«Ո՞ւմ տունը քանդեն, ստեղծագործական աշխարհը տակնուվրա անեն սրտային հիվանդ չդառնա». ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՐԿԱՎԱԳ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Մշակութային
«Ո՞ՒՄ ՏՈՒՆԸ ՔԱՆԴԵՆ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ՏԱԿՆՈՒՎՐԱ ԱՆԵՆ, ՍՐՏԱՅԻՆ ՀԻՎԱՆԴ ՉԴԱՌՆԱ»
«Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար, «Գաթա բենդ»-ի համահիմնադիր ԱՆԴՐԱՆԻԿ սարկավագ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, չդիմանալով այն վերաբերմունքին, որին արժանացել է՝ առողջական խնդիրներով տեղափոխվել է հիվանդանոց: Թե ի՞նչն է պատճառ դարձել առողջության վատթարացման, «Իրավունքը» պարզել է նրանից:
— Պարոն Մանուկյան, հիմա ինչպե՞ս եք Ձեզ զգում:
— Հիվանդանոցում վիրահատություն արեցին, հետո՝ սրտի հետ կապված խնդիրներ ունեմ:
— Ո՞րն է պատճառը, որ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել:
— Ամեն օր սթրես եմ տանում: Ո՞ւմ տունը քանդեն, ստեղծագործական աշխարհը տակնուվրա անեն, հանգիստ կնստի: Ազգայինի մեջ լինելով եւ աշխարհին մեր մշակույթը ներկայացնելով՝ այսօր ես անտեսված եմ: Տունս քանդում են: Օրենքով, էթիկայի նորմերով բերեցինք, դրեցինք իրենց առաջ: Անզեն աչքով էլ կարելի է տեսնել այն խախտումները, որ արվում են իրենց կողմից:
— Բայց այդ շինարարությունը, որի դեմ տեւական ժամանակ է պայքարում եք, դեռ շարունակվո՞ւմ է:
— Այո, շարունակվում է: Նոր այս մի շաբաթը դատարանի որոշումով դադարեցվեց, բայց էլի հույս չունեմ, որովհետեւ իրենք իրենց փողերն են ներկայացնում: Ես օրենքից եմ խոսում, իրենք ասում են, որ բանկից փող են վերցրել, բանվոր են վարձում, հարկ են տալիս: Իսկ դա իմ ի՞նչ գործն է: Ես ի՞նչ մեղավոր եմ, որ դու բանկից փող ես վերցրել: Նախ արի հասկանանք` դու բարոյական օրենքներդ պահե՞լ ես: Վերցրել ես, քո ասելով կառուցում, բարելավում ես` լավ ես անում, բայց երկիրն ունի օրենք, կարգ, ձեւ: Նախ դա սխալ նախագիծ է: Եվ դա փաստում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը: Երեք տարի առաջ դեռ շինարարություն չէր սկսվել, ասվել է` մի՜ արա այդ գործը: Այսօր առավել եւս նույն այդ տեսչական մարմինը փորձաքննություն անցկացրեց՝ այն էլ վարչապետի վերահսկողության ծառայության կողմից, ու չորս ամիս փորձաքննություն անելուց հետո՝ եզրակացության եկավ, որ բոլոր խախտումներով զավթում են իմ հողը, փակում են իմ լույսը, տունս վթարային է` քանդել են եւ իմ տան մեջ սյուներ են դրել: Հետո իրենք մի ՍՊԸ ունեն, որը կոչվում է «Լավո», փորձել են խախտումներով եզրակացություն ստանալ: Հետո երբ պարզվեց նրանց խախտումները, որպեսզի «Լավո» ՍՊԸ-ն չլուծարվի, այնտեղ մի Մանուկյան Արմեն կա, որը շինարարների կողմից լիազորված անձ է, այդ ամենը վերցրեց իր վրա, թե իբրեւ ինքն է սխալ արել, ու դրանով սահմանափակեցին: Նույնը թե 30 հոգի գնան հանցագործության, մեկը վերցնի հանցանքն իր վրա, ու ինքն էլ դատվի:
— Հիմա Ձեր հիվանդության` սրտի խնդիրները, որ առաջացել են իրենց նման պահվածքի պատճառով, այդ բարոյական վնասն ո՞վ է փոխհատուցելու:
— Ոչ մեկ… Սա է դարձել երկիրը: Սրտային հիվանդ եմ դարձել այդ շինարարության պատճառով: Բոլորն էլ գիտեն՝ վարչապետն էլ է այդ գործից տեղյակ, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ: Քննիչը, երբ գնացել է քաղաքապետարանից առգրավել եւ բերել է այդ նյութերը, այդ ժամանակ վախից անմիջապես քաղաքապետարանից տեղյակ են պահել քննիչին, թե տվյալ փաթեթի մեջ ինչ խախտումներ կան: Ու մինչ օրս քաղաքապետարանը քրեականին պատասխան չի տալիս: Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինն այդ խախտումների համար գործն ուղարկել է դատախազություն, ու մինչ օրս ոչ մի լուծում չկա: Դատախազությունը ոչ մի բան չի անում: Եթե պետական տեսչական մարմինը ձայն չունի, եւ քաղաքապետարանն է այս ամենի լուծում տվողը, իմաստը ո՞րն է նման կառույցների գործունեության, թող քաղաքապետարանն էլ որոշումներ կայացնի:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ