ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ ընթացող արտահերթ նստաշրջանը բացառիկ դեպք է

13.12.2017 17:39 Հրապարակումներ
ԱԺ ընթացող արտահերթ նստաշրջանը բացառիկ դեպք է

Երեքշաբթի մեկնարկած ԱԺ արտահերթ նստաշրջանը կրում է բացառիկ դեպքի բնութագրում: Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգի 44-րդ հոդվածը նշում է, որ արտահերթ նստաշրջանը, որպես կանոն, ՀՀ վարչապետի կողմից գումարվում է ԱԺ նախագահին պաշտոնական գրություն  ներկայացնելուց հետո` 5-րդ աշխատանքային օրվանից ոչ շուտ: Սակայն ընթացող արտահերթ նստաշրջանը գումարվեց ոչ թե հինգերորդ, այլ երկրորդ օրը: Այդ դեպքը օրենքում բնութագրվում է որպես բացառիկ, որի դեպքում վարչապետը ստացել է արտահերթ նստաշրջանը սահմանված ժամկետից շուտ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի նախագահի բանավոր համաձայնությունը: Թե ինչով է այս արտահերթ նստաշրջանի օրակարգը այդքան բացառիկ, որ օր առաջ այն անցկացնելու համար պահանջվեց խախտել ԱԺ աշխատանքի բնականոն ընթացքը, այդպես էլ պարզ չէ:
Կա կարծիք, որ բացառիկությունը հակաընտանեկան օրենքը երկրորդ ընթերցմամբ ծածկադմփոցով անցկացնելու մեջ է: Որպեսզի պատգամավորները չհասցնեն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում աշխատել եւ օրինագծի վերաբերյալ  ներկայացնել իրենց առաջարկությունները: Եվ իսկապես դժվար է պատկերացնել, որ ուրբաթ օրը առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի վերաբերյալ մեկ օրում հնարավոր լիներ պատրաստել եւ ներկայացնել առաջարկություններ: Մնում է ապշել, որ հասարակական այդպիսի մեծ ընդվզում առաջացրած օրենքի առնչությամբ կառավարությունը եւ ԱԺ ղեկավարությունը գնաց այդպիսի ճանապարհով: 
Այս առումով` ԱԺ ամբիոնից ՍԻՄ նախագահ, պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ նշեց. «Ես չեմ հասկանում այն շտապողականությունը, որով այս օրակարգային հարցը այսօր մտավ քննարկման: Մենք ընդունել ենք առաջին ընթերցմամբ այս հարցը ուրբաթ օրվա առաջին կեսին, եւ, բնականաբար, պատգամավորները պետք է ունենային հնարավորություն, օրենքով նախատեսված 81 հոդվածով, որ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնեն: Դա դարձավ անհնար, քանի որ պետաիրավական հանձնաժողովի նիստը երկուշաբթի ժամը 11-ին էր, օրենքն ընդունվել է ուրբաթ օրվա առաջին կեսին, հրապարակվել է որոշումը` ցերեկը: Այսինքն, պատգամավորներին երկու ժամ էր մնում` ռեալ աշխատելու համար` հսկայական օրենքի վրա, որպեսզի առաջարկություններ ներկայացվեն: Որպես կանոն, արտահերթ նստաշրջանները պետք է անցկացվեն 5 օր անց` որոշումը ԱԺ ներկայացնելուց հետո: Այս նստաշրջանը երկրորդ օրն է անցկացվում, այլ ոչ թե` հինգերորդ: Դրա համար, կարծում եմ, որ չարդարացված շտապողականությունը թույլ չտվեց ներկայացնել օրենքի վերաբերյալ առաջարկություններ»: 
Պատգամավորն իր խոսքում շեշտեց, որ աշխատել է օրենքի վրա եւ կազմել շուրջ 28 առաջարկություն, որի վրա աշխատել է նաեւ շաբաթ, կիրակի օրերին. «Այն ուղարկվել է ե՛ւ կառավարություն, ե՛ւ համապատասխան հանձնաժողով»,- եզրափակեց Հ. Բաբուխանյանը:
Փաստորեն, օրենքն ընդունվել է ԱԺ կանոնակարգ օրենքի խախտմամբ:

Ա. Հակոբյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА