ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե մենք ներկայացնում ենք իշխանություն, դա չի նշանակում, որ մենք չենք պահանջելու մեր գործադիրից. Հ. Բաբուխանյան

06.03.2017 12:41 Հայտարարություններ
Եթե մենք ներկայացնում ենք իշխանություն, դա չի նշանակում, որ մենք չենք պահանջելու մեր գործադիրից. Հ. Բաբուխանյան

«Մենք չէ, որ ստեղծել ենք մեր երկրի բնաշխարհը այլ ստացել ենք մեր նախնիներից, ստացել ենք բազմահազար պատմության ընթացքից եւ պետք է փոխանցենք մեր հետագա սերունդներին այն մտադրությամբ, որ հազարամյակներ շարունակ մեր հետնորդները վայելեն մեր Հայաստանի չնաշխարհիկ բնությունը, հպարտանան դրանով եւ կարողանան դրա հաշվին էլ ավելի զարգացնեն մեր երկիրը: Երկրի նախագահը բազմիցս խիստ հանձնարարականներ է տվել մեր հայրենի բնությունը պահպանելու վերաբերյալ եւ մենք պարտավոր ենք այդ հարցը պահել մեր վերահսկողության ներքո»,- իր ելույթի սկզբում ասաց Հայկ Բաբուխանյանը:

Անդրադառնալով ներկայացված օրենքի նախագծին, Հ. Բաբուխանյանը նշեց, որ «մեր բնությունը լրացուցիչ պաշտպանության կարիք ունի: Մենք տեսնելով դա ահազանգում ենք, եւ եթե մենք ներկայացնում ենք իշխանություն, դա չի նշանակում, որ մենք չենք պահանջելու մեր գործադիր իշխանությունից, որպեսզի հստակեցնի իր գործոությունները: Պահանջելու ենք, բայց եւ օգնելու ենք, որովհետեւ միայն պահանջելը քիչ է պետք է նաեւ աշխատել»: 

Այնուհետեւ Հ. Բաբուխանյանը անդրադարձավ հանքարդյունաբերությանը նշելով, որ այս ոլորտում եւս կան խնդիրներ: «Մենք արտահանում ենք հանքանյութ այն դեպքում, երբ պետք է արտահանենք պատրաստնի արտադրանք: Արտադրական ցիկլը պետք է փակել, գտնելով ներդրողներին լուծել այդ հարցը: Այստեղ կա պոչամբարների խնդիրը, եւ հանքավայրերի մոտ բնակավայրերից կան ահազանգեր»:

Խոսելով Սեւանի կենդանական աշխարհի մասին պատգամավորը նշեց, որ. «Այստեղ նույնպես կան խնդիրներ: Մենք դեռեւս չենք հասել Սեւանի ձկան պաշարների այն մակարդակին, երբ ինչպես հիշում եք, ծանր տարիներին Սեւանը կերակրեց ամբողջ Հայաստանը եւ փրկեց մեր երկրին: Այդպիսի մակարդակին հասնելու համար պետք է կատարել լրացուցիչ պաշտպանիչ գործողություններ»:

Այնուհետեւ Հ. Բաբուխանյանը բարձրացրեց ծառահատումների խդիրը. «Երբ գնում ես մեր անտառների մոտ լսում ես «դրուժբա» բենզասղոցի անդադար ձայնը: Այստեղ խնդիր կա եւ նախարարությունը պետք է էլ ավելի մեծ ուշադրություն դարձնի անտառածածկ տարածքներին: Մենք պետք է  ոչ միայն պահպանենք բնությունը, այլ մեր բնության գրավչությամբ զարգացնենք տուրիզմը: Իսկ եթե զբոսաշրջիկը մտնի անտառ եւ տեսնի հատած ծառեր ապա էկոտուրիզմ զարգացնել անհնար է»:

Թեեւ Արարատյան դաշտի օգտագործման խնդրում աշխատանքներ կատարվում են, սակայն դրանք դեռ հեռու են բավարար լինելուց. «Մի պահ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրերը դարձան մի շարք մարդկանց համար եկամտի աղբյուր, սակայն պետք է այդ հարցում հետեւողական եւ սկզբունքային լինեք»:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА