ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մենք ստեղծեցինք ԱՊՀ-ն եւ լավ արեցինք». Հայկ Բաբուխանյան

21.12.2016 20:08 Ասուլիսներ
«Մենք ստեղծեցինք ԱՊՀ-ն եւ լավ արեցինք». Հայկ Բաբուխանյան

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այսօր տեղի ունեցավ տեսակամուրջ ԱՊՀ ստեղծման 25–ամյակի կապակցությամբ, Երևան–Մոսկվա–Աստանա–Բաքու–Բիշքեկ–Քիշնև–Մինսկ տեսակամուրջ` «Անկախ պետությունների համագործակցության 25 տարին. կորուստների եւ ձեռքբերումների ուղին» թեմայով։
1991թ-ի դեկտեմբերի 21-ին 11 պետության ղեկավարները (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Բելառուսի, Ղազախստան, Ղրղըզստան, Մոլդովա, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Ուկրաինա) ստորագրեցին Ալմաթիի հռչակագիրը, որում ամրագրեցին ԱՊՀ ստեղծման և գործունեության սկզբունքները։ 1991թ-ի դեկտեմբերին ԱՊՀ-ին միացավ Վրաստանը, որը միության կազմից դուրս եկավ 2008թ-ին։

Միջոցառման մասնակիցները ներկայացրեցին, թե 25 տարվա ընթացքում ինչ արդյունքներ են գրանցել ԱՊՀ անդամ երկրներում, պատմեցին տնտեսական, քաղաքական, սոցիալական և մարդասիրական ոլորտների ձեռքբերումների, նախագծերի մասին, որոնք կյանքի են կոչվել քառորդ դարի ընթացքում, եւ այն նախաձեռնությունների մասին, որոնք մնացել են թղթի վրա։

«Մենք ստեղծեցինք ԱՊՀ-ն եւ լավ արեցինք». Հայկ ԲաբուխանյանՀայաստանյան կողմը ներկայացնում էր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Գիտության եւ կրթության հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը, ով նախ շնորհավորեց  ներկաներին, բոլորին ԱՊՀ կայացման 25-ամյակի կապակցությամբ, այնուհետ ասաց. «ԱՊՀ-ն արդեն ապացուցել է իր կենսունակությունը: Ինչ խոսք, երբ 25 տարի առաջ ԽՍՀՄ-ն ընկավ հարկավոր էր նոր ֆորմատ ձեւավորել: Մենք ունենք նման այլ օրինակներ,  թե ինչպես Բրիտանական կայսրության կազմալուծվելուց հետո ձեւավորվեց մեկ այլ միություն: Մենք ստեղծեցինք ԱՊՀ-ն եւ լավ արեցինք: Անցանք բավականին բարդ եւ դժվար ուղի: Չնայած  ճգնաժամային բազմաթիվ  իրավիճակնների, որոնք մենք հաղթահարեցինք, այնուամենայնիվ մեր ընդհանուր շահերի համար պահպանեցինք ԱՊՀ-ն, դրանով իսկ առանց վիզայի ռեժիմը, ազատ առեւտրի գոտին: Այնուհետ փոխվեց զարգացումների վեկտորը 180 աստիճանով եւ կենտրոնախույզ ձգտումների փոխարեն առաջ եկան համախմբման ցանկությունները: ԱՊՀ հիմքի վրա ստեղծվեց ՀԱՊԿ-ը, այնուհետ Եվրասիական տնտեսական միությունը: Աշխարհը փոխվել է: Մենք անցանք մի ուղի, երբ ընկավ ԽՍՀՄ-ը եւ մենք հայտնվեցինք միաբեւեռ աշխարակարգի մեջ: Իսկ հիմա աշխարհը գնում է բազմաբեւեռ ուղիով, նոր պահանջներով: Ես վաղուցվանից աշխատում եմ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովում եւ այն որոշումերը, որոնք ընդունվում են այդ հարթակում, բնականաբար օգնում են մեր երկրների ազգային օրենսդրությունների  կայացմանը: Մենք մեկնում ենք ԱՊՀ տարբեր երկրներ ընտրությունների ժամանակ, որը եւս կարեւոր ֆունկցիա է: Շատ կարեւոր են քաղաքական, տարաբնույթ մշակութային հանդիպումները, շփումները, կարծիքների փոխանակումը եւ այլն: Հուսով եմ, որ ԱՊՀ ստեղծման 30-ամյակին լուծած կլինենք բազմաթիվ դեռեւս գոյություն ունեցող խնդիրներ: Մենք դեռ շատ անելիքներ ունենք: Ես վստահ եմ, որ մեր երկրները կարող են գտնել մեխանիզմներ ընդհանուր համագործակցության եւ հինգ տարուց կարող ենք զեկուցել  նոր ձեռքբերումների մասին»:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА