ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետք է այնպես անենք, որ բոլոր միջազգային նորմերը, այդ թվում` ազգերի ինքնորոշման իրավունքը կիրառվի»

30.08.2017 13:04 Հրապարակումներ
 «Պետք է այնպես անենք, որ բոլոր միջազգային նորմերը, այդ թվում` ազգերի ինքնորոշման իրավունքը կիրառվի»

 

Երեկ ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատունը եւ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնը» «Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրվան» նվիրված համատեղ գիտաժողով էր կազմակերպել: Գիտաժողովի ընթացքում ելույթ ունեցավ ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, ով ողջունելով ներկաներին, մասնավորապես ասաց.
- Նախ ցանկանում եմ մեկ անգամ եւս շնորհավորել Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առթիվ: Դրանք շատ կարեւոր տարիներ էին երկու երկրների համար, հենց այդ տարիներին մենք համատեղ ուժերով միասին ստեղծեցինք ՀԱՊԿ-ը, որը անվտանգության առումով շատ կարեւոր կառույց է, ունեցել ենք նաեւ տնտեսական, քաղաքական զարգացումեր: Եվ այս համատեքստում բնական է, որ մեր երկու երկրների միջեւ այսօր առկա են բարեկամական եւ դիվանագիտական շատ ջերմ հարաբերություններ, որը, ինչ խոսք, շատ կարեւոր է: Կարծում եմ` Ղազախստանի հետ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար մենք ունենք շատ ընդհանուր հարթակներ, եւ դրանցից մեկը, իհարկե, անվտանգության պահպանման ոլորտում համագործակցությունն է:
Այս առումով ես կցանկանայի շեշտը դնել երեք կարեւոր խնդիրների վրա.
Մենք բոլորս ցանկանում ենք զերծ մնալ միջուկային պատերազմի վտանգից: Այսօր, սակայն, որոշ երկրների թույլատրվում է այն օգտագործել, որոշներին` չի թույլատրվում, իսկ որոշներն ունեն միջուկային զենք, ինչպիսին, օրինակ, Իսրայելն է, սակայն նա չի խոստովանում: Չպետք է բոլորը օգտագործեն միջուկային զենք:
Մենք պետք է այնպես անենք, որ բոլոր միջազգային նորմերը` իրենց բոլոր դրսեւորումներով կիրառվեն անշեղորեն եւ ամբողջությամբ: Դա վերաբերում է բոլոր հարցերին, այդ թվում` այն հարցերին, որոնք վերաբերում են  ազգային ինքնորոշմանը:
Երրորդ շատ կարեւոր հարցը` փոքր երկրների անվտանգության խնդիրն է: Մասնավորապես` ո՞վ եւ ինչպե՞ս պետք է ապահովի փոքր երկրների անվտանգությունը, եթե իրենց հակառակորդները ունեն միջուկային զենք կամ չունեն միջուկային զենք, բայց  տիրապետում են հզոր, գերժամանակակից սպառազինության: Օրինակ, պետք է հասկանալ, ո՞վ եւ ինչպե՞ս պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը թշնամի Ադրբեջանից, եթե այդ երկիրը շարունակի իր սպառնալիքները, որի մասին, ի դեպ, հայտարարում է բարձրաձայն: Եվ այս պարագայում, երբ թշնամի երկիրը տիրապետում է գերժամանակակից սպառազինությունների, չհաշված այն, որ ունի Թուրքիայի եւ Պակիստանի հովանավորչությունը, ապա ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղը եւ իր ժողովուրդը գտնվում է բավականին խոցելի վիճակում: Նույնը վերաբերում է Թուրքիային, ով կատարեց 1915 թվականի ոճրագործությունը եւ մինչ օրս  էլ շարունակում է իր ագրեսիվ պահվածքը: Ո՞վ եւ ինչպե՞ս պետք է սատարի այն երկրներին, ովքեր արդեն մեկ անգամ տեսել են Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործությունը:
Դրա համար մենք պետք է ակտիվ պայքար տանենք միջուկային զենքի չտարածման ուղղությամբ եւ վերը նշված հարցերը ամբողջական համատեքստում քննարկենք:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА