ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՈՆԳՐԵՍԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ԿԱՐԵՒՈՐԱԳՈՒՅՆ ՈՒ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ

26.04.2017 16:06 Նախաձեռնություններ
ԿՈՆԳՐԵՍԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ԿԱՐԵՒՈՐԱԳՈՒՅՆ ՈՒ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ

Հայկ Բաբուխանյանն ընտրվեց Ցեղասպանության ենթարկված ժողովուրդների առաջին համաշխարհային Կոնգրեսի կազմկոմիտեի անդամ

 

Ապրիլի 21-ին Համբուրգում (Գերմանիա) կայացավ «Մարդկության պատմության ընթացքում ցեղասպանության ենթարկված երկրների եւ ժողովուրդների առաջին համաշխարհային կոնգրեսը»: Կոնգրեսի կազմակերպիչներն են գերմանական «Quelle» e.V.  եւ իսրայելական SHA Inter-national Ratings Center կազմակերպությունները: Կոնգրեսին մասնակցել են պատգամավորներ Գերմանիայից եւ Հայաստանից, Իսրայելի, Ռուսաստանի, Սերբիայի ներկայացուցիչներ, ներկայացված են եղել նաեւ քրդերը, ինչպես նաեւ մասնակցում էին մի շարք միջազգային եւ ազգային հասարակական կազմակերպություններ, որոնք տարբեր երկրներում զբաղվում են ցեղասպանությանը առնչվող հարցերով: «Իրավունքը» հարցերով դիմեց Կոնգրեսի մշտական կազմկոմիտեի նախագահ, Իսրայելի հայտնի հասարակական գործիչ ԱԼԵՔՍ ՌԱԲԻՆՈՎԻՉԻՆ:
– Ո՞րն է Կոնգրեսի նպատակը:  
– Կոնգրեսը ընդունեց հռչակագիր, որտեղ կոչ արեց բոլոր երկրների ղեկավարներին  իրականացնել այնպիսի արտաքին քաղաքականություն, որում արտացոլված լինի ցեղասպանությունների դեմ պայքարը, որով պաշտպանված լինեն մարդկանց իրավունքները, ռազմական  հանցագործություններից եւ էթնիկ մաքրումներից` համաձայն ՄԱԿ-ի 1948թ. կոնվենցիայի Ցեղասպանության վերաբերյալ: Մենք պետք է գիտակցենք, որ ցեղասպանությունները որպես մարդկության դեմ հանցագործություններ տեղի են ունեցել 20-րդ դարում, եւ Գերմանիայի նացիստների կողմից հրեա ժողովրդի դեմ կատարածը ուներ իր  նախապատմությունը հայերի Ցեղասպանության տեսքով, որը, ցավոք սրտի, մինչ այդ ոչ ոք չկանխեց: Ես ինքս  ցեղասպանության  ենթարկված ժողովրդի եւ ընտանիքի  ներկայացուցիչ եմ եւ լավ եմ պատկերացնում այդ սարսափելի ողբերգությունը: Հենց այդ նպատակով մենք ստեղծեցինք Կոնգրեսը եւ կոչ արեցինք աշխարհի բոլոր առաջադեմ ուժերին միավորվել ցեղասպան դրսեւորումների դեմ, որոնք տեղի են ունենում նաեւ ժամանակակից աշխարհում:
– Ինչպե՞ս է Կոնգրեսը կազմակերպելու իր աշխատանքը:
– Կոնգրեսը ձեւավորել է  մշտական գործող կազմկոմիտե, ինչպես նաեւ երեք կոմիտեներ`
1. Կոմիտե` ցեղասպանությունների միջազգային ճանաչման հարցերով,
2. Կոմիտե` ժողովուրդների մշակութային եւ հոգեւոր ցեղասպանության հարցերի բացահայտման հարցերով,
3. Կոմիտե` մարդկության պատմության ընթացքում պատմական փաստերի ուսումնասիրության հարցերում:
Մենք ստեղծելու ենք նաեւ ցեղասպանագետների միջազգային ռեյեստր, իսկ բոլոր զեկույցները եւ ելույթները, որոնք հնչել են Կոնգրեսի ընթացքում, հրապարակելու ենք հատուկ ժողովածուի մեջ:
– Ի՞նչ աշխատանք է տարվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առնչությամբ:
– Մենք այդ աշխատանքը սկսել ենք դեռեւս տարիներ առաջ: Պետք է նշեմ, որ մեր կազմակերպությունները իրենց լուման ունեն Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մեջ: Նախորդ տարի ես այցելել եմ Հայաստան, հանդիպումներ եմ ունեցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ ՍԻՄ կուսակցության նախագահ, պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հետ: Ինչպես նաեւ հանդիպել եմ ձեր մշակույթի նախարարի, մի շարք այլ հասարակական ու քաղաքական գործիչների հետ: Այն ժամանակ մենք նույնպես քննարկել ենք Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված խնդիրներ: Նշել ենք, որ պետք է ճանաչմանը հետեւի պատիժը եւ փոխհատուցումը, որը Թուրքիայի կողմից պետք է տրվի հայ ժողովրդին: Կարծում եմ` եկել է ժամանակը, որպեսզի փոխհատուցման հարցը ավելի բարձրաձայնվի, եւ Կոնգրեսը պատրաստակամ է այդ հարցում  բարձրացնել իր ձայնը: Այնուհետեւ, վերոհիշյալ իմ հայ գործընկերների հետ մենք իրականացրինք մի շարք հրապարակումներ Հայոց Ցեղասպանության առնչությամբ, որոնք լույս տեսան մի շարք միջազգային հեղինակավոր հանդեսներում: Հայկ Բաբուխանյանը շատ ակտիվ մասնակցություն ունեցավ վերոհիշյալ Կոնգրեսի նախապատրաստական աշխատանքներին եւ ընտրվեց Համաշխարհային կոնգրեսի մշտական կազմկոմիտեի անդամ: Նա համաշխարհային ճանաչում ունեցող հասարակական գործիչ է եւ գիտնական: Բավական է ասել, որ հինգ միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է: Ունի շատ լուրջ աշխատանքներ, որոնք առնչվում են Թուրքիային  ու Հայոց ցեղասպանությանը: Առաջին Կոնգրեսին նա հանդես եկավ ծավալուն զեկույցով: Այնպես որ, կարծում եմ` Կոնգրեսի աշխատանքներում Հայոց ցեղասպանությունը կլինի կարեւորագույն ու առաջնային ուղղություններից մեկը: Ես պլանավորում եմ այս տարի նույնպես այցելել Հայաստան, ունենալ մի շարք հանդիպումներ, քննարկել մեր աշխատանքային ծրագրերը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА