ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐԿԵՐԱԿ

26.08.2016 21:31 ԶԱՐԿԵՐԱԿ
ԶԱՐԿԵՐԱԿ

Օրերս Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում ավարտվեց Վալերի Պերմյակովի դատավարությունը: Նախորդ տարի հունվարին Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին սպանելու մեջ մեղադրվող Պերմյակովը դատապարտվեց Հայաստանում գործող առավելագույն պատժամիջոցի՝ ցմահ ազատազրկման: Չնայած դրան, հասարակության մեջ դեռեւս մնացել են անպատասխան հարցեր: Օրինակ՝ շատերի համար այդպես էլ գաղտնիք մնաց` Պերմյակովը միայնա՞կ Է կատարել սպանությունը: Կամ նա ինչո՞ւ էր մտել հենց Ավետիսյանների տունը: Ինչեւէ՝ Պերմյակովի դատավարության, ընթացքի եւ արդյունքների շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան որոշ իրավապաշտպանների հետ:
«Լեւ գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար, փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ այս կարծիքին է.
- Տեղի է ունեցել դատաքաննություն եւ օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափը` ցմահ ազատազրկումը տված է: Տեղյակ չլինելով դատավարական նյութերին` կդժվարանամ այլ եզրահանգումներ անել: Միեւնույն ժամանակ, մամուլից ծանոթանալով, ինձ համար տարօրինակ է, որ քաղաքացիական պահանջը չքննվեց տվյալ դատարանի կողմից: Այն դեպքում, երբ տեղի է ունեցել սարսափելի հանցագործություն, օրենքը նախատեսում է համապատասխան վնասի հատուցում, որը, կարծում եմ, պետք է լիներ հենց այդ դատարանում` հենց այդ գործի շրջանակներում: Եվ տարօրինակ է, որ Հայաստանի արդարադատությունն այդ հարթության վրա բացասական դիրքորոշում արտահայտեց: 
Հայաստանի փաստաբանների պալատի անդամ, փաստաբան ՆՈՐԻԿ ՆՈՐԻԿՅԱՆՆ ընդգծեց.
- Այստեղ անսպասելի ոչինչ չկար, բոլորս էլ ակնկալում էինք, որ այդ քստմնելի եւ ծանր հանցագործության համար Պերմյակովը կդատապարտվի ցմահ: Այլ հարց է, թե արդյոք այս դատաքննությունն ամբողջականորեն տվե՞ց այն հարցերի պատասխանները, թե որոնք են այդ հանցագործության պատճառները, Պերմյակովը հանցանքը միայնա՞կ է գործել, թե` ոչ, ինչո՞ւ հենց այդ ընտանիքը եւ այլն: Ցավոք, այս հարցերի պատասխանները դատաքննության ընթացքում հայ հասարակությունը չիմացավ: Զուտ դատավարության առումով իմ անհամաձայնությունն եմ հայտնել եւ ասել, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սխալ որոշում կայացրեց` արտագնա դատական նիստ հրավիրելով: Այժմ հարցերի հարցը այն է, թե Հայաստանի Հանրապետության անունից հրապարակված դատական ակտով սահմանված պատիժը որտե՞ղ  է կրելու Պերմյակովը: Կարծում եմ` ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը հստակ սահմանում է, Հայաստանի Հանրապետության անունից հրապարակված դատական ակտով պատժի ենթարկված անձանց քրեակատարողական հիմնարկներում կրման փաստը: Բայց ակնհայտ է, որ մինչ այս պահը, ֆիզիկական առումով Պերմյակովը չի հանձնվել Հայաստանի իրավազորությանը: Ավելին ասեմ` քանի դեռ դատական ակտը չի մտել իրավասությունների մեջ, չի բացառվում, որ նրանք կբողոքարկեն վերաքննիչ դատարաններում: Այս ամենից հետո միայն հնարավոր կլինի առավել հստակ գնահատական տալ Պերմյակովի դատավարությանը եւ դրա ընթացքին:  
«Իրավաբանների եւ հոգեբանների» միազգային ասոցացիա ՀԿ նախագահ, իրավապաշտպան ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՐՈԶՅԱՆԸ նկատեց.
- Իմ կարծիքով` տեղի է ունեցել արդարացի եւ թափանցիկ դատավարություն:
Մեր երկրի դատարանը գտնվեց իր բարձրության վրա եւ մինչեւ վերջ թափանցիկությունն ու արդար դատը պահեց` պահպանելով բոլոր նորմերը: Ինչ վերաբերում է դատավարության ընթացքում անպատասխան մնացած հարցերին, ապա նման բարդ քրեական գործերի վերջում միշտ էլ հարցականներ մնում են: Իրավաբանության մեջ եղել են ու կլինեն կասկածներ, այդ թվում՝ հիմնավորված կասկածներ են: 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА