ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

  ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ ԳԻՐՔԸ

10.02.2017 15:40 Հրապարակումներ Միջոցառումներ
  ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ ԳԻՐՔԸ

Ազգային ժողովում ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, բանասիրական գիտությունների թեկնածու ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ «Հայ-թուրքական փոխհարաբերությունները եւ ինֆորմացիոն պատերազմը (1991-2016 թթ.)» գրքի շնորհանդեսի ժամանակ պատգամավորը նախեւառաջ շնորհակալություն հայտնեց Մշակույթի նախարարությանը` հրատարակմանն աջակցելու համար, ապա նշեց, որ գիրքը շուրջ ութ տարվա աշխատանքի արդյունք է, պարունակում է շուրջ 250 տեղեկատվական աղբյուրների վերլուծություն եւ նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին` ամփոփելով 25 տարիների ընթացքում Հայաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերություններն ու միտումները: Շնորհանդեսին ներկա օրենսդիրներն ու գիտնականները բարձր գնահատեցին կատարված աշխատանքն ու նաեւ անկեղծացան իրենց մտորումներով:«ԱՅՆ ՌՈՄԱՆՏԻԶՄԸ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ 
ՓՈԽՎԵԼ Է, ԱՆՀԻՄՆ Է»«Աշխատությունն իր բնույթով աշխարհաքաղաքական է և աշխարհատնտեսական: Լրագրության առումով ևս, այստեղ կան բավականին լուրջ ուսումնասիրություններ, ինչպես նաև կա պատմական անդրադարձ: Չէի ասի, որ գրքում ներկայացնում եմ վերջին ատյանի ճշմարտությունը, բայց կարծում եմ` այն մտքերը, որոնք արտահայտված են այստեղ, քննարկման արժանի են, ուստի` դրանց շուրջ պատրաստ եմ քննարկել ցանկացած առաջարկություն կամ դիտողություն»,- ասաց Հ. Բաբուխանյանը:
Ի դեպ, գրքում ներկայացված է նաև միջազգային հարաբերությունների նոր համակարգի ձևավորումը ներկա փուլում. «Աշխարհը փոխվում է: Եթե շուրջ երկու տասնամյակ` 1991-ից մինչև 2011 թվականը, ունեինք միաբևեռ աշխարհ, ապա դրանից հետո ունենք արդեն նոր համակարգ ու բազմաբևեռ աշխարհ: Ընդ որում` բևեռների քանակը տարբերվում է նախկինից, որովհետև հիմա ավելացել է նաև Չինաստանը»:
Գրքում մանրամասն ուսումնասիրվել է տարածաշրջանային բոլոր պետությունների միջազգային հարաբերությունները միմյանց հետ, գերտերությունների հետ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության դերը և մեր հաղթական լծակները միջազգային հարաբերություններում. «Հայ ժողովրդի առաջին մեծ լծակը հաղթանակն է Արցախյան պատերազմում, մեր քրիստոնեությունն է, մեր Առաքելական եկեղեցին է, մեր Սփյուռքն է, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն է, մեր անդամակցությունն է ՀԱՊԿ-ին և ԵՏՄ-ին, Հայաստանի միջնորդական հնարավորություններն են և մեր երկրի աշխարհագրական դիրքը»: 
Գրքում հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությանը Թուրքիայի նկատմամբ, որն ազդարարեց ՀՀ նախագահը 2008-ին Մոսկվայում. «Փորձեցի հատուկ ուշադրություն դարձնել դրան և ապացուցել, որ այդ նախաձեռնողական քաղաքականությունը մեր երկրին բերեց մեծ հաջողություն և հաղթանակ: Իհարկե, արձանագրություն` որպես այդպիսին, չստորագրվեց, և հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ չձևավորվեցին, բայց, այնուամենայնիվ, այն քաղաքական դիվիդենտները, որ կարողացանք քաղել, այսպես կոչված, ֆուտբոլային դիվանագիտության ընթացում, ակնառու էին: Եվ կարծում եմ` դրանց մեջ պետք է կարողանանք նոր նախաձեռնություններ տեսնել, որովհետև հաղթում է այն ազգը, այն պետությունը, որը նախաձեռնող է»:
«Գրքում Թուրքիան ներկայացված է` որպես ցեղասպանաստեղծ պետություն, այսինքն` մենք պետք է հասկանանք, որ այն ռոմանտիզմը, որը կար 90-ական թվականներին որոշ կուսակցությունների մոտ, հիմնավոր չէ: Այն ռոմանտիզմը, որ Թուրքիան փոխվել է, դարձել է եվրոպական երկիր, գնում է դեպի եվրոպական արժեքները, ցավոք սրտի, անհիմն է: Թուրքիան ինչպես կար ցեղասպան պետություն, այնպես էլ այսօր մնում է ցեղասպանաստեղծ: Պետություն, որը պատրաստ է շարունակել իր ցեղասպան գործողությունները, այդ թվում` հայ ժողովրդի դեմ,- ընդգծում է ԱԺ պատգամավորը:- Հայտնի է, որ Թուրքիան ցանկանում է նաև միջնորդական առաքելություններ ստանձնել, սակայն մենք ապացուցում ենք, որ նա կոնֆլիկտի կողմ է և չի կարող դառնալ միջնորդ»:
Հավելենք, որ գրքում հատուկ ուշադրություն է դարձվել հայ-թուրքական տեղեկատվական պատերազմին, որտեղ ներկայացված է Թուրքիայի կողմից տեղեկատվական պատերազմ վարելու մեթոդներն ու զենքերը և մեր անվտանգության ապահովման հնարավորությունները, ինչն, ըստ հեղինակի, շատ արդիական հարց է: Այս համատեքստում գրքի հեղինակը նշեց, որ աշխատության մեջ ուշադրություն է դարձվել հայ-թուրքական հարաբերություններում մամուլի դերին, մասնավորապես ուսումնասիրվել է 20-րդ դարի, այդ թվում` դարասկզբի մամուլը, Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի և թուրքական մամուլը:
«Հ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ ԳԻՐՔՆ ՈՒՆԻ 
ՈՒՆԻԿԱԼ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ»
Ներկա էին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ԱՄ կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, ԱԺ հանձնաժողովների նախագահներ Ա. Դավթյանը եւ Ա. Զաքարյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, մի շարք պատգամավորներ, գիտնականներ, լրագրողներ, ՍԻՄ կուսակցության ղեկավար կազմը: Ի դեպ, գիրքը, որը պատգամավորի ութ տարիների տքնաջան աշխատանքի արդյունք է, պարունակում է շուրջ 250 տեղեկատվական աղբյուրների վերլուծություն: Շնորհանդեսին ներկա օրենսդիրներն ու գիտնականները բարձր գնահատեցին կատարված աշխատանքն ու նաեւ անկեղծացան իրենց մտորումներով:
«ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ, ՈՐ ԱՅՍ ԳԻՐՔԸ ԿԴԱՌՆԱ ԻՄ ՍԵՂԱՆԻ ԳԻՐՔԸ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ նախ շնորհավորեց, ապա շնորհակալություն հայտնեց Հ. Բաբուխանյանին` նման լայնածավալ աշխատանքի համար. «Համոզված եմ, որ այս գիրքը կդառնա իմ սեղանի գիրքը: Գաղտնիք չէ, որ հայ-թուրքական հարաբերություններն ունեն հարյուրամյակների պատմություն, բայց ավելի քննարկվող և արդիական է այդ հարաբերությունների վերջին 25 տարիները: Եվ այս գրքին կարելի է նաև տալ «Հայ-թուրքական հարաբերությունների ամփոփագիրք» վերնագիրը, որովհետև շատ մանրակրկիտ ուսումնասիրված են բոլոր դետալները: Ընդ որում` նույնիսկ այնպիսի դետալներ, որոնք հայտնի չէր մեր հանրությանը, կարողացա գտնել այս գրքի մեջ: Մենք պետք է կարողանանք նաև մեր երիտասարդ սերնդին հորդորել, որ ծանոթանան այս գրքին, որպեսզի առավել մանրամասն հասկանան մեր ոխերիմ «բարեկամի» գործողությունները, որոնք կապված են մեր հետ ունեցած հարաբերությունների հետ»:

«ԳԻՐՔՆ ՈՒՆԻ ՈՉ ՄԻԱՅՆ 
ԳԻՏԱԿԱՆ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ, ԱՅԼ  ԿԻՐԱՌԱԿԱՆ 
ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ»
«Ընթերցողին առաջարկված է շատ լուրջ մի աշխատություն, մեծածավալ գործ, և ուրախությամբ ուզում եմ նշել, որ սա մեր պատգամավորների առաջին գիտական-գրական ստեղծագործությունը չէ, որովհետև շատերն են մեր կոլեգաների մեջ այս տարիների ընթացքում լուրջ աշխատություններով հանդես եկել, այդ թվում և պարոն Բաբուխանյանն է ունեցել բավականին տաղանդավոր գործեր»,- նշեց ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆՆ ու ընդգծեց. «Գրքում շուրջ 250 գիտական աղբյուրներ, հսկայական մամուլ է ուսումնասիրված, և եզրահանգումներ են արված, որոնք հիմնված են որոշակի օրինաչափությունների վրա: Կարծում եմ` գիրքն ունի ոչ միայն գիտական, ստեղծագործական, այլ նաև կիրառական մեծ նշանակություն և դեռ կունենա, որովհետև, ինչքան էլ մեր հարաբերությունները ոխերիմ «բարեկամների» հետ 100-ամյակների պատմություն ունեն, այնուամենայնիվ, դրանք դեռ մեծ ապագա են ունենալու»: Հետևաբար. «Եթե այսօր շարունակվում է պատերազմը ռազմի դաշտում, ապա այլ ձևով շարունակվում է տեղեկատվական պատերազմը, և այդ իմաստով այս աշխատությունը շատ կարևոր է: Կուզենայի, որ իսկապես, պատգամավորներս ծանոթանայինք և կիրառեինք այն մեր խորհրդարանական դիվանագիտության աշխատանքում: Կուզենայի նաև, որ մեր շատ սիրելի լրագրողները ևս խորապես ուսումնասիրեին այն, որովհետև գիրքը լուրջ խրատ և մեթոդիկա է պարունակում»:

«ԱՅՍ ԳԻՐՔԸ, ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ` ԿԹԱՐԳՄԱՆՎԻ ԳՈՆԵ ԱՆԳԼԵՐԵՆ, ՖՐԱՆՍԵՐԵՆ, ԳԵՐՄԱՆԵՐԵՆ ԵՎ ԼԱՅՆ ՏԱՐԱԾՈՒՄ ԿԳՏՆԻ»
Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆՆ ասաց. «Երբ առաջին անգամ գիրքը սկսեցի թերթել, ակամայից հիշեցի երջանկահիշատակ մեծ գիտնական Ջոն Սահակի Կիրակոսյանին, որը դեռ 60-ականների վերջին շատ հետաքրքիր մի գիրք գրեց` «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» վերնագրով: Հետո այդ մեծ հայրենասերի գործը շարունակեց իր որդին` հարգարժան Արման Ջոնի Կիրակոսյանը, որը հոր անտիպ գործերը նույնպես հրատարակեց, և մեծ արձագանք գտան այդ աշխատությունները` հատկապես գիտական շրջանակներում: Այդ շնորհակալ գործը շարունակեց Ռուբեն Սաֆրաստյանը, Վալերի Թունյանը և շատերը: Ինչու եմ այս բոլորը հիշում, որովհետև Հայկ Բորիսիչի գիրքն իրենց աշխատությունների տրամաբանական շարունակությունն է արդեն նորագույն շրջանում»: Ա. Գեղամյանի կարծիքով. «Այս գիրքը, համոզված եմ` կթարգմանվի գոնե անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և լայն տարածում կգտնի խորհրդարանական այն լսարաններում, որոնց Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է: Կարծում եմ` տիկին Նաղդալյանն անպայման ԵԽԽՎ-ում դա կտարածի, հնարավորության դեպքում` ես էլ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում: Հավատացնում եմ` սա հերթական շոշափելի գործը կլինի միտված Հայ դատի հաղթանակման, Հայոց ցեղասպանության ոչ միայն ճանաչման, այլ նաև դրա ժխտումը քրեորեն հետապնդելու սուրբ առաքելության»:

«ԳԻՐՔԸ ԿԼԻՆԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ  
ՆԱԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆՆ էլ նկատեց. «Ասեմ, որ գրքի ներածական մասում հայ-թուրքական փոխհարաբերությունների պատմության վերաբերյալ կա փոքրիկ ակնարկ, որտեղ շատ դիպուկ բնորոշում է տրված` հազարամյա դաժան կոնֆլիկտի պատմություն… Կարծում եմ` կհամաձայնեն բոլորը, որ ամենևին էլ դյուրին չէր անդրադառնալ այդ հազարամյա պատմության մի փոքրիկ ժամանակահատվածին` 25 տարիներին: Այս առումով, նախևառաջ, պետք է այդ իրավունքը վաստակած լինես, որպեսզի հավուր պատշաճի վստահությամբ անդրադառնաս հարցին, ինչը մեր հարգարժան ընկերոջ կողմից առկա է»:
Ա. Դավթյանը իրավացիորեն շեշտեց, որ 1991-2016 թթ. ժամանակահատվածը ոչ միայն մեր անկախ պետականության 25-ամյա հաղթանակի ժամանակահատվածն է, այլ նաև գրքի հեղինակի հրապարակային, հասարակական-քաղաքական գործունեության ակտիվ ժամանակահատվածը. «Կարծում եմ` ոչ միայն ընթերցողի համար գիրքը կլինի արժեքավոր և հետաքրքիր, այլ նաև փորձագիտական լայն շրջանակների համար»:

«ԱՅՍ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ 
ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ 
ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ»
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ ևս գտնում է, որ այս գիրքը կարող է պատմագիտական առումով շատ մոտ ապագայում ունենալ մեծ նշանակություն ու դառնալ ուսումնական ձեռնարկ` նկատի ունենալով այն հսկայական բազան, որը դրված է այս գրքի հիմքում. «Այս աշխատության մեջ բազմաթիվ վերլուծություններ, կանխատեսումներ են արված, որոնք տրամաբանության մեջ հուշում են ապագա զարգացումների մասին, ինչը չի կարող անուշադրության մատնվել քաղաքական գործիչների կողմից: Գիրքն ինձ համար հատկապես կարևորվեց տեղեկատվական պատերազմի անդրադարձով: Չունենալով Թուրքայի հետ ուղղակի և անուղղակի հարաբերություններ` տեղեկատվական դաշտը միշտ եղել է մեր ուշադրության կենտրոնում, որովհետև տեղեկատվական պատերազմի համար չկան բաց և փակ սահմաններ: 21-րդ դարի անընդհատ քաղաքական գործընթացների հիմքում դրված է հիմնական տեղեկատվական հոսքերը, թիրախները, որոնք Թուրքիան կիրառում է ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի նկատմամբ»: Հ. Բաբուխանյանի երկարատև ուսումնասիրության մեջ Ա. Զաքարյանը հատկապես կարևորեց այն ժամանակահատվածը, որի ընթացքում մենք կամա, թե ակամա ստիպված ենք եղել հարաբերվել Թուրքիայի հետ` որպես անկախ պետություն, որպես հարևան պետություն. «Ապագայում էլ Թուրքիան մեզ համար միշտ պետք է լինի ուշադրության կենտրոնում, անկախ նրանից` ինչպիսին կլինեն մեր հարաբերությունները»:

«ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ 
ՇԱՏ ՇԱՀԵԿԱՆ Է»
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ, ով, ի դեպ, ժամանակին եղել է Հ. Բաբուխանյանի թեկնածուական ատենախոսության ընդդիմախոսը` անդրադառնալով գրքի գիտական արժեքին` ասաց. «21-րդ դարում, ինչպես հայտնի է, ավելի շատ ստացված են այն հետազոտությունները, որոնք միջգիտակարգային են լինում: Այս պարագայում հիմքը և ուսումնասիրությունը շատ շահեկան կարգավիճակում է, քանի որ հեղինակը և՛ լրագրող է` լրատվական դաշտի քաջածանոթ ներկայացուցիչ, և՛ քաղաքական դաշտի հմուտ խաղացող: Ուստի` հետազոտությունն, ըստ էության, արված է այս երկու գիտակարգերի համադրմամբ, որն ավելի համակողմանի և ամբողջական է դարձրել աշխատությունը»: Նա կարևորեց այն, որ գրքում ուսումնասիրված է թուրքական մամուլը` համեմատելով այն հայկականի հետ. «Ուսումնասիրության մեջ դրված է այս հարաբերությունների քննարկման լայն վեկտորը, և հետաքրքիր է Թուրքիայի մամուլում առկա ազգայնամոլական տարրերի վերհանումը, որը տեղ է գտնում այդ երկրի պրակտիկ քաղաքականության մեջ: Այսինքն` այն դրույթները, այն այլատյաց մոտեցումները, որոնք կան լրատվամիջոցներում, դրանք նաև նույնությամբ տեղափոխվում են քաղաքական դաշտ»: Ռ. Մելքոնյանը նաև փաստեց. «Ուստի` շատ ճիշտ է, որ մեր պառլամենտական շրջանակները նույնպես համարժեք պատասխան տան ոչ այնքան գիտական, որքան քաղաքական և քաղաքագիտական տեսանկյունից: Եվ այս առումով գիրքն ունի ունիկալ նշանակություն: Միանում եմ բոլոր շնորհավորանքներին և մաղթում պարոն Բաբուխանյանին, որ իր ունեցած այս միջգիտակարգային գիտելիքները` և՛ լրագրության, և՛ քաղաքագիտության մեջ հետագայում ևս ամփոփի նման կոնկրետ արդյունքներով»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА