ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀՀ-ԵՄ համաձայնագրով Հայաստանը, որպես պետություն, կզրկվի ինքնիշխանությունից»

27.10.2017 11:43 Հրապարակումներ
«ՀՀ-ԵՄ համաձայնագրով Հայաստանը, որպես պետություն, կզրկվի ինքնիշխանությունից»

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ

– Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի բովանդակությանը ծանոթացե՞լ եք. ի դեպ, այն հասու է դարձել հայերեն ոչ պաշտոնական թարգմանությամբ: Ըստ ձեզ, ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը:
– Այն, ինչ թարգմանվել է` կարդացել եմ, եւ պետք է ասեմ, որ շատ մտահոգիչ փաստաթուղթ է մեզ ներկայացվել: Կարծում եմ, վնասներն ավելի շատ են, քան օգուտները: Ամենամտահոգիչն այն է, որ, ըստ էության, Հայաստանը, որպես պետություն, զրկվում է ինքնիշխանությունից:
Այսուհետ մենք պետք է մեր ամբողջ օրենսդրությունը «մոտարկենք», ես օգտագործում եմ թարգմանված տեքստում գրված բառը ԵՄ օրենսդրությանը: Օրինակ, համաձայնագրում գրված է, թե ինչպե՞ս հանել վարորդական իրավունք, կամ, երբ քաղաքացին մի հասցեից մեկ այլ հասցե է տեղափոխվում, ինչպե՞ս պետք է տեղափոխի իր հեռախոսահամարը, ինչպիսի՞ն պետք է լինեն քաղաքային ավտոբուսները, երկաթուղու վագոնները եւ այլն: Մեր ամբողջ օրենսդրությունը բառ առ բառ պետք է համապատասխանեցնենք ԵՄ որոշումներին: Կատարվելիք փոփոխությունների դիմաց էլ գրված են կոնկրետ ժամկետներ: Այդ դեպքում խորհրդարանն ի՞նչ ենք անում, կարելի է Հայաստանի Ազգային ժողովը փակել ու դրա փոխարեն մի թարգմանչական բյուրո բացել, որը կզբաղվի ԵՄ խորհրդարանի որոշումները թարգմանելով ու կիրառելով: Եթե համարում ենք, որ չունենք սեփական ուղի ու պետք է կապկենք ԵՄ օրենսդրությունը` այն պիտի թարգմանենք ու կիրառենք Հայաստանում, կնշանակի Հայաստանն այլեւս անկախ երկիր չէ, այդ դեպքում մեր իշխանությունը պետք է փոխանցենք ԵՄ-ին:
Ըստ համաձայնագրի` ստեղծվում է Գործընկերության խորհուրդ, սա վերազգային մարմին է, որի որոշումները պարտադիր են լինելու Հայաստանի Հանրապետության համար, այսինքն, այդ խորհուրդն ունի վերջնական որոշում կայացնելու իրավունք: Ոչ թե երկրի նախագահը, ԱԺ-ն, վարչապետը, կառավարությունը, այլ ինչ-որ մի խորհուրդ որոշելու է, թե մենք ինչպե՞ս պիտի ապրենք: Եվ դա, փաստորեն, դառնում է մեր երկրի տերը: Այս համաձայնագիրը ստորագրած Մոլդովայում, եթե ուզում են ընդունել ինչ-որ օրենք, ապա պետք է պարտադիր հղում անեն ԵՄ համապատասխան որոշմանը: Մենք էլ ենք, փաստորեն, գնալու այդ ճանապարհով:
ԽՍՀՄ-ի ժամանակ Հայաստանը պետականաստեղծ միավոր էր` լինելով 15 հանրապետություններից մեկը, իսկ այսօր մենք ԵՄ անդամ չենք, նույնիսկ ԵՄ դռան հետեւի շունն էլ չենք: Այս համաձայնագրի ընդունումից հետո անգամ մեր զուգարանակոնքի չափերը պետք է համապատասխանացնենք ԵՄ ստանդարտների հետ: Խնդիրը շատ լուրջ է: Այստեղ հիմնական հարցը Հայաստան պետության հետագա գոյությունն է` որպես միջազգային հարաբերություններում անկախ եւ ինքնիշխան սուբյեկտ: Եվ այս ամենով հանդերձ այս փաստաթուղթը չի կարող մտահոգիչ չլինել:
– Համաձայնագիր ասվածը ենթադրում է երկուստեք պարտավորությունների եւ իրավունքների ստանձնում: Հայաստանին առաջադրվել են բազմաթիվ պարտավորություններ, իսկ ի՞նչ է պարտավորվում կատարել մյուս կողմը` ԵՄ-ն: Հիշենք, որ այս գործընթացի կողմնակիցները մշտապես շեշտում են, որ ԵՄ-ն մեզ կօգնի օտարերկրյա ներդրումերի ներգրավման հարցում, կունենանք տնտեսության զարգացում, կոռուպցիայից ազատված, բարեփոխված դատական համակարգ եւ այլն:
– Ես կողմ եմ ԵՄ-ի ու Եվրոպայի ցանկացած երկրի հետ առողջ համագործակցության, բայց ծանոթանալով տեքստին, ես տեսնում եմ, որ սա համագործակցություն չէ, այլ ոչ հավասար պայմաններով նախաստորագրված մի փաստաթուղթ է: Եվ ես մեծ վտանգ եմ դրանում տեսնում: Այս նախագիծն ամբողջությամբ անհամաչափ է, այսինքն, ԵՄ-ն որեւէ պարտականություն չունի, մինչդեռ բոլոր պարտականությունները վերաբերում են Հայաստանին: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա ԵՄ-ին ոչ ոք չէր խանգարում ներդրումներ անել Հայաստանում` առանց այս փաստաթղթի ընդունման: Բայց նայենք եղած փորձը. ԵՄ հետ համաձայնագիր ստորագրելուց հետո Մոլդովայում նեդրումների մակարդակը մի քանի անգամ իջել է, Ուկրաինայի տնտեսությունը հայտնվել է կատաստրոֆիկ վիճակում: Վիճակը նույնն է Վրաստանում, որի մասին լեգենդներ են պատմում, բայց մեկ անգամ գնում ես, հասկանում ես, թե իրականում ի՞նչ վիճակում է երկիրը: Այնպես որ եվրոպական ներդրումների մասին հեքիաթները թող պատմեն դյուրահավատներին:
Ժամանակին Արեւմուտքի խորհուրդներով մենք քանդեցինք մեր ծաղկուն երկիրը, քայքայեցինք մեր տնտեսությունը, այդ խորհրդատուներին մենք լավ ենք ճանաչում: Թող գան էլի խորհուրդ տան, բայց խորհուրդներով չես կարող կուշտ լինել, աշխատատեղեր ստեղծել, առավել եւս նման խորհուրդներով չես կարող պետություն զարգացնել:
Դիմում եմ իմ ընդդիմախոսներին, նշեք այն կետը, որով կոնկրետ ժամկետում, ասենք` 4 տարում ԵՄ-ն մեզ կնվիրի եվրոպական բարձրակարգ տեխնոլոգիաներով զինված, օրինակ, հիվանդանոց, որտեղ անվճար կարող են բուժվել ՀՀ քաղաքացիները, ո՞վ կարող է դեմ լինել նման օգտակար առաջարկին: Բայց ի՞նչ օգտակար բան է ստանում Հայաստանը` ստորագրելով այս համաձայնագիրը: Այս համաձայնագրում, ցավոք, չտեսա որեւէ դրական առաջարկ:
Դատական համակարգի մասին ասեմ` ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումից հետո ո՛չ Մոլդովայի, ո՛չ Ուկրաինայի, ո՛չ Վրաստանի դատարաններն արդար չեն դարձել, սա այդ երկրների քաղաքական գործիչների կարծիքն է:
Մեզ ներկայացված համաձայնագրի նախագծում մի շատ վտանգավոր կետ կա, Հայաստանը պետք է ստորագրի Միջազգային քրեական դատարանի մասին փաթեթը ու ենթարկվի Հաագայի դատարանին, ուր կործանեցին Հարավսլավիայի ազգային նվիրյալ գործիչներին: Սրանով Հայաստանը ոչ միայն կորցնում է իր ինքնիշխանությունը քաղաքական, տնտեսական հարցերում, այլեւ` դատական: Եթե մենք հիմա ադմինիստրատիվ դաշտում ենք միայն կորցրել մեր ինքնիշխանությունը, ենթարկվելով Մարդու իրավունքների միջազգային դատարանին, ապա այս համաձայնագրով կորցնելու ենք մեր իրավունքները նաեւ քրեական մասով: Բայց սա միայն քրեական ոլորտի հարց չէ, սա քաղաքական հարց է: Այսինքն, այն քաղաքական գործիչը, որն իր երկրի շահերով պայմանավորված դուրս կգա այդ համակարգի դեմ, նա կարող է հայտնվել Հաագայում եւ ունենալ այն նույն ճակատագիրը, որին արժանացան Հարավսլավիայի ազգային գործիչները:
– Որոշ փորձագետներ ասում են` ի՞նչ վատ է` միանալով Միջազգային քրեական դատարանին, համատեղ ուժերով կպայքարենք միջազգային հանցագործությունների դեմ:
– Միասին պայքարելը շատ լավ է ու ճիշտ, բայց վերջնական որոշումը ո՞վ է կայացնում ու ի՞նչ սկզբունքներով, ի՞նչ տրամաբանությամբ: Սա է հարցը: Ի դեպ, այսօր էլ գործում է միասին պայքարի համակարգը, կա Ինտերպոլ, ու եթե մեկին հայտնաբերում են` հանձնում են տվյալ երկրին: Բայց այս փաստաթղթով մենք իրավունք ենք տալիս Միջազգային քրեական դատարանին ձերբակալել մեր երկրի նախագահին, վարչապետին, պատգամավորին, որոնք կպաշտպանեն իրենց երկրի շահերը:
Ես էլ եմ դժգոհ մեր դատարանների գործունեությունից, բայց այս համաձայնագրում չտեսա այնպիսի լուծումներ, որոնցով արդարադատության մակարդակը Հայաստանում կբարձրանա: Իսկ դատարանների արդարադատության մակարդակի բարձրացման հարցում մենք արդեն տեսել ենք Եվրոպայի բերած օգուտները, եվրոպացիների տված խորհուրդները, ինչպես էին գրանտները հատկացնում այստեղ իրենց նշանակած մարդկանց, որոնք էլ կերան այդ փողերը: Ուկրաինայում կոռուպցիայի մակարդակը չի իջել, ու այդ մասին հայտարարում են եվրոպական, ամերիկյան գործիչները: Այն բոլոր երկրները, որոնք գնացել են այդ համաձայնագրի ստորագրման ճանապարհով, նրանցում կա հասարակության պառակտում: Ուկրաինան կորցրեց տարածքներ` Ղրիմը, որովհետեւ կար հասարակության պառակտում` Ղրիմի բնակիչները չցանկացան ապրել այսպիսի Ուկրաինայում, ինչպիսին այսօր է: Ուկրաինայի տնտեսությունը քանդվեց: Մոլդովայում ԵՄ հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո կատարվեց դարի գողությունը` հանցագործ ճանապարհով 1 մլրդ դոլարի գումար հափշտակվեց, բանտարկվեցին պաշտոնյաներ: Հարցրեք մեր հարեւան վրացիներին` կա՞ ձեզ մոտ կոռուպցիա, ու լսեք նրանց պատասխանը, իհարկե` կա: Իսկ այն, որ այնտեղ ավտոտեսուչը փող չի վերցնում, դա չի նշանակում, թե վերեւներում առկա կոռուպցիան վերացել է: 1991-ից մինչ այսօր մեր արեւմտյան գործընկերներն օրնիբուն խոսում են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին, տալիս են հսկայական գրանտներ, իբրեւ թե պայքարում են կոռուպցիայի դեմ, ո՞ւր է արդյունքը, եթե իրենց իսկ խոսքով` չկա, կնշանակի իրենց բաղադրատոմսերը անօգտակար են, հռչակված նպատակներն ու իրականությունը իրար չեն համապատասխանում:
– ԼՂ հիմնահարցի լուծման արդյունավետ ուղիների մատնանշում, հայ ժողովրդի դեմ ուղղված Ադրբեջանի ագրեսիայի դադարեցում, թուրք-ադրբեջանական շարունակվող քաղաքական, տնտեսական շրջափակման դեմ քայլերի ձեռնարկում. սրանք Հայաստանի համար կարեւորագույն հարցեր են, արդյոք ԵՄ-ն որեւէ առաջարկ, լուծումների տեսլական ներկայացնում է՞ փաստաթղթում:
– Բացարձակապես ոչ, նման խոսք չկա, զրոյական մոտեցում է մեզ համար կարեւոր այս հարցերին, ոչ մի լուծում, ոչ մի պարտավորության ստանձնում: ԼՂ խնդրի առնչությամբ ասեմ, որ հղում է արվում տարբեր փաստաթղթերի, ինչը վաղուց անում է Մինսկի խումբը: Բայց կա մի վտանգավոր հանգամանք. տեքստում նշվում է տարածքային ամբողջականության մասին, սակայն ոչ մի խոսք չկա ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին, փոխարենը, կա ինչ-որ անհասկանալի ձեւակերպում` «անձերի ինքնորոշում», «անձերի իրավահավասարություն», սրանք ի՞նչ տերմիններ են` չգիտեմ: Սրանց տակ ով, ինչ կուզի` կհասկանա, վեճ կծագի, ու այդ ժամանակ ի հայտ կգա Գործընկերային խորհուրդը եւ կկայացնի իր համար նախընտրելի որոշում:
Եկեք նաեւ պատմականորեն դիտարկենք, թե Եվրոպան ե՞րբ է աշխարհաքաղաքական հարցերում, ի շահ Հայաստանի, լուծումների գնացել` 1918-ի՞ն, 1920-ի՞ն, թե՞ 1945-ին, երբ ԽՍՀՄ-ը ուզում էր Արեւմտյան Հայաստանի հողերը հետ բերել, հիշեք, թե ո՞ր երկրները խանգարեցին: Սեւրի պայմանագիրն էլ մնաց որպես թղթի կտոր: Եվրոպան 100 տարի առաջ էլ Հայաստանին անվերջ փորձում էր հակադրել Ռուսաստանին, ինչի արդյունքը եղավ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որը 1920 թվականին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջեւ: Եթե այն իրականացվեր, ապա Հայաստանը կդառնար Թուրքիայի կցորդը: Բայց իրավիճակը փոխեց Հայաստանի խորհրդային կառավարությունը, որն անցել էր իշխանության գլուխ: Այսօր ես հեռահար ինչ-որ նմանություն եմ տեսնում այդ պայմանագրի ու ՀՀ-ԵՄ այս համաձայնագրի միջեւ… Պատմությունից պետք է դասեր քաղել:
Երբ 80-ականների վերջին սկսվեց արցախյան պայքարը, եվրոպական բոլոր թերթերը գրում էին` Հայաստանը գնում է դեպի ազատություն, հայ ժողովուրդն իր ինքնորոշումն է ապահովում: Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, մեզ ծափահարող, ոգեւորող, մեր դաշնակից Եվրոպան ու ԱՄՆ-ը ասացին, սպասեք, տարածքային ամբողջականության հարց կա: Այսինքն, մեզ օգտագործում էին իրենց նպատակների համար: Բայց մենք, իրենց ցանկություններից անկախ, գիտեինք, թե ուր էինք գնում, մեր անկախությունն էինք ապահովում, մենք վերամիավորում էինք Արցախը, եւ արեցինք դա: Մենք պետք է այսօր մեր այդ պատմությունից էլ դասեր քաղենք:
Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական շրջափակման դեմ քայլեր անելուն, չգիտեմ, կարող է՞ ԵՄ-ն ներազդել, թե՞ ոչ, բայց տեսնում ենք, որ Թուրքիան շատ հաճախ թքած ունի ԵՄ վրա: Եվ հետո, եթե ԵՄ-ն նպատակ ուներ նման քայլ անելու, 25 տարի է Հայաստանը շրջափակման մեջ է` թող աներ, ինչ-որ թուղթ պետք է ստորագրե՞նք, որ նոր այդ հարցում մեզ օգնեն: Բայց անգամ այսօր ստորագրվելիք փաստաթղթում այդ մասին ոչ մի խոսք չկա, այս հարցերում ոչ մի պարտավորություն չեն ստանձնում:
– Մտահոգություններից մեկն էլ Մեծամորի ատոմակայանին է վերաբերում, պահանջ կա` փակել ԱԷԿ-ը: Նաեւ, եթե մինչ հիմա մենք մեկ կառույցի` ՄԱԳԱՏԷ-ի հետ ենք համաձայնություն ձեռք բերել, հետայսու գործին ներքաշվում է «Եվրոատոմ»-ը եւ 28 երկրներ:
– Ստացվում է, որ մենք պայմանագիր ենք կնքում ոչ թե ԵՄ հետ, այլ «Եվրոատոմի» հետ, ու դա անհասկանալի է: Իսկ պայմանագրում նշվում է` առաջին, պետք է փակել Մեծամորի ատոմակայանը, երկրորդ, եթե հանկարծ ինչ-որ երկիր ցանկանա Հայաստանում կառուցել ատոմակայան, պետք է ստանա «Եվորատոմ»-ի համաձայնությունը, նաեւ տեխնոլոգիաների կիրառման հարցում: Մեզ հիմա ասում են` ապամոնտաժեք ատոմակայանը, իսկ վաղը երեւի թե կառաջարկեն դրա տեղում լոլիկ, վարունգ ցանել, անասուններ արածացնել, փաստորեն, մեզ ասում են, դուք լոլիկ ցանող ազգ պիտի լինեք ու ատոմակայան չպետք է ունենաք: Ատոմոկայան ունենալը մեծ առավելություն է, այն ռազմավարական մեծ նշանակություն ունի մեզ համար, բայց ԵՄ-ն մեզ ասում է` չպիտի այդ դերը ունենաս, թող դա այլ երկրներ, օրինակ Իսրայելը ունենա:
Իհարկե, փաստաթղթում չի գրված, որ մենք հետո չենք կարող կառուցել ատոմակայան, բայց հարց եմ տալիս, մենք հետո ի վիճակի կլինե՞նք կառուցել նորը, երբ մետրոյի մեկ կայարան չենք կարողացել այս տարիներին կառուցել: Փաստաթղթում ոչ մի խոսք չկա, թե այլընտրանքային էներգիայի դեպքում մեզ ո՞վ է տրամադրելու համապատասխան մասնագետներ, մինչդեռ մեր մասնագետները, մեր հզոր դպրոցի ներուժը կփոշիանա, մարդիկ կգնան, կծառայեն այլ երկրների, ու Հայաստանը կզրկվի ատոմային մասնագետներից: Մենք մեկ անգամ արդեն եվրոպացիների օգնությամբ փակեցինք մեր ատոմակայանը ու տեսանք մութ տարիներ, երբ ծառերն էին կտրում տաքանալու համար, հիմա ուզում ենք այդ տարիները հետ դառնա՞ն:
– Որոշ փորձագետներ գտնում են, որ եթե համաձայնագրում կան մեր երկրի շահերից չբխող հոդվածներ, ապա կարող ենք ստորագրելուց հետո հրաժարվել դրանց կատարումից: Չնայած տրամաբանական կլինի այն, որ մինչ վերջնական ստորագրումը փոփոխվեն մեզ համար մտահոգիչ, տարակարծությունների տեղիք տվող հոդվածները: Հայաստանը կարո՞ղ է պահանջել նման փոփոխություն:
– Ասել, թե կստորագրենք, հետո կխաբենք, դա գավառական խորամանկության դրսեւորում է: Ժամանակակից աշխարհը շատ է առաջ գնացել, եթե 17-րդ դարում այդպիսի ճարպիկները կարող էին հաջողության հասնել, ապա դա չի կարող այսօր լուրջ ընկալվել: Ստորագրումից հետո պետությունը պարտավոր է կատարել պայմանագրով ստանձնած իր բոլոր պարտավորությունները: Ազնիվ կլինի այն, որ այսօր իսկ ասենք` այսինչ կետերն օգտակար չեն մեր պետության զարգացման համար, եւ մենք դրանք չենք ստորագրում: Հակառակ դեպքում, մենք շատ ծանր վիճակում կհայտնվենք: Մոլդովայի ժողովուրդը ընտրել է նախագահ, որն այսօր ուզում է երկրի ինքնիշխանությունը վերականգնել, բայց չի կարողանում, որովհետեւ Սահմանադրական դատարանը որոշել է, որ նա գործունակ չէ: Այսինքն, անտեսվում է ժողովրդի ընտրությունը, ժողովրդի քվեն: Ասում են ժողովրդավարություն, բայց մոռանում այդ բառի իրական իմաստը: Ի դեպ, ՀՀ-ԵՄ համաձայնագրով մեզ պարտադրվում է ընդունել «Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքը», նաեւ խտրականության մասին օրենքը, որով մեզանում կհաստատեն սեռական փոքրամասնությունների, այսպես կոչված, իրավունքները: Մեր ժողովուրդը ուզո՞ւմ է, որ երկրրը գնա նման ճանապարհով: Եկեք դնենք հանրաքվեի ու լսենք հայ ժողովրդի խոսքը:
Այսպիսով, մենք պարտավո՛ր ենք փոփոխել այս վտանգավոր փաստաթղթի էությունը եւ ստորագրել այնպիսի փաստաթուղթ, որը կհաստատի իրական, երկկողմ համագործակցություն Հայաստանի եւ Եվրամիության միջեւ:

Արմինե Սիմոնյան
Կրճատ տարբերակը հրապարակվել է «Հայոց Աշխարհ» օրաթերթում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА