ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ԿՓՈՐՁԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ  ՍԱԴՐԱՆՔՆԵՐ ԵՎ ԲԱԽՈՒՄՆԵՐ»

21.03.2017 14:13 Հրապարակումներ
«ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ԿՓՈՐՁԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ  ՍԱԴՐԱՆՔՆԵՐ ԵՎ ԲԱԽՈՒՄՆԵՐ»


«Նոյան տապան»-ում ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ով ՀՀԿ ցուցակում 21-րդն է, «Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական գործընթացները» հարցին պատասխանելիս առանձնացրեց երեք կարեւոր դրույթ.1. Մեր ազգի թշնամիներին դուր չի գալիս, որ մենք հանգիստ ու քաղաքակիրթ կերպով ենք անցկացնում նախընտրական քարոզը: Իհարկե, դա ոմանց համար տհաճ անակնկալ էր: ՀՀ-ում ընդունված էր թեժ անցկացնել ընտրությունները: Կարծում եմ, որ այս ընթացքը շատ ավելի բնորոշ է մեր ազգին, քան ավելորդ եւ անիմաստ թեժությունը: Մեր թշնամիներին դա ձեռք չի տալիս, եւ իրենք կփորձեն կազմակերպել սադրանքներ, բախումներ, որպեսզի մեր այս հանդարտ ու քաղաքակիրթ ընթացքը փոխեն եւ ցուցադրեն աշխարհին, թե մենք այլ կերպ չենք կարող: Ուզում եմ նախազգուշացնել, որ նման դեպքեր եղել են անցյալում եւ կարող են լինել այս անգամ, քանի որ  արվելու է ամեն բան որ շեղվի քաղաքակիրթ ընթացքը: Վերցրեք նախորդ ընտրությունները, որտեղ տեղի ունեցավ Պարույր Հայրիկյանի դեպքը: Դա մեկ նպատակ ուներ` խճճել  ընտրությունները եւ տանել այլ ճանապարհով:
2. Մենք ապրում ենք Մեծ  Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում, որտեղ ընթանում են կարգավորման գործընթացներ, եւ առաջ են եկել շատ անսպասելի համագործակցության ձեւաչափեր, որոնք մինչ այդ դժվար էր պատկերացնել: Օրինակ` ՌԴ-Թուրքիա-Իրան` Սիրիայի հարցում: Այս երեք երկրները իրար հետ միշտ ունեցել են բազում խնդիրներ` Սիրիայի կամ արաբական աշխարհի հարցերում: Տեղի են ունենում խոշոր փոփոխություններ եւ տեսնում ենք Արցախի շուրջ ոչ միայն լարվում է իրավիճակը, այլեւ գնում են բանակցային գործընթացներ, որոնք վերջին շրջանում արագացան: Որովհետեւ մեծ, գլոբալ կարգավորման ընթացքում, երբ բազմաթիվ կողմեր ճշտում են իրենց ներկայությունը տարածաշրջանում,  ԼՂ հարցի լուծումը արագանում է` գոնե բանակցային գործընթացի առումով: Մենք տեսանք, որ օրեր առաջ վերսկսվեցին հայ-թուրքական կարգավորման շուրջ խոսակցությունները, եւ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը հայտարարեց, որ երբ ՀՀ-ն եւ Թուրքիան կվերսկսեն բանակցային գործընթացը,  Ռուսաստանը դրան կաջակցի: Այսինքն` ընթանում են լուրջ գործընթացներ, եւ այս համատեքստում մեր թշնամիները կցանկանային, որ մենք լինենք ավելի թույլ, պառակտված, որ հայ ժողովուրդը մոռանա իր առջեւ ծառացած հիմնական խնդիրները` անվտանգությունը, երկրի ամբողջականությունը, պաշտպանվածությունը եւ տրվի աթոռների բաժանման գործին:
3.  Թրամփի` ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, համաշխարհային համակարգի փոփոխման երեւույթն է: Անկասկած, այդ առումով կա որոշակի անորոշություն, երբ պայքարը պահպանողականների եւ ծայրահեղ լիբերալիստների միջեւ ստացել է նոր ընթացք: Թրամփը ավելի շատ ներկայացնում է պահպանողական գաղափարախոսությունը: Այսօր տեսնում եք, թե ինչպես են բախվում Թրամփին ԱՄՆ  լիբերալ շրջանակները, որոնք տիրում էին ոչ միայն Միացյալ Նահանգներին, այլ, կարելի է ասել` ամբողջ աշխարհում ունեին գերակշռություն: Այսօր ռեֆորմիստական տրամադրություններ են նկատվում ոչ միայն ԱՄՆ-ի արտաքին ու ներքին քաղաքականության մեջ, այլեւ գաղափարախոսության, քաղաքակրթական մոտեցումների մեջ: Այստեղ դրված է ՆԱՏՕ-ի վերափոխման խնդիր, Եվրամիությունն  է անցնում շատ դժվար փուլ, իսկ այս ամենն ունի եւ ունենալու է իր վտանգավոր արձագանքը մեր տարածաշրջանում եւ մասնավորապես Հայաստանում:
Ահա այս միջազգային բարդագույն մթնոլորտում են տեղի ունենում մեր ընտրությունները:

«ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ 
ՈՒԺԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ 
ՀՆԱՑԱԾ ԵՆ»
Արեւմտյան զարգացման ուղղությունը նախընտրող քաղաքական ուժերի առաջարկները հնացած են,- նշեց Հայկ Բաբուխանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Շարունակելով` հավելեց, որ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի թվում բազմաթիվ են արեւմտամետ լիբերալ ուղղությունը նախընտրողները, որոնց առաջարկած զարգացման մոդելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո համարվում է հնացած: 
Պատգամավորի խոսքերով` աշխարհում տեղի են ունենում համաշխարհային կարգերի փոփոխման գործընթաց, որն իր ազդեցությունն ունի ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Հայաստանի վրա, հետեւաբար նման պայմաններում ընտրողները մեծ ուշադրություն պետք է դարձնեն ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների ներկայացրած ծրագրերին: 
Հ. Բաբուխանյանի փոխանցմամբ` ՀՀԿ-ի 45 էջից բաղկացած ծրագիրը լուրջ փաստաթուղթ է, որտեղ բազմիցս խոսվում է ազգային ավանդական արժեքների, կրոնի, մշակույթի, լեզվի  պահպանության մասին: 

«ԱՆՁԻ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ 
ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ ՃԻՇՏ ՉԷ». 
«Քննությունը կպարզի` կա՞ր թերություն, եւ արդյո՞ք նրա իրավունքները խախտվել են, թե` ոչ»,- անդրադառնալով Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբին սնունդ հասցրած «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվանը, ասաց ՍԻՄ կուսակցության նախագահը: Մեկնաբանելով ցուցարարների պնդումը, թե «Հաց բերողին» պետք է հուղարկավորել «Եռաբլուրում»` վերջինս ասաց. «Անձի ողբերգական իրավիճակը քաղաքական նպատակների հասնելու համար օգտագործելը ճիշտ չէ: Չի կարելի շահարկել անձի դժբախտությունը: Նման իրավիճակներն անարգանք են ննջեցյալի հանդեպ: Ունենք զինվորական պանթեոն, որտեղ Արցախյան ազատամարտի մասնակիցներն են հուղարկավորվում: Եթե նա մասնակից է եղել Ազատամարտին, պետք է տվյալներ ներկայացվեն: Եթե չկան փաստեր, խոսել այդպիսի հուղարկավորության մասին, ավելորդ է»: 

«ԱՅՍՕՐ ԲՈԼՈՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՍՏԱՄՈՔՍԻ ԵՎ ՀԱՐԿԵՐԻՑ 
ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Անդրադառնալով նախընտրական ծրագրերին` ՍԻՄ նախագահն ասուլիսի ժամանակ նկատեց, որ այսօր բոլորը, բացի ՀՀԿ-ից, խոսում են ստամոքսի մասին, կամ որքան շատ կբարձրացնեն աշխատավարձերը եւ որքան շատ կխուսափեն հարկերից: «Վերցրեք Ծառուկյան դաշինքի 15 կետերը եւ Արթուր Բաղդասարյանի 30 կետերը. ոչ մի բանով չեն տարբերվում իրարից: Բոլորը խոսում են` ինչպես իջեցնել հարկերը եւ բարձրացնել աշխատավարձերը: Մեկը 5 տոկոսով, մեկը` 10 եւ այլն: Ցավում եմ, որ կա նման բան: Բայց նրանցից ոչ ոք չի խոսում ազգային արժեհամակարգի, ինքնիշխանության պահպանման հարցի մասին: ՀԱԿ ներկայացուցիչներից մեկն ասում է, որ կարեւոր չէ լինել հայ, այլ պետք է լինել հայաստանցի: Իսկ արդյո՞ք կարեւոր չէ, որ մենք մնանք հայ, իհարկե կարեւոր է, իսկ այն ապահովում է մեկ ուժ` ՀՀԿ-ն: Իսկ մնացածը առաջարկում են` ավելի լավ է լինել հարուստ եւ առողջ, քան աղքատ ու հիվանդ, ինչը իհարկե հասկանալի է: Բայց ինչպես հասնել այդ առողջությանը, կամ հարստությանը` կառավարման շատ բարդ խնդիր է»:
Պատգամավորն առաջարկում է յուրաքանչյուրի նախընտրական ծրագիրն ընթերցելիս հասկանալ, որքանով է խախտված եւ վտանգված մեր կայունությունը:  «Կայունությունը թթվածնի նման մի բան է, եւ երբ  այն պակասում է, սկսում ես խեղդվել: Վերցրեք «Ելք» դաշինքի ծրագիրը, եթե, Աստված մի արասցե, այն դառնա իրականություն, ապա երկու ամսից կսկսվի պատերազմը: Այնտեղ գրված է` պետք է դուրս գալ ՌԴ-ի հետ համակարգային հարաբերություններից եւ դրանից հետո նոր սկսել քննարկել, թե ուրիշ ինչ այլ համակարգ կա, որը կպաշտպանի Հայաստանին: Եթե մենք չունենանք ՌԴ-ի նման դաշնակից եւ դուրս գանք այդ համակարգից, Թուրքիայի սահմանը բաց մնա, որտեղ ռուսական զինվորներ են, մինչ այլ համակարգ գտնելը կամ չգտնելը պատկերացրեք, թե ինչ կկատարվի Հայաստանում»,- եզրափակեց Հայկ Բաբուխանյանը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА