ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԻՄ-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ...

09.02.2017 15:27 Հրապարակումներ
ՍԻՄ-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ...


«Բելառուսի իշխանությունների արտասովոր որոշումը դժվար վիճակի մեջ է դնում այդ երկրի բարեկամներին, քանի որ դժվար է բացատրել, թե ինչպես նման բան կարող է պատահել քիչ թե շատ ժողովրդավար հասարակությունում»,- «Արգումենտի Նեդելի» թերթին ասել է ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ` Ալեքսանդր Լապշինի` Բաքվի ցուցումով Մինսկում կալանավորման եւ Ադրբեջանին հանձնելու որոշումը մեկնաբանելիս:«Տեղաշարժման ազատությունը ցանկացած մարդու իրավունքն է, իսկ լրագրողի համար դա նաեւ իր աշխատանքի հիմքն է, եւ այդպիսի անհարգելի վերաբերմունքը մարդու հիմնարար ազատություններին, լրագրողի աշխատանքին, ոչ մի կերպ չի տեղավորվում քաղաքակիրթ հասարակության շրջանակների մեջ»:
Հ. Բաբուխանյանը նաեւ նշել է, որ միայն ԼՂՀ ժողովուրդը կարող է որոշել իր ճակատագիրը: Դա նույնպես ժողովրդավարության եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: «Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Բելառուսը եւ ո՛չ էլ որեւէ մեկ այլ երկիր իրավունք չունի կարգադրելու ԼՂՀ-ի ժողովրդին` որտեղ, ինչպես եւ ում հետ ապրել: Բելառուսի իշխանություններին պարզ բացատրեցին, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը  միջազգային իրավունքի հարց է, եւ ԵԱՀԿ-ն ստեղծել է միջնորդների հատուկ խումբ, որը ճակատագրի հեգնանքով կոչվում է Մինսկի խումբ: Միջազգային իրավունքի քիչ թե շատ պատասխանատու սուբյեկտները ձգտում են դուրս չգալ այն գործընթացի շրջանակներից, որը տարվում է Մինսկի խմբի համանախագահների կողմից»,- ասում է Հ. Բաբուխանյանը:
Լրագրողի այն հարցին, թե ի վերջո ինչով է բացատրում Բելառուսի նախագահի` Լապշինի վերաբերյալ նման տարօրինակ որոշումը, Հ. Բաբուխանյանը նշում է, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ ցածր գներով, իսկ երբեմն էլ` անվճար նավթ է տրամադրում: Իսկ Ռուսաստանը ընդհակառակը` Բելառուսին նավթ տրամադրելու վրա որոշակի սահմանափակումներ է դրել, եւ չի բացառվում, որ Լապշինի հարցում Բելառուսը փորձում էր լուծել իր տնտեսական խնդիրները. «Սակայն բոլոր դեպքերում այդ քայլը, նույն Բելառուսի համար, ունի շատ անգամ քիչ պլյուսներ, քան` մինուսներ: Այդպիսի բարդ քաղաքական հարցերում չի կարելի կիրառել զուտ հաշվապահական մոտեցում, եւ ես ու մեր կուսակցությունը կոչ ենք անում Բելառուսի իշխանություններին` վերանայել իրենց դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ»,- ամփոփել է Բաբուխանյանը: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА