ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. «ՑԱՆԿԱՑԱԾ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՊԵՏՔ Է ՄՈՏԵՆԱԼ ԶԳՈՒՅՇ ԵՎ ԱՌԱՆՑ ՇՏԱՊՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ»

17.02.2017 14:05 Հրապարակումներ
Հ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. «ՑԱՆԿԱՑԱԾ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՊԵՏՔ Է ՄՈՏԵՆԱԼ ԶԳՈՒՅՇ ԵՎ ԱՌԱՆՑ ՇՏԱՊՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ»

ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր, ԱՊՀ  միջխորհրդարանական վեհաժողովի գիտության եւ կրթության հանձնաժողովի փոխնախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ պատասխանել է «Astana Times» ղազախստանյան թերթի հարցերին:
Հ. Բաբուխանյանը նշել է, որ Ղազախստանը մեզ բարեկամ երկիր է, դաշնակից է ՀԱՊԿ-ի գծով, եւ մենք միասին կառուցում ենք միություն ԵԱՏՄ-ի շրջանակներում: Թղթակցի այն հարցին, թե ի՞նչ հատուկ հատկանիշներ ունի պառլամենտարիզմը Հայաստանում եւ արդյո՞ք խորհրդարանական կառավարման համակարգին անցնելով չի խոչընդոտվի ԵԱՏՄ այլ երկրների հետ աշխատանքի համակարգումը` Հ. Բաբուխանյանը պատասխանեց:-Հայկական պառլամենտարիզմը հիմնադրվել է Առաջին հանրապետության ժամանակ` 1918 թվականին: Սակայն հայկական պառլամենտարիզմի առանձնահատկությունն այն է, որ դեռ դրանից շատ առաջ բազմաթիվ եվրոպական երկրների, Ռուսաստանի, Թուրքիայի եւ այլ երկրների խորհրդարաններում կային հայ պատգամավորներ: Այդպես է եղել նաեւ ամբողջ 20-րդ դարի ընթացքում: Այդպես է նաեւ այսօր: Եվ հայ պատգամավորների աշխատանքի փորձը տարբեր խորհրդարաններում, իհարկե, մեզ համար շատ է օգտակար...  Հայկական հասարակությունը միշտ իրեն համարել է դասական եվրոպական  քաղաքակրթության մաս` դրան հատուկ ազատամտությամբ եւ այլ ժողովրդավարական ինստիտուտներով: Քաղաքացիական ազատությունների զարգացման, խորհրդարանական վերահսկողության ամրապնդման անհրաժեշտությունը հանգեցրին 2015թ. սահմանադրական բարեփոխմանը: Անհրաժեշտ է նշել նաեւ, որ մինչ այդ գործող կիսանախագահական պետական կառավարման համակարգում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման տրամաբանությունը կարող էր ստեղծել որոշ իրադրություններ, երբ վտանգված կլիներ պետության ներքաղաքական կայունությունը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե  ԵԱՏՄ պետություններում կառավարման համակարգերի տարբերությունը կարող է բերել ինչ-որ դիսհարմոնիայի, կարծում եմ, որ բացի արարողակարգայիններից, որեւէ այլ հարց դժվար թե կարող է ծագել: Դեռ մինչեւ մեր սահմանադրական փոփոխությունները, մեր երկրների կառավարման համակարգերում կային տարբերություններ: ԵԱՏՄ-ի անդամ պետությունների մեծ մասը ուներ նախագահական, իսկ Հայաստանը` կիսանախագահական կառավարման ձեւ: Սակայն դա որեւէ կերպ չէր արտացոլվում մեր համատեղ աշխատանքի վրա: Բացի այդ, կարելի է բերել բազմաթիվ օրինակներ այլ ինտեգրացիոն միություններից: Օրինակ` Եվրամիությունը, որտեղ համակարգված աշխատում են տարբեր պետական կառավարման ձեւ ունեցող երկրներ: Այնպես որ ինտեգրացիայի հարցում գլխավորը մեր ժողովուրդների ցանկությունն է եւ իշխանության բոլոր թեւերի` ինտեգրացիային ուղղված ճիշտ եւ գործնական քաղաքականությունը: 
- Դուք ի՞նչ խորհուրդ կտաք  Ձեր ղազախստանյան գործընկերներին` տեղի ունեցող սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումները եւ թափ առնող խորհրդարանական ընտրարշավը:
- Անկասկած, պառլամենտարիզմի, քաղաքական ինստիտուտների ամրապնդումը պետության ժողովրդավարական մոդելի կառուցման սկզբունքային հիմնասյուներից մեկն է: Ու, թեեւ Հայաստանը դեռեւս գտնվում է պառլամենտական մոդելին հասնելու անցումային շրջանում, սակայն արդեն իսկ պարզ երեւում են այն առավելությունները, որոնք ստացել է մեր երկիրը սահմանադրական բարեփոխումների արդյունքում: Զգալիորեն աճել է խորհրդարանի դերը պետության կառավարման մեջ, եւ այդ տենդենցը շարունակվում է զարգանալ: Ամրապնդվել է քաղաքական կուսակցությունների դերը, քաղաքացիական ազատությունները դարձել են ավելի շոշափելի եւ ավելի հասանելի մեր քաղաքացիների համար: Ինչ վերաբերում է նման բարեփոխումների տեմպերին, ապա այստեղ պետք է ելնել յուրաքանչյուր երկրի առանձնահատկություններից: Այս հարցում վտանգավոր է ինչպես  արհեստական հապաղումը, այնպես էլ` հասարակության զարգացման բնականոն ընթացքից առաջ ընկնելու փորձերը: Բարեփոխումների չափից ավելի արագ իրականացման եւ հեղափոխական փոփոխությունների դեպքում կարելի է ստանալ տրամագծորեն հակառակ արդյունքները: ժողովրդավարական ինստիտուտների փոխարեն` քաոս, արդյունավետ զարգացման փոխարեն` հետընթաց, տնտեսության բարձրացման փոխարեն` քարուքանդ երկիր: Այդպես արդեն եղել է, երբ ծայրահեղ լիբերալները ետխորհրդային տարածքում կիրառում էին շոկային թերապիայի մեթոդները` ՄԱՀ-ի եւ արեւմտյան այլ կառույցների թելադրանքի ներքո: Հետեւապես, ցանկացած բարեփոխմանը պետք է մոտենալ զգույշ եւ առանց շտապողականության:
Լրագրողի այն հարցին, թե մեր երկրների միջխորհրդարանական համագործակցության որ ուղղությունն է կարեւորվում, Հ. Բաբուխանյանը մասնավորապես նշեց, որ. «Բացի ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի հարթակից, կարեւոր է երկկողմ խորհրդարանական, ինչպես նաեւ միջկուսակցական համագործակցության զարգացումը: Բացի այդ, մենք պետք է խորհրդարանների միջոցով ակտիվացնենք մեր հասարակության տարբեր շերտերի միջեւ համագործակցությունը: Հայերը եւ ղազախները եղբայրական ժողովուրդներ են: Մենք ունենք ԽՍՀՄ ժամանակների ընթացքում հարուստ ու բարի ընդհանուր պատմություն: Այն ստեղծել են մեր պապերն ու հայրերը, եւ մեր սերնդի խնդիրն է ոչ միայն այդ ամենը պահպանել, այլեւ փոխանցել մեր երիտասարդությանը»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА