ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այն ռոմանտիզմը, որ Թուրքիան փոխվել է, անհիմն է». Հ. Բաբուխանյան

09.02.2017 15:24 Միջոցառումներ
«Այն ռոմանտիզմը, որ Թուրքիան փոխվել է, անհիմն է». Հ. Բաբուխանյան

ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, բանասիրական գիտությունների թեկնածու ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ  ընթերցողների դատին հանձնեց իր հեղինակած «Հայ-թուրքական փոխհարաբերությունները եւ ինֆորմացիոն պատերազմը (1991-2016 թթ.)» գիրքը: Ազգային ժողովում կայացած գրքի շնորհանդեսի ժամանակ պատգամավորը նախեւառաջ շնորհակալություն  հայտնեց մշակույթի նախարարությանը՝ աշխատության հրատարակմանն աջակցելու համար, ապա նշեց, որ գիրքը շուրջ ութ տարվա աշխատանքի արդյունք է եւ նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյա  տարեդարձին: Այն իր մեջ ամփոփում է մեր անկախության 25 տարիների ընթացքում  Հայաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերությունները, դրանց զարգացումներն ու միտումները:Фото Sarafyan Hrant.

«Աշխատությունն իր բնույթով աշխարհաքաղաքական է եւ աշխարհատնտեսական: Նշեմ, որ լրագրության առումով եւս այստեղ կան բավականին լուրջ ուսումնասիրություններ, ինչպես նաեւ կա պատմական անդրադարձ: Չէի ասի, որ գրքում ներկայացնում եմ վերջին ճշմարտությունը, բայց կարծում եմ՝  այն մտքերը, որոնք արտահայտված են այստեղ քննարկման արժանի են, ուստի՝ դրանց շուրջ պատրաստ եմ քննարկել ցանկացած առաջարկություն կամ դիտողություն», - ասաց Հ. Բաբուխանյանը:

ՍԻՄ կուսակցության նախագահը հիշեցրեց, որ հայ-թուրքական կոնֆլիկտն աշխարհում ամենահին կոնֆլիկտներից մեկն է եւ ունի հազար տարվա պատմություն. «11-րդ դարից սկսած, երբ 1064 թվականին թուրքերի գրոհների տակ ընկավ մայրաքաղաք Անին,  մինչեւ օրս ունենք հայ-թուրքական կոնֆլիկտ, որը կբաժանեի մի քանի մասի: Առաջինը՝ 11-րդ դարից մինչեւ 20-րդ դարի սկիզբն է, երկրորդը՝ 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած ցեղասպանությունից մինչեւ 1923 թվականը, Հայաստանի Խորհրդային Հանրապետության շրջանն առանձին փուլ է եւ վերջին՝ անկախորթյան 25 տարիներն արդեն մեր նորագույն պատմությունն է, որն ուսումնասիրված է գրքում»:

Ի դեպ, գրքում ներկայացված է նաեւ միջազգային հարաբերությունների նոր համակարգի ձեւավորումը ներկա փուլում, ինչի մասին  Հ. Բաբուխանյանը նկատեց. «Աշխարհը փոխվում է: Եթե շուրջ երկու տասնամյակ՝ 1991-ից մինչեւ 2011 թվականը, ունեինք միաբեւեռ աշխարհ, ապա դրանից հետո ունենք արդեն  նոր համակարգ ու բազմաբեւեռ աշխարհ: Ընդորում՝ բեւեռների քանակը տարբերվում է նախկինից, որովհետեւ հիմա ավելացել է նաեւ Չինաստանը»:

Фото Sarafyan Hrant.Հաշվի առնելով վերոնշյալը՝ պատգամավորը գրքում մանրամասն ուսումնասիրել է բոլոր տարածաշրջանային պետությունների միջազգային հարաբերությունները միմյանց հետ, գերտերությունների հետ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության դերը եւ մեր հաղթական լծակները միջազգային հարաբերություններում: Անդրադառնալով մեր ազգի հաղթական լծակներին՝ Հ. Բաբուխանյանը բացեց փակագծերը. «Հայ ժողովրդի առաջին մեծ լծակը հաղթանակն է Արցախյան պատերազմում, մեր քրիստոնեությունն է, մեր Առաքելական եկեղեցին է, մեր Սփյուռքն է, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն է, մեր անդամակցությունն է ՀԱՊԿ-ին եւ ԵՏՄ-ին, Հայաստանի միջնորդական հնարավորություններն են եւ մեր երկրի աշխարհագրական դիրքը»: 

Թեպետ շատերի մոտ կարծիք է ձեւավորվել, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը վատն է, բայց գրքի հեղինակը փորձել է իր աշխատության մեջ ընդգծել դրա առավելությունները՝ համոզմամբ, որ պարզապես, պետք է այն լավ օգտագործենք:

Գրքում հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի նախաձեռնողական քաղաքականությանը  Թուրքիայի նկատմամբ, որը ազդարարեց երկրի նախագահը 2008 թվականին Մոսկվայում: Այս մասին հեղինակը շեշտեց. «Փորձեցի հատուկ ուշադրություն դարձնել դրան եւ ապացուցել, որ այդ նախաձեռնողական քաղաքականությունը մեր երկրին բերեց մեծ հաջողություն եւ հաղթանակ: Իհարկե, արձանագրություն, որպես այդպիսին, չստորագրվեց եւ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ չձեւավորվեցին, բայց, այնուամենայնիվ, այն քաղաքական դիվիդենտները, որ կարողացանք քաղել, այսպես կոչված, ֆուտբոլային դիվանագիտության ընթացում, ակնառու էին: Եվ կարծում եմ՝ դրանց մեջ պետք է կարողանանք նոր նախաձեռնություններ տեսնել, որովհետեւ հաղթում է այն ազգը, այն պետությունը, որը նախաձեռնող է: Իսկ այն պետությունները, որոնք չեն դրսեւորում նախաձեռնություններ, հետ են մնում»:

Աշխատության մեջ վերլուծվել է նաեւ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եւ միջազգային հարաբերությունները, մասնավորապես՝ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը, նեոօսմանիզմը, երբ  Թուրքիան իր պանթուրքիզմի եւ պանիսլամիզմի խառնուրդ գաղափարախոսությունը տարածում է աշխարհի տարբեր երկրներում՝ լինի Մերձավոր Արեւելքը, լինի Ռուսաստանը, Եվրոպան, Միջին Ասիան եւ այլն:

«Գրքում Թուրքիան ներկայացված է՝ որպես ցեղասպանաստեղծ պետություն, այսինքն՝ մեФото Sarafyan Hrant.նք պետք է հասկանանք, որ այն ռոմանտիզմը, որը կար 90-ական թվականներին որոշ կուսակցությունների մոտ, հիմնավոր չէ: Այն ռոմանտիզմը, որ Թուրքիան փոխվել է, դարձել է եվրոպական երկիր, գնում է դեպի եվրոպական արժեքները, ցավոք սրտի, անհիմն է: Թուրքիան ինչպես կար ցեղասպան պետություն, այնպես էլ այսօր մնում է ցեղասպանաստեղծ: Պետություն, որը պատրաստ է շարունակել իր ցեղասպան գործողությունները, այդ թվում՝ հայ ժողովրդի դեմ», - ընդգծում է ԱԺ պատգամավորը:

«Հայ-թուրքական փոխհարաբերությունները եւ ինֆորմացիոն պատերազմը 1991-2016 թթ.» գրքում Թուրքիան ներկայացված է որպես Արցախյան կոնֆլիկտի չորրորդ կողմ, ինչի վերաբերյալ Հ. Բաբուխանյանն ասաց. «Հայտնի է, որ Թուրքիան ցանկանում է նաեւ միջնորդական առաքելություններ ստանձնել, սակայն մենք ապացուցում ենք, որ նա կոնֆլիկտի կողմ է եւ չի կարող դառնալ միջնորդ»:

Հավելենք, որ գրքում հատուկ ուշադրություն է դարձվել հայ-թուրքական տեղեկատվական պատերազմին, որտեղ ներկայացված է Թուրքիայի կողմից տեղեկատվական պատերազմ վարելու մեթոդներն ու զենքերը եւ մեր անվտանգության ապահովման հնարավորությունները, ինչն, ըստ հեղինակի, շատ արդիական հարց է: Այս համատեքստում գրքի հեղինակը ի գիտություն լրագրողների նշեց, որ աշխատության մեջ  ուշադրություն է դարձվել հայ-թուրքական հարաբերություններում մամուլի դերին, մասնավորապես ուսումնասիրվել է 20-րդ դարի, այդ թվում՝ դարասկզբի մամուլը, Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի եւ  թուրքական մամուլը. «Համադրական վերլուծություն է կատարվել այդ ուղղությամբ, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել մամուլում քննարկվող թեմաներին եւ մամուլի դերին այս գործընթացի մեջ»:

Եվ վերջապես՝ գիրքն ավարտվում է ուսումնասիրությամբ, թե հայ-թուրքական հարաբերություններում ինչպիսի այլընտրանքային համակարգեր են այսօր ձեւավորված, որոնք ԱԺ պատգամավորի գնահատմամբ` երկուսն են. «Առաջինը քաղաքացիական նախաձեռնություններն են եւ երկրորդը՝  առեւտրատնտեսական կապերը, որոնք այս կամ այն չափով, այնուամենայնիվ, կան»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА