ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հ. Բաբուխանյանը Մոլդովայում հակադարձեց ադրբեջանցի պատգամավորին

03.07.2017 15:51 Հրապարակումներ
Հ. Բաբուխանյանը Մոլդովայում հակադարձեց ադրբեջանցի պատգամավորին

Ավարտվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի այցը Մոլդովա, Մոլդովայի Սոցիալիստների կուսակցության հրավերով: Հ. Բաբուխանյանը մասնակցեց եւ ելույթ ունեցավ Մոլդովայի Սոցիալիստների կուսակցության 20-ամյակին նվիրված միջոցառումներին: Իր խոսքում Հ. Բաբուխանյանը նշեց այն կարեւոր դրույթները, որոնք ձեւավորում են հայ-մոլդովական դարավոր բարեկամությունը: Շնորհակալություն հայտնեց Մոլդովայում հայկական մշակույթի եւ պատմության հուշարձանների պահպանման եւ վերականգնման համար: Իր ելույթում պատգամավորը կարեւորեց Մոլդովայի Սոցիալիստների կուսակցության դրույթը, ըստ որի Մոլդովան պետք է անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը: ՍԻՄ նախագահը նշեց, որ ազգային  ինքնության պահպանումը, ավանդապաշտությունը, քրիստոնեական բարեպաշտության կարեւորումը այն ծրագրային դրույթներն են, որոնք հիմք են ստեղծում լայն համագործակցության համար: Պատասխանելով մինչ այդ ելույթ ունեցած ադրբեջանական խորհրդարանի պատգամավորի սադրանքին, թե Մոլդովան եւ Ադրբեջանը ունեն շատ ընդհանրություններ, քանի որ երկուսն էլ ունեն խնդիր վերականգնելու  իրենց տարածքային ամբողջականությունը Հ. Բաբուխանյանը բացահայտեց այդ դրույթի ամբողջությամբ անհիմն լինելը, օրինակ բերելով Մոլդովայի նախագահ, Սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնի քաղաքականությունը Մերձդնեստրյան կոնֆլիկտի առումով: Հ. Բաբուխանյանն ասաց.<Մենք շնորհակալ ենք Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին իր որդեգրած նոր քաղաքկաանության համար Մերձդնեստրովյան խնդրի վերաբերյալ: Դա կարող է փայլուն օրինակ լինել ոմանց համար, ինչպես սպառնալիքի լեզվից կարելի է անցնել երկխոսությանը, զենքի ցուցադրումից՝ սոցիալ-տնտեսական խնդրի լուծմանը>: Հայ պատգամավորի ելույթը լսարանի կողմից ընդունվեց ջերմ ծափահարություններով: 

Քիշինովյան այցի ընթացքում Հ. Բաբուխանյանը մասնակցեց նաեւ Մոլդովայի նախագահ Ի. Դոդոնի հետ հանդիսավոր հանդիպմանը: Հանդիպումներ ունեցավ Մոլդովայի Սոցիալիստների կուսակցության նախագահ եւ խորհրդարանական խմբակցության նախագահ Զինաիդա Գրեչանիի հետ, որին մասնակցում էր նաեւ Մոլդովայի խորհրդարանի հայ-մոլդովական բարեկամության խմբի մոլդովական կողմից նախագահ Վլադիմիր Գոլովատյուկը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-մոլդովական հարաբերությունները, որոնք հիմնված են դարավոր բարեկամության վրա, միջխորհրդարանական համագործակցությունը՝ այդ թվում միջխորհրդարանական կազմակերպությունների հարթակում, ինչպես նաեւ միջկուսակցական կապերը եւ դրանց զարգացման հեռանկարը: Հանդիպման վերջում Զ. Գրիչանին Հ. Բաբուխանյանին պարգեւատրեց <Մոլդովայի հանրապետության Սոցիալիստների կուսակցության 20-ամյակ> հուշամեդալով: 

Հայ պատգամավորը հանդիպեց նաեւ Մոլդովայում Հայաստանի լիազոր դեսպան Ջիվան Մովսիսյանի հետ: Այցի ընթացքում ՍԻՄ նախագահը հանդիպեց մոլդովական մամուլի ներկայացուցիչների հետ եւ հարցազրույց տվեց մոլդովական հեռուստընկերությունում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА