ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄԵՆՔ ՍՏԵՂԾԵՑԻՆՔ ԱՊՀ-Ն ԵՎ ԼԱՎ ԱՐԵՑԻՆՔ»

09.02.2017 15:29 Հրապարակումներ
«ՄԵՆՔ ՍՏԵՂԾԵՑԻՆՔ ԱՊՀ-Ն ԵՎ ԼԱՎ ԱՐԵՑԻՆՔ»

Sputnik-Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցավ տեսակամուրջ` ԱՊՀ ստեղծման 25-ամյակի կապակցությամբ, Երեւան-Մոսկվա-Աստանա-Բաքու-Բիշքեկ-Քիշնեւ-Մինսկ տեսակամուրջ` «Անկախ պետությունների համագործակցության 25 տարին. կորուստների եւ ձեռքբերումների ուղին» թեմայով:
1991թ.-ի դեկտեմբերի 21-ին 11 պետությունների ղեկավարները (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Մոլդովա, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան եւ Ուկրաինա) ստորագրեցին Ալմաթիի հռչակագիրը, որում ամրագրեցին ԱՊՀ ստեղծման եւ գործունեության սկզբունքները: 1991թ.-ի դեկտեմբերին ԱՊՀ-ին միացավ Վրաստանը, որը Միության կազմից դուրս եկավ 2008թ.-ին:
Միջոցառման մասնակիցները ներկայացրին, թե 25 տարվա ընթացքում ինչ արդյունքներ են գրանցել ԱՊՀ անդամ երկրներում, պատմեցին տնտեսական, քաղաքական, սոցիալական եւ մարդասիրական ոլորտների ձեռքբերումների, նախագծերի մասին, որոնք կյանքի են կոչվել քառորդ դարի ընթացքում, եւ այն նախաձեռնությունների մասին, որոնք մնացել են թղթի վրա:
Հայաստանյան կողմը ներկայացնում էր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Գիտության եւ կրթության հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը, ով նախ շնորհավորեց  ներկաներին, բոլորին` ԱՊՀ կայացման 25-ամյակի կապակցությամբ, այնուհետ ասաց. «ԱՊՀ-ն արդեն ապացուցել է իր կենսունակությունը: Ինչ խոսք, երբ 25 տարի առաջ ԽՍՀՄ-ն ընկավ, հարկավոր էր նոր ֆորմատ ձեւավորել: Մենք ունենք նման այլ օրինակներ,  թե ինչպես Բրիտանական կայսրության կազմալուծվելուց հետո ձեւավորվեց մեկ այլ միություն: Մենք ստեղծեցինք ԱՊՀ-ն եւ լավ արեցինք: Անցանք բավականին բարդ եւ դժվար ուղի: Չնայած  ճգնաժամային բազմաթիվ  իրավիճակններին, որոնք մենք հաղթահարեցինք, այնուամենայնիվ, մեր ընդհանուր շահերի համար պահպանեցինք ԱՊՀ-ն` դրանով իսկ առանց վիզայի ռեժիմը, ազատ առեւտրի գոտին: Այնուհետ փոխվեց զարգացումների վեկտորը 180 աստիճանով, եւ կենտրոնախույս ձգտումների փոխարեն, առաջ եկան համախմբման ցանկությունները: ԱՊՀ հիմքի վրա ստեղծվեց ՀԱՊԿ-ն, այնուհետ Եվրասիական տնտեսական միությունը: Աշխարհը փոխվել է: Մենք անցանք մի ուղի, երբ ընկավ ԽՍՀՄ-ը, եւ մենք հայտնվեցինք միաբեւեռ աշխարհակարգի մեջ: Իսկ հիմա աշխարհը գնում է բազմաբեւեռ ուղիով, նոր պահանջներով: Ես վաղուց աշխատում եմ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովում, եւ այն որոշումերը, որոնք ընդունվում են այդ հարթակում, բնականաբար օգնում են մեր երկրների ազգային օրենսդրությունների  կայացմանը: Մենք ընտրությունների ժամանակ մեկնում ենք ԱՊՀ տարբեր երկրներ, որը եւս կարեւոր ֆունկցիա է: Շատ կարեւոր են քաղաքական, տարաբնույթ մշակութային հանդիպումները, շփումները, կարծիքների փոխանակումը եւ այլն: Հուսով եմ, որ ԱՊՀ ստեղծման 30-ամյակին լուծած կլինենք բազմաթիվ` դեռեւս գոյություն ունեցող խնդիրներ: Մենք դեռ շատ անելիքներ ունենք: Ես վստահ եմ, որ մեր երկրները կարող են ընդհանուր համագործակցության մեխանիզմներ գտնել եւ հինգ տարուց կարող ենք զեկուցել  նոր ձեռքբերումների մասին»:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА