ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է «ՆԱԻՐԻՏԻ» ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ

02.09.2016 19:47 ԶԱՐԿԵՐԱԿ
ՀՆԱՐԱՎՈ՞Ր Է «ՆԱԻՐԻՏԻ» ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ

Վերջերս հաճախակի են հայտարարություներ լսվում, որ Հայաստանի տնտեսության երբեմնի գիգանտներից մեկը՝ «Նաիրիտ» գործարանը կարող է վերագործարկվել: Թե կա գործարար, ով ցանկություն է հայտնել մեծ ներդրում իրականացնել: Թե վերջին երկուսուկես տասնամյակներին քանի անգամ է խոսվել այս մասին, նույնիսկ դժվարանում ենք հիշել: Այնուամենայնիվ, զրուցեցինք փորձագետների հետ. ո՞վ գիտի, միգուցե, այս անգամ խոսակցությունները ճի՞շտ լինեն:
Գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԸ թերահավատ է.
- Առաջին հերթին` անհրաժեշտ են տեխնիկական եւ ֆինանսական գնահատականներ, քանի որ այս պահին կան երկու հակասական տեսակետներ: Մեկը Համաշխարհային բանկի կարծիքն է, ըստ որի` գործարանի վերականգնման համար անհրաժեշտ է մեծ գումար` մոտ 350 մլն դոլար: Մինչդեռ որոշ մասնագետներ պնդում են, որ շատ ավելի համեստ ներդրումներով գործարանը հնարավոր է վերականգնել: Այսինքն՝ պետք է, օրինակ, ստեղծել լուրջ մասնագիտական հանձնաժողով, որը կկարողանա հստակ գնահատել գործարանի տեխնիկական վիճակը: Վերջին տասը տարիների ընթացքում որոշակի ներդրումներ եղել են, բայց դրանք ավելի շատ խորհրդանշական բնույթ են կրել, քան թե` վերականգնողական: Մինչդեռ խորհրդային տարիներին «Նաիրիտում» պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարելու ժամանակ խոսվում էր 200-250 մլն ռուբլի ներդրման անհրաժեշտության մասին: Այսինքն` այսօր այդ չափի դոլարի ներդրման է հավասար: Բայց եթե այն ժամանակ, երբ գործարանը խնամված էր, պահանջվում էր այդքան գումար, այժմ ինչքա՞ն կպահանջվի: Ճիշտ է` խոսում են վերագործարկումից, բայց դրա անվտանգության չափանիշները հաշվի չեն առնում: Գործարանում շատ խողովակներ կան, որոնք 1930-ականներից օգտագործվում են եւ այսօր փտել են, քիմիական նյութերը, որոնք անցնում են խողովակներով, ներծծվել են մետաղների մեջ: Իսկ դրանք կիսապայթուցիկ են, քայքայող: Մի խոսքով, կա մասնագիտական ամբողջական ուսումնասիրության հստակ գնահատականի անհրաժեշտություն:
Փոխարենը` ԵՊՀ Կառավարման եւ գործարարության ամբիոնի դասախոս, տնտեսագետ ԿԱՌԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ելքեր տեսնում է, թեեւ վիճակը բարդ է.
- «Նաիրիտի» վերագործարկումը լուրջ խթան կհանդիսանա Հայաստանի արդյունաբերության համար, ինչը կնպաստի մեր տնեսության արագ զարգացման տեմպերին: Բնականաբար, գործարանի վերագործարկման հետ կապված որոշակի խնդիրներ կան` տեխնոլոգիական շղթայի ճիշտ կազմակերպման տեսանկյունից եւ արտադրանքի իրացման առումով: Կարծում եմ, որ վերջինը լուրջ խնդիր չէ, այն հեշտ լուծելի են: Առավել լուրջ խնդիրը վերաբերում է տեխնոլոգիական շղթայի ճիշտ կազմակերպմանը: Չենք կարող աչքաթող անել այն հանգամանքը, որ գործարանը կուտակել է որոշակի պարտքեր, եւ առաջին հերթին պետք է մտածել դրանք մարելու մասին: Կարծում եմ` սա է պատճառը, որ գործարանը վերագործարկելու համար բավարար քայլեր չեն ձեռնարկում, որովհետեւ գործընթացը լուրջ ներդրումներ է պահանջում:
Իսկ ահա «Նաիրիտ» գործարանի վերագործարկման նպատակով ցույցերը համակարգող խորհրդի անդամ ԿԱՐԻՆԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ շատ ավելի պարզ իրավիճակ է տեսնում.
- «Նաիրիտի» մասնագետները համոզված են, որ նույնիսկ նախնական 20-25 մլն դոլար ներդրմամբ հնարավոր է գործարանը վերագործարկել: Այնուհետեւ աշխատելով եւ աշխատանքային գործընթացքում ներդնելով 60 մլն դոլար, հնարավոր է ստանալ կաուչուկ: Միֆ են այն խոսակցությունները, ըստ որոնց, հնարավոր չէ այլեւս վերագործարկել գործարանը: 2001 թվականից սկսած խոսակցություններ կային, որ գործարանում ներդրումներ կարվեն, որն այդպես էլ չեղավ: Նույնիսկ այդ պայմաններում գործարանն աշխատեց, այնպես որ՝ ներդրումների դեպքում այն կրկին կաշխատի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА