ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ուզում եք գեյ շքերթնե՞ր, աղանդնե՞ր»

04.10.2017 11:05 Հրապարակումներ
«Ուզում եք գեյ շքերթնե՞ր, աղանդնե՞ր»

Երեքշաբթի Ազգային ժողովում քննարկվում էր «ԵԼՔ»-ի կողմից առաջադրված` ԵԱՏՄ-ից դուրս գալու, ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը: Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում վերոնշյալ հարցով հիմնական զեկուցող, «Ելք»  խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը բացակայել էր հանձնաժողովի նիստից, որի պատճառով համապատասխան հայտարարության հարցը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով: Իսկ հիմա ԱԺ-ում հնչեցին մի շարք ելույթներ, եւ օրինակ` Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ԵԱՏՄ-ից դուրս գալու հիմնական պատճառներից ընդգծեց դեղձի արտահանման ծավալների պակասելը, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ին անդամակցելու պատճառով, ըստ իրեն, ապրիլյան պատերազմի վատ արդյունքները: ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ իր ելույթում մասնավորապես ասաց.
– Ինձ համար այդպես էլ հասկանալի չդարձավ, թե ի՞նչ կապ ունի դեղձի արտահանման թվային փոփոխությունները եւ, ըստ Նիկոլ Փաշինյանի, վատ արդյունքները Արցախյան պատերազմում (այն էլ այն դեպքում, որ մենք այդտեղ հաղթել ենք) քննարկվող հարցի հետ: Պետք է ասեմ, որ ադրբեջանական բլից-կրիգը տապալվեց, եւ մենք ապացուցեցինք, որ մենք հաղթանակած ժողովուրդ ու բանակ ենք: Ի՞նչ կապ ունի այդ ամենը ԱԺ-ում ԵԱՏՄ-ի առնչությամբ հանձնաժողով ստեղծելու հետ: Եթե ինչ-որ բացասական արդյունքներ են այնտեղ գրանցվել, դա  պետք է կապենք ԵԱՏՄ-ի հե՞տ: Ես էլ կարող եմ ասել, որ 2001թ.-ից Հայաստանը անդամագրված է Եվրախորհրդին, իսկ գուցե մենք մեր տնտեսական բացթողումները կապենք դրա՞ հետ ու ներկայացնենք այդ անդամագրության ոչ ցանկալի տնտեսական արդյունքները: Իսկ գուցե ավելի հետ գնանք` 90-ականների սկզբին, երբ մտել էինք ՄԱՀ-ի, այսինքն` Միջազգային արժույթի հիմնադրամի համակարգի մեջ եւ ընդունել Վաշինգտոնյան կոնցենսուսի 10 սկզբունքները, որով քանդեցինք մեր երկրի տնտեսությունը: Իսկ գուցե մեր սխալը եւ դժբախտությունները տեսնենք Համաշխարհային բանկի հե՞տ համագործակցության մեջ: Այդ դեպքում եկեք ստեղծենք մի շարք հանձնաժողովներ` Եվրախորհրդից դուրս գալու, Համաշխարհային բանկի հետ հարաբերությունները սառեցնելու եւ այլն:
Կարծում եմ, որ նման մոտեցումը խիստ անլուրջ է: Ինչպես նաեւ չեմ կարող հասկանալ, այդ դեպքում մենք կարո՞ղ ենք մեր ժողովրդին բացատրել, թե ի՞նչ կլինի, եթե հանկարծ դադարեցնենք մեր համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակներում: Չէ՞ որ դա միայն ԵՏՄ-ն չի, դա բազմաշերտ համագործակցություն է մեր միակ, հիմնական ռազմավարական գործընկերոջ` ՌԴ-ի հետ. ԵԱՏՄ-ն, որտեղ մեր տնտեսական անվտանգությունն է,  ՀԱՊԿ-ում` ռազմական անվտանգությունը եւ, վերջապես, դա քաղաքակրթական համագործակցություն է, որտեղ մենք ուզում ենք ապահովագրել մեր ազգային արժեքները օտար ներմուծումներից: Ուզում եք նեոլիբերալիստական արժեքնե՞ր այստեղ բերել` գեյ շքերթներ, փոքրամասնություններ, աղանդներ եւ այլն: Դա՞ է արդյոք թելադրված... Ուզում եք Ուկրաինայի՞ տարբերակը, որը կործանվեց, ուզում եք Մոլդովայի՞ տարբերակը, որտեղ երկիշխանություն է: Կարծում եմ` որեւէ հիմք չկա նման հանձնաժողով ստեղծելու համար:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА