարյանը սկսել են խոսել, թե Հայաստանը Ռուսաստանից արդեն զենք ստանում է:
Ամեն դեպքում, երեկ Լավրովը հերթական անգամ խոսեց հայ-ադրբեջանական թեմայով՝ նախ ընդգծելով. «Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի Դաշնության տարածքում, սակայն Երեւանի դիրքորոշումը մնում է անհասկանալի»,- ասել է Լավրովը: Նա եւս առաջին պլան մղեց հենց կոմունիկացիաների թեման՝ նշելով, որ հենց Հայաստանն է այժմ դժվարություններ ունենում Սյունիքի մարզով ճանապարհ բացելու հարցում, ինչպես ասվում է եռակողմ հայտարարության մեջ: Բայց նաեւ, որ. ««Զանգեզուրի միջանցքը» երբեք չի քննարկվել Պուտինի, Փաշինյանի եւ Ալիեւի եռակողմ պայմանավորվածությունների շրջանակներում»: Նաեւ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքում կապերի եւ երթուղիների ապաշրջափակման դեպքում երկրները լիակատար ձեւով կպահպանեն ինքնիշխանությունն ու իրավադատությունը: Այսինքն, պատասխանելու հերթը Նիկոլինն է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ